Հայաստանում վիրավորական խոսքի քրեականացումը խնդրահարույց է.Freedom House զեկույց

124

Հայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Դա են վկայում միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի՝ Freedom House-ի այսօր հրապարակած տարեկան զեկույցի տվյալները։

«Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են [ընտրությունների] թափանցիկությունն ու արդարությունը», — նշում են զեկույցի հեղինակները։

Տարեվերջին ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը մտավախություն առաջացրեցին, որ երկրում ժողովրդավարության վիճակը մնում է անկայուն, պնդում է Freedom House-ի զեկույցը:

«Հայաստանը վերջին 10 տարում առաջ է անցել 15 միավորով, որը ամենամեծ առաջընթացն է եվրասիական տարածաշրջանում, ուստի խնդրահարույց է տեսնել, թե ինչպես է այս երկիրը հետընթաց ապրում խոսքի քրեականացման հարցում»,- նշված է զեկույցում:

Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը», Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։

Հարևան Վրաստանը ևս, որը, Freedom House-ի գնահատմամբ, Եվրասիայում ժողովրդավարացման մակարդակով առաջատարներից մեկն է, 2021-ին մի շարք խնդիրների է բախվել։ Խոսքը, մասնավորաբար, ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ձեռնարկված բռնարարքների և ահաբեկման դեպքերի աճի մասին է։

Հարավային Կովկասի երրորդ պետությունը՝ Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարիներին, 2022-ին ևս ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը։

«Ադրբեջանը աշխարհի 16 ամենից ոչ ազատ պետությունների թվում է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում արձանագրած իր վատ ցուցանիշներով զիջելով միայն Չինաստանին, Լիբիային, Մյանմային (նախկին Բիրմա) և Եմենին», — պնդում են Freedom House-ի փորձագետները։

Հայաստանի մեկ այլ հարևանը՝ Թուրքիան, իրավապաշտպանների կողմից ևս դասվել է ոչ ազատ պետությունների թվին։ Ավելին, թուրքական հնրապետությունը Freedom House-ի այսօր հրապարակված զեկույցում մեկ անգամ ևս ճանաչվել է Եվրոպայի ամենից ոչ ազատ երկիր։

«Նախորդ տարի իշխանությունները բռնություններով արձագանքեցին Բողազիջի համալսարանի շուրջ կենտրոնացած ուսանողական բողոքի ակցիաներին, ինչպես նաև կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջով կայացած մի շարք ցույցերին», — արձանագրում են զեկույցի հեղինակները։