–Պավել, կարո՞ղ ա քեզ էլ կռիվ տանեն։
–Մամ, ես ո՞ւմից եմ լավ տղա, բոլորին էլ մայր է բերել, մի մտածի, եթե ինձ տանեն՝ երկու տղա ունես՝ սարի պես մեջքիդ կանգնած»։
Պավել Սահակյանը մորը հավատացնում էր, որ եթե չզանգի, ուրեմն կապերի հետ խնդիր կա․ իրեն չեն տանելու։
Պավելն այն 17 զինվորներից է, որոնք այրվել են «ուրալի» մեջ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի տարածքում։
«Պավելս իմ մեծ տղան էր, ևս երկու տղա ու մի աղջիկ էլ ունենք։ Ավարտեց դպրոցն ու ընդունվեց Ագրարային համալսարան, հետո մտածում էր բանակից վերադառնալ ու ծրագրավորում սովորել»։
Միհրան Սահակյանը՝ Պավելի հայրը պատմում է, որ որդին զբաղվում էր կարատեով․ բազմաթիվ մեդալներ ու գոտիներ էր ստացել։ Վեց ամիս Պավելը ծառայել է Էջմիածնում, հետո տեղափոխվել է Մեղրի։ Ծնողների խոսքով իրենց որդին ոչ մի խնդիր չի ունեցել բանակում, նույնիսկ ասել է, որ զինվորները մի ընտանիքի նման են։
Պավելը ծնողներին չի ասել, որ իրենց տեղափոխում են Արցախ։ Միշտ ասել է, որ Մեղրիի զորամասի պահեստներում են՝ զենք ու սնունդ են ուղարկում Արցախ։ Ծնողները հետո են իմացել, որ հոկտեմբերի 3-ից տղան եղել է Ջաբրայիլում։ Հետո տեղափոխել են Տիլի գյուղ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։
«Ստացվում է, որ Վերանյանի պատճառով մեր երեխաները զոհվեցին։ Մինչև իր գալը երեխեքին հրամայել են իջնել մեքենայից ու պատսպարվել, բայց հետո եկել է Վերանյանը ու հրամայել նստել ու շարժվել։ Ես Աբովյանում էի աշխատում, գյուղից զանգեցին, ասեցին՝ «կարաս գաս Հոկտեմբերյանի «մորգերը»», բայց ինձ սկզբում չասեցին, որ Պավելիս հետ է բան եղել։ Հետո հորեղբորս տղան ասաց՝ Պավելս չկա․ «մի հատ նայիր, տես դեմքը գուցե կճանաչե՞ս։ Բայց մեր էրեխեքն ամբողջությամբ վառվել էին, մենք չենք տեսել իրենց մարմինները, ինձ նկարներ ցույց տվեցին, ասացի, որ Պավելս էդտեղ չկա»,- պատմում է Պավելի հայրը։
Ավելի ուշ ընտանիքի բարեկամենրից մեկն է զանգել և հայտնել, որ նման դեպք է եղել, բայց Պավելը կարողացել է մեքենայից թռչել ու փրկվել է։ Ընտանիքի անդամները Պավելի հետ վերջին անագամ խոսել են դեպքի նախորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին։
« Ինձ փոխանցեցին հացի մեքենայի վարորդի համարը, ասացին, որ էդ մարդը պետք է տղաների համար հաց տանի, իրեն խնդրեցի, որ երեխաների մոտ գնա՝ զանգի, Պավելիս ձայնը լսեմ։
Ինքը խոստացավ, որ կզանգի ու համ էլ ասաց, որ Պավելին տեսել է, բայց հետո պարզվեց, որ խաբել է ինձ։ Երեկոյան 6-ին զանգեցի, էդ տղան ասեց՝ «հեսա իջնելու են երեխեքը պոստերից, կզանգեմ՝ կխոսեք», էդպես էլ չզանգեց, ու ինքն էլ զանգիս չպատասխանեց։ Գնացի Մեղրի, իրենց հրամանատարներից մեկն ասաց, որ երեխեքը բոլորը զոհվել են»,-հավելեց հայրը ։
Ծնողների ցանկությունն է, որ հրամանատարն իր պատիժը ստանա։
«Ինքը մեզ չի մոտենում , մեզնից խուսափում են։ Ես չգիտեմ՝ ինքն ինչու է նման հրաման տվել, անփույթ է վարվել։ Ես անձամբ մինչև վերջ պայքարելու եմ , որ ինքն իր պատիժը ստանա»,- եզրափակեց Միհրան Սահակյանը։
Պավելի մայրը պատմում է, որ որդին շատ կապված էր իր հետ։ Մոր խոսքով՝ որդին շատ երազանքներ ուներ․ ծրագրավորում սովորելու պլաններ ուներ։
«Ինքն ինձ էլ չէր ասել, որ տարել են Արցախ։ Երբ հարցնում էի՝ «Պավել ջան, կարո՞ղ է քեզ էլ տանեն», ասում էր՝ «մամ ջան, գիտես, որ քեզ չեմ խաբի», բայց էդ մի անգամը խաբեց»։
Վերջին անգամ որդու հետ խոսակցության ժամանակ Պավելն ասել է, որ զբաղված են, քանի որ տղաների համար սնունդ են բարձում, որ Արցախ ուղարկեն։ Մայրը պատմում է, որ որդին միշտ գոհ է եղել ծառայությունից.
«Ոչ մի անգամ չի տրտնջացել, շատ նպատակներ ուներ, կյանքով լի տղա էր։ Ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս։ 2020 թվականաի հունվարին եկել էր արձակուրդ ու ասաց, որ էլ չի գա, մի տարի էր մնացել իրեն։ Վարակի պատճառով էլ չկարողացանք տեսնել Պավելին։
Ասպրամ Փարսադանյան
Անի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: