«9 հոգով նենց էին պատերազմել, որ ամբողջ 44 օրվա ընթացքում տենց էպիզոդներ չկան»․ Հին Թաղերի զոհերը

1429

«Ջաբրայիլի դիրքերում են եղել Սմբատենք, որ 9 էրեխա կեղտոտ, ցեխոտ իրանց մոտ են գնացել։ Ուժեղ անձրևներ են եկել էդ քանի օրը, ու սաղ ցեխ էր եղել։ Պատմել են, որ 45 հոգուց 9-ն են ողջ մնացել, միամիտ եկել են, իրենց խրամատում են հայտնվել, սոված, ծարավ, տղես իրանց համար ուտելիք ա բերում, հետո  մի սպա ա գալիս, ջղայնանում էրեխեքի վրա՝ որ ուրիշ տեղ գնան, իմ տղեն չի թողնում, ասում ա՝ մինչև խոսեցի, շրջվեմ, տեսնեմ էդ էրեխեքից մեկը ցեխափոսի մեջ պառկել, քնել ա։ Հետո որ հարցրեցի՝ ինչ եղան, ասեց՝ գնացին իրենց «չաստը», բայց երևի խաբեց։ Էդ էրեխեքը 9 հոգով էին, ու իրենք էլ 9-ով զոհվեցին․ Ճակատագրի հեգնանք ա»․Սմբատ Ավետիսյանն էս պատմությունն ընկերներին է պատմել, ու մայրը պատահաբար է լսել։ 

Սմբատը

Սմբատիս տղան մոտ 1 տարեկան էր, որ գնաց պատերազմ։ Հոկտեմբերին, որ եկավ, հետո իմացանք, որ երկրորդ էրեխուն են սպասում։ Սմբոյի մահվանից հետո ծնվեց երկրորդ որդին, հիմա արդեն 6 ամսական ա։ 

Սմբոս զբաղվում էր առևտրով, հաջողակ էր, քչախոս, կիրթ, գրագետ, նեղին հասնող տղա էր։ Վայքի զորամասում ա ծառայել 2007-2009 թվականներին։

Սեպտեմբերի 27-ին

Պատերազմի առաջին օրը տղաներիս հետ էի, որ լսեցինք համընդհանուր զորահավաքի մասին։ Երկու որդի ունեմ, երկուսն էլ ոտքի կանգնեցին։ Բաբկենը Ռուստամ Գասպարյանի ջոկատով մեկնեց։ Հետո Սմբոյին էի համոզում, որ չգնա, բայց տեսա, որ չեմ կարողանում, չլսեց։ Սմբոն գնաց Ջաբրայիլ, Բաբկենը՝ Հադրութ։ Սմբատը ջոկի հրամանատարն էր Ջաբրայիլում, բայց իրա զոհվելուց հետո իմացանք դրա մասին։ Հետո Ռուստամ Գասպարյանի ու տղայի շնորհիվ ամբողջ ջոկատը փրկվեց։ Երկու տղաս էլ հետ վերադարձան հոկտեմբերի 16-ին։ Բայց Սմբատս դադար չուներ։ Չէր ներում իրան, որ պատերազմը չի ավարտվել, ու ինքը տանն ա։  Շատ բան չէր պատմում, պատերազմից զուսպ էր, խոսողներին լռեցնում էր, ասում էր՝ «պատերազմը չի ավարտվել, էս մարդուն կարող ա՝ վաղը տանում են, ինչի՞ եք վախացնում»։ Ասում էր՝ «երեք ուռալով գնում էին, երկուսը դիակ էր բերում։ Խառը վիճակ էր, անկազմակերպ, անգրագետ պատերազմ էր հայերիս կողմից։ Ավտոմատի դերը շատ քիչ էր, անօդաչուներ էին լիքը»։ 

Զոհվեց հրադադարից հետո

Հրադադարի մասին, որ իմացավ, հոգոց հանեց՝ «պարտվել ենք», բայց իրանք չեն պարտվել։

Նոյեմբերի 26-ին, նորից ՄՈԲ-ով տարան, ասեցին՝  «տանում են Լաչինի կողմերը 5 օրով, երկու օր էլ կավելանա»։ Մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանը խառնված էր իրար, ընդդիմություն-դիմություն։ Բայց գնաց։ Հետո իմացանք, որ Հադրութում ա՝ Խծաբերդ- Հին Թաղեր․ մի տարածք, որը նեղ թերակղզու պես ոնց-որ մխրճված էր Հադրութի մեջ, 25 կմ-ի չափով։ Այսինքն, երեք կողմից շրջափակված էր ադրբեջանցիներով, «տերիտորիան» տված, թե չտված, անհայտ էր, այսինքն, տված էր, որովհետև եթե տված էր, ինչի՞ շարունակական պրոցես չունեցավ, այդ հարցն էլ ա փակ։ Եթե կար զինադադար, մի ամիս հետո ինչի՞ համար էիք տանում Հադրութ։ 

Հեռախոսազրույց ունենում էինք օրը մի անգամ, գաղտանապահ էր, շատ բան չէր ասում, վերջին անգամ զանգեց դեկտեմբերի 11-ի երեկոյան, մոր հետ խոսեց, ասեց՝ «սմեն են փոխում, առավոտը հետ կգանք»։ Բայց իրանք դեռ 10-ին պիտի սմենափոխվեին։ 

Դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ 8։15 րոպե, թուրքը հարձակվում ա, Սմբոենց դիրք պահող պոստը դիմադրում ա, բայց երկար չի կարողանում դիմադրի, 7 հոգի են լինում, 4-ը վիրավոր, 3-ն էլ չեն իմացել՝ որտեղ են։  Սմբոենք արդեն մնացել են շրջափակման մեջ։ 18 ժամ պատերազմել են մինչև 12-ի երկուսը, մնացած դիրքերը փախել են։ 

Բոլորի մահվան տեղեկանքներում գրել են, որ 11-ին են զոհվել, բայց ինչի՞ համար 11, ես չկարողացա հաշտվել էդ փաստի հետ, ես տեղեկություն ունեմ, որ 12-ին կապ ա տվել իր քեռուն՝ «քեռի, հոգնել ենք, շրջափակման մեջ ենք, փամփուշտներս պրծել են, փափուշտ հասցրեք», բայց դե էլ ի՞նչ օգնություն։ Չեն օգնել տղաներին։

Զոհվելու մասին իմացանք դեկտեմբերի 16-ին։ 4 օր ճամփա էինք նայում, Խանումյան Հայկը էդ «Վիշկա» պոստում ա եղել, ասեց՝ տղաներն իջնում են մեկ վիրավորով, բայց, ցավոք, էդպես չեղան։ Իմացանք, որ 9-ը զոհվել են, 2-ն էլ գերի են։ 

Զինդատախազին դիմում գրեցի՝ «հարգելիս, տղաս 12-ին հեռախոսազրույց ա ունեցել քեռու հետ, քեռու տղու հետ, միևնուն ժամանակ, Հարությունն ու Անդրանիկն են զրուցել», ընթացք տվեցին, ու ապացուցվեց, որ 12- ին են զոհվել։ 

Մեղավորներն ու քրեական գործը

Քննչականում 3 քննիչով նստած զրուցում էին, որ  9 հոգով նենց էին պատերազմել, որ ամբողջ 44 օրվա ընթացքում տենց էպիզոդներ չկան։ 

Քրեական գործ են հարուցել իրենց հրամանատարի՝ փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանի ու Ղուկասյանի դեմ, Ջիվանը կալանքի տակ ա, բայց Ղուկասյանը՝ չէ։  Բայց սա շատ քիչ ա, մեղավորներն էնքան շատ են , զորամասից սկսած մինչև Հին Թաղեր մեղավորներ են։ Իմ նպատակը չի, որ ինչ-որ մեկին դատեն, կախեն, իմ նպատակն ա վեր հանել, թե ինչ ա տեղի ունեցել։ Հիմա զինդատախազությունն ա զբաղվում, մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեն էր զբաղվում։ 

Վիրավորված եմ

Ես թուրքից վիրավորված չեմ․ թուրքն իրա պատերազմն ա արել, 9 հոգով 180 ից ավել ադրբեջանցի են ջարդել, ես վիրավորված եմ անկազմակերպ, անգրագետ սպաներից, փախնող զինվորներից, որ դիրքերը թողել են, նահանջ հրաման չի եղել, եթե եղել ա, ինչի՞ բոլորի համար չի եղել, եթե չի եղել, ինչի՞ էլի բոլորի համար չի եղել։ 

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան

Լուսանկարներ՝ Աստղիկ Գաուդյան