Դավիթ Վարդանյանը տանկի մեխանիկ էր: 2020թ-ի հոկտեմբերի 10- ին Վարանդայում (Ֆիզուլի) նրա տանկը պայթեցվում է ու նա բեկորային բազմաթիվ վնասվածքներ է ստանում: Դավիթը ու եւս 15 վիրավոր զինծառայողներ բեռնվում են ՈՒԱԶ-իկի մեջ, եւ հոկտեմբերի 12-ից նրանցից այլեւս որեւէ լուր չի լինում: Միայն հինգ ամիս անց հայտնաբերվում են տղաների մասունքները:
Վարդանյանների ընտանիքը ապրում է Օշականում: Դավիթը բանակ էր զորակոչվել Քասախից, ընտանիքի երեք երեխաներից ավագն էր:
«Ինքը սովորել էր N6 ուսումնարանում` ավտոմեխանիկական գծով: Եւ սովորում էր, եւ աշխատում էր: Ձեռքից շատ շնորհքով էր: Քեռիի մեքենան, մեր մեքենան էնպես սարքեց ու տվեց… », — պատմում է մայրը` Հռիփսիմեն:
Հիշելով 2020թ-ի սեպտեմբերի 27-ը, նա ասում է` ամբողջ օրը պատերազմի մասին չի իմացել.
«Աշխատանքի էի, ժամը 6 էր: Աղջիկները գալիս հարցնում էին` խոսացե՞լ ես էրեխու հետ: Իմ մեջ էլ տպավորվել էր, ինչո՞ւ են բոլորը դա հարցում: Ասացի` չէ, չեմ խոսացել: Մաման զանգեց, հարցրեց`էրեխու հետ խոսացե՞լ ես, ասացի` չէ, ինչի՞ ես հարցնում: Հետո հեռուստացույցով լսեցի, որ մերոնք այսինչքան ԱԹՍ են խփել: Ասեցի` մամ, էս պատերա՞զմ է: Ու զանգում եմ տղայիս: Անհասանելի է ու անհասանելի: Ու այդպես մինչեւ հոկտեմբերի 6-ը: Հետո քույրս զանգեց ՌԴ-ից, ասեց, որ կադրեր է ուղարկել, որտեղ Դավիթի ձայնն է: Միացրեցի` Ջաբրայիլում է, պատերազմն է: Դավիթիս ձայնն էր: Գոռում են` Դավիթ խփեցի՞ր: Բա` խփեցի: Ու էդպես մի քանի անգամ… Առաջին զանգն էր, հոկտեմբերի վեցին: Ոչ էն ա ուրախանամ, ոչ էն ա ջղայնանամ: Ասում եմ` Դավիթ ջան, ես կիսամարդ եղա, բա` մամ, հանգիստ եղիր, մենք ապահով տեղում ենք, դուրս չենք եկել: Ասում եմ` Դավիթ, ես քո վիդեոն տեսել եմ, այ բալա: Հայրն էլ ջղայնացավ վրան, ասեց` այ տղա, գոնե մեկ-մեկ զանգի»:
Վերջին անգամ Դավիթից զանգ հնչել է հոկտեմբերի 12- ին:
«Ես զարմացա: Էդ ինչ բան ա?, Դավոն զանգել ա ցերեկով: Հետո էլ զանգ չեղավ, արդեն ես ընկա անհանգիստ վիճակի մեջ: Չէի կարողանում քնել: Վատ երազներ էի տեսնում: Իմ վատ երազներով ես արդեն գիտեի, որ իմ էրեխեն չկար: Ուղիղ հինգ ամիս մենք ընտանյոք հանդերձ շատ- շատ տեղեր գնացինք` թե Կառավարությունով, թե Ուլնեցիով: ՈՒր ասես չենք գնացել: Մենակ մենք իմացել ենք, որ էրեխեքը վիրավոր եղել են, այդտեղից հանելուց ընկել են շրջափակման մեջ: 15 էրեխա ՈՒԱԶ-իկով: Ընկել են շրջափակման մեջ ու այդտեղ մեր էրեխեքին իրանք վարի են տվել»,- պատմում է մայրը:
Մոր խոսքով, Ադրբեջանական կողմը Դավիթի եւ նրա ընկերների մասունքները հայկական կողմին է հանձնել անցած տարվա մարտի 19-ին.
«Ի՞նչ են տվել: Մենք էլ չգիտենք ինչ են տվել: Հոկտեմբերի 18-ից մարտի 19…: Ադրբեջանցիները թաղել էին, իրենք էլ հանեցին ու տվեցին: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ սա պետություն չի: Եթե պետություն լիներ… մենք գնացինք, մտանք Նիկոլի մոտ, ինքը ի՞նչ պատասխանեց: Գնացեք, ձեր էրեխեքին դիահերձարաններում ման եկեք: Դա ծնողին պատասխանելու ձե՞ւ է: Թե պետությունը, թե Կառավարությունը, թե հրամանատարները էրեխեքին դավաճանեցին, իրանք էրեխեքին տարան մսաղացը»:
Դավիթի ողջ մնացած ծառայակիցները բոլորովին վերջերս այցելել են նրա ծնողներին ու պատմել են. իրենք տեսել էին, որ վիրավոր տղաներին տեղափոխող մեքենան չկա, հրամանատարին ասել էին, որ պետք է հետ գնալ ու գտնել նրանց, ինչին հրամանատարը պատասխանել էր, թե նման բան անելու հրահանգ չունի:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: