35-ամյա Երվանդ Հովհաննիսյանը 44- օրյա պատերազմի առաջին զոհերից մեկն էր: Նա մահացել է պատերազմի առաջին րոպեների ընթացքում` Մատաղիսում: Մինչ այդ նա հասցրել է զանգել կնոջն ու ասել, որ շտապ վերցնի երեխաներին ու հեռանա գյուղից:
Երվանդի ընտանիքը` կինն ու երեք երեխաները նրա հետ տարիներ շարունակ ապրում էին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, սեփական բնակարանում, եւ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան նրանք իրենց աչքերով են տեսել ու զգացել պատերազմի սկիզբը:
«Ահավոր էր, պայթյուններ էին, ծուխ: Իջել ենք նկուղներ, 7-8 ժամ մնացել ենք: Մեր մեքենան վնասվել էր, չկարողացանք դրանով հեռանալ: Հետո միջնեկ եղբայրս իր մեքենան բերեց, իր մեքենայով մենք շարժվեցինք, հեռացանք Մատաղիսից: Ամենափոքր երեխաս դե շատ փոքր էր, բան չէր հասկանում, իսկ մեծ երկու երեխաներս չէին վախեցել, որովհետեւ նրանք գիտեին, թե պատերազմը ինչ է, 2016-ին էլ այդ ամենը էլի տեսել էին », — պատմում է Թամարան: Նա նշում է, որ հեռանալու պահին ինքը միայն կենտրոնացած էր երեխաներին պատերազմից հեռացնելու եւ անվտանգ տեղ հասցնելու վրա եւ չէր պատկերացնում, որ այլեւս չի տեսնելու ամուսնուն:
Երվանդի ծառայակիցներն ու սպան կնոջն ասել են, որ նա զոհվել է` սրտի հատվածում կրկոց ստանալու հետեւանքով, սակայն Թամարան այլ տեղեկություններ ունի: Նա մեզ պատմեց, որ իր եղբայրները զինվորականներ են, ինքն էլ ծնվել ու մեծացել է Թալիշում, պատերազմի ավարտից հետո հնարավորթյուն է ունեցել տեսնել ամուսնու դիրքերի տեսագրությունները: Ըստ Թամարայի, տեսագրություններում երեւում է, որ հրազենային վիրավորում ստանալուց հետո Երվանդը ողջ է, ծառայակիցները նրան մի քիչ տանում են, սակայն ինչ-որ պահի թողնում են դիրքերում ու հեռանում: Այսպիսով, այն պահին, երբ թշնամին մտել է Մատաղիսի հայկական դիրքեր, Երվանդը դեռ ողջ է եղել:
Թամարան այժմ ապրում է Երեւանում` վարձով բնակարանում, ասում է, որ ցանկանում է, որ ինքն ու երեխաները մոտ լինեն Երվանդի շիրիմին, ով հուղարկավորված է Եռաբլուրում: Նա պատմում է, որ լինելով զինվորական, Երվանդը ընտանիքի անդամներին միշտ նախապատրաստում էր պատերազմի եւ անգամ մանկահասակ երեխաներին սովորեցնում էր, թե պատերազմի դեպքում ինչ է պետք անել: Թամարան ասում է` հավանաբար բոլոր զինվորներն են իրենց ընտանիքներին այդ ամենը ասում:
Երվանդ Հովհաննիսյանը կապիտան էր, գումարտակի թիկունքի պետն էր: Նրա ավագ երեխաները, Ալվարդն ու Արտյոմը մեզ հետ զրույցում անընդհատ պատմում էին հոր մասին, ասում էին, որ նրան շատ են կարոտում, սակայն նաեւ գիտեն, թե ինչ է եղել նրա հետ: «Ես հիշում եմ` պապան զանգեց մամային ու ասեց` Թամս, էրեխեքին հանի, ես ձեզ շատ եմ սիրում»,- պատմեց փոքրիկ Ալվարդը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: