–Մենք ո՞ւր, պատերազմն ո՞ւր։ 

Հայրապետ Միքայելյանն ամեն անգամ էսպես էր պատասխանում, երբ հարցնում էին՝ «ի՞նչ կա կռվից»։ «Բայց ինչի՞ մասին ա խոսքը։ Ամեն օր աչքերի առաջ էր։ Անընդհատ տեսնում էր, թե իրա մոտիկ հարազատը, կուրսեցին, իրա կողքին ապրող տղերքը ոնց էին զոհվում, տանկի մեջ ոնց էին այրվում։ Դաժան օրեր ենք ապրել»։ Հայրապետի մայրն է հիշում՝ Հեղինեն։ 

Հայրապետը

Դպրոցն ավարտելուց հետո էնպես ստացվեց, որ Հայրապետս ընդունվեց Վազգեն Սարգսյան, չնայած որ ես դեմ էի։ Ավարտելուց հետո իմ տղային նշանակեցին Ղափանի զորամասում որպես սպա, տանկիստ։ Մի տարի հետո տեղափոխեցին Կուբաթլու, ինքը ամուսնացած էր, իրենց տուն տվեցին, ու ընտանիքի հետ տեղափոխվեցին էնտեղ ապրելու։ Շատ գոհ էին։

2020 սեպտեմբերի 15-ին իրանց չաստով ուղարկեցին Աստրախան զորավարժությունների, մոտ 82 զինվոր էին իրենց սպայական կազմով գնացել, բոլորը շատ լավ ցույց տվեցին, թե ինչ բանակ ենք ունեցել։  Մեդալներ էր ստացել էնտեղից։  Սեպտեմբերի 27-ին պիտի հետ գար, բայց պատերազմն սկսվել էր, խառը վիճակ էր, հետաձգեցին։ Եկան ամսի 30-ին, բայց ես չգնացի դիմավորելու, չէի ուզում։

Պատերազմն սկսվեց 

Որ հետ եկան, միանգամից գնացին Ջաբրայիլ կռվելու։  Զանգում էր, բայց մեզ ոչինչ չի ասել։ Ես չեմ էլ խոսել հետը, 20 օր ես իմ տղայի հետ չխոսեցի։ Մենակ մի անգամ խոսում էին բարձրախոսով, կողքից հարցրեցի՝ հաց կերել ա, ասեց․

–Մամ ջան, էդ ասելու բան ա՞, որ ասում ես։ 

Կնոջ հետ որ խոսում էր, ասում էր՝ «մենք ո՞ւր, պատերազմն ո՞ւր», բայց ինչի՞ մասին ա խոսքը։ Ամեն օր աչքերի առաջ էր։ Անընդհատ տեսնում էր, թե իրա մոտիկ հարազատը, կուրսեցին, իրա կողքին ապրող տղերքը ոնց էին զոհվում, տանկի մեջ ոնց էին այրվում։ Դաժան օրեր ենք ապրել։ 

Տեխնիկաների մոտ են եղել, վերանորոգել են։ Տանկ էին սարքում իրենք, հետո իմացանք, որ դրանք մեր տանկերը չէին, թուրքից առգրաված տանկեր էին, ընկերներով արքում էին, ու հենց էդպես բոյ են տվել թուրքի դեմ։ Պատմում են՝ երբ թուրքերը եկել, գրավել էին մեր տարածքները, մերոնք տանկերով թուրքերի հետևից էին գնում, իրանք էլ փախնում էին, մտնում տները, Հայրապետս ու էլի 3  տանկիստ սպաներով,մեկը մի կողմից, մեկը մյուս մխրճվում էին տան մեջ, իրանք տակն էին մնում, մեռնում։ 

Հոկտեմբերի 14-ին կնոջը երկու անգամ գրել էր՝ «աղոթեք», բայց ես էլի չէի հավատում․ երբեք ինքը չի տրտնջացել։ Դրանից հետո էլ լուր չունեցանք։ Ամսի 15-ին 4 ընկերներով հրաման կատարելիս են եղել, ԱԹՍ–ը եկել ա, հարվածել․ 4–ն էլ զոհվել են։ Տղային վերջին խոսքն էլ եղել ա ՝ «Հրամանդ կատարված ա», ինքը զեկուցել ա։ Դեպքի մասին մենք իմացանք 16-ին։ 

Հայրապետից հետոն

Ու սկսվեցին իմ համար դառը գարունները, դառը աշունները, ձմեռ, ամառ, իմ համար մեկ ա հիմա, մեր համար մեկ ա։ Ինչքան էլ ուզենամ՝ ինչ–որ բանով զբաղվեմ, միևնույն ա չի փրկում։

Հայրապետից հետո գույներն ա գնացել էս երկրի իմ համար։ էնքան գույները սիրող մարդ եմ եղել, մարդիկ որ նեղվում էին, ասում էին՝ «էս ինչ կյանք ա, էս ոնց ենք ապրում», ասում էի՝ «շնորհակալ եղեք, ժողովուրդդ, հաց կա, աշխատաք կա», բոլորին խորհուրդ էի տալիս, հիմա էլ խորհրդատու չեմ։ Տված հողերի վրա կոտորվեցին էս էրեխեքը։ 

Չեմ ուզում մեդալներին նայեմ, չեմ ուզում տեսնեմ՝ ինչի համար են տվել, ինքն ա իմ մեդալը, իմ հպարտությունը ։ Ինքը շատ լավն ա, չեմ ուզում անցյալով խոսեմ, ինքը իմ ներկան ա, իմ ապագան ա։

Հայրապետիս աղջիկը 3 տարեկան էր, որ պատերազմն սկսեց, հարսս հղի էր երեք ամսեկան, ու ինքը չտեսավ իր երկրորդ աղջկան։ Մեծ աղջիկը շուտ–շուտ ա հիշում պապային, նեղացած ա իրա պապայից շատ։ Էն անգամ ասում էր՝ «գոնե պապաս Ռուսաստանից գա»։ Մի օր պապիկի հետ տեղ էինք տանում իրենց, ականջիս ասեց՝ «տատ, մի բան ասեմ, մամային չասես (որ չտխրի): Տատ, էնքան կուզեմ պապիկին ասես` քշի, գնանք պապայի գործի տեղը, մի հատ զանգ տանք, տեսնենք, էլի հետ գնա։ Ինքը հարցեր ա տալիս անընդհատ, բայց ես պատասխաններ չունեմ։

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան

Լուսանկարները՝ Աստղիկ Գաուդյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest