2020 թվականի հոկտեմբերից առ այսօր Սաքանյանների հայրն ու տղան համարվում են անհետ կորածներ: Ընտանիքը մեկ տարուց ավելի է՝ նրանց մասին որևէ ճշգրիտ տեղեկություն չունի: Սաքանյաններն Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից են, որն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ:
Սաքանյանները 20 տարի առաջ վերաբնակեցման ծրագրով էին տեղափոխվել Իշխանաձոր: 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանական Զինուժը ինտենսիվորեն սկսել է գնդակոծել բնակավայրը: Խաղաղ բնակիչներն՝ այդ թվում Սաքանյանները, ստիպված են եղել հեռանալ գյուղից: Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Սաքանյանը, հրաժարվել է լքել իր տունը:
«Նա մնացել է Իշխանաձորում, ասեց՝ ես իմ տանից դուրս չեմ գալու, մնում եմ իմ տանը: Սկեսուրս և տալս գնացել են, որ բերեն, բայց չի եկել: Ինքը չէր ուզում տանից դուրս գալ»,- նշում է հարսը՝ Լաուրա Զախարյանը:
Հարազատների խոսքով՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Սերյոժա Սաքանյանը հույս է ունեցել, որ հայկական կողմը 90-ականների նման հաղթելու է, ուստի հեռանալու կարիք չկա:
Ընտանիքի անդամները Իշխանաձորից հեռանալուց հետո մշտական կապի մեջ են եղել հոր հետ: Վերջին անգամ հետը հեռախոսով խոսել են հոկտեմբերի 20-ին, վերստին համոզել են միանալ իրենց, սակայն, մերժում են ստացել: 2020 թվականի հոկտեմբերի 20-ից հետո ընտանիքը հոր հետ կապը վերջնականապես կորցրել է: Այժմ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն:
Պատերազմի ավարտից հետո Սերյոժա Սաքանյանի երեխաները համացանցի ադրբեջանական տիրույթում մի տեսանյութ են ֆիքսել, թե ինչպես են ադրբեջանցի ավտոմատավորները խոշտանգում մի տարեց տղամարդու: Սաքանյանները կարծում են, որ տեսանյութում իրենց հայրն է:
«Մի հատ վիդեո ենք տեսել, թե ինչպես են զինվորական հագուստով ադրբեջանցիները ձեռքերն ու ոտքերը կապած մի մարդու ծեծում, հետո կտրում են ականջները, ձայնից հասկանում ենք, որ հայրս է, դեմքը չի երևում: Չենք հասկանում, թե որտեղ են ականջները կտրում»,- ասում է Սերյոժա Սաքանյանի որդին՝ Արմենակ Սաքանյանը:
Հոր կորստի ցավից զատ Սաքանյաններին տանջում է նաև որդու՝ Արարատ Սաքանյանի անհետ կորած լինելու փաստը: Վերջինս պայմանագրային զինծառայող է, 2020-ի հեկտեմբերին, ըստ եղբոր՝ Արմենակի, մեկնել է Ջեբրայիլ, ինչից հետո նրա հետ կապը ևս կորել է:
«Եղբայրս պայմանագրային ծառայող էր, վերջին անգամ, որ խոսեցի ասաց՝ Խաչիկի պոստերից իջացրել են, տանում են Ղարաբաղ, հոկտեմբերի կեսերին ենք խոսել հետս: Հետո իր հետ ծառայողներից ենք իմացել, որ Ջեբրայիլի ուղղությամբ են գնացել: Մեկն ասում է, որ ախպորս խփել են, մնացել է թշնամու տարածքում, չեն կարողացել հանել, մեկն ասում է, որ իրեն չենք տեսել»,- ասում է Արմենակը և նշում, երբ եղբայրն իրեն այցելության է եկել՝ հորդորել է այդ ուղղությամբ չգնալ, քանի որ այն արդեն թշնամու կողմից գրավված է եղել:
Հարազատների խոսքով՝ Արարատի անհետ կորելու վերաբերյալ նրա ծառայակիցները իրարամերժ տեղեկություններ են փոխանցում: Սաքանյաններին Արարատի հետ գտնվողներերը հետևյալն են պատմել.
«Արարատը վեց հոգանոց խմբով՝ մեքենայով, գնացել են ինչ-որ տեղանքում դիտարկում անելու, այդ պահին հակառակորդը թիրախավորել է մեքենան՝ կրակ են բացել, բոլորն իջել են մեքենայից և թաքնվել են մոտակա ձորում: Հետո, երբ շրջափակումից դուրս են եկել, տեսեն, որ Արարատը իրենց հետ չէ: Այդ խմբից մեկ այլ անձ էլ հայտնել է, որ Արարատին մեքենայից իջնելուց չի տեսել»,- նշում են հարազատները:
Արարատ Սաքանյանին ընտանիքը փորձել է ԴՆԹ-ով գտնել, բայց ոչ մի նմուշ չի համընկել: Արմենակը եղբորը նաև փորձել է փնտրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, երբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հնարավորություն է եղել անցնել այդ տարածքներ, սակայն, Արմենակը վստահեցնում է՝ իրեն թույլ չեն տվել:
Արմենակ Սաքանյանը ևս պատերազմի մասնակից է: 30-ամյա Արմենակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավոր մեկնել է պատերազմ, մարտական գործողությունների է մասնակցել Ջեբրայիլում: Ոտքից և ձեռքից վիրավորվելուց հետո տեղափոխվել է Հայաստան:
«Ջեբրայիլից 47 կմ վիրավոր քայլել եմ դեպի Արա լեռ, քանի որ շրջափակման մեջ էինք հայտնվել: Ոտքիցս և ձեռքիցս վիրավոր եմ, հոկտեմբերի 3-ին եմ վիրավորվել: Մինչև հիմա էլ ասկոլկեն ոտքիս մեջ է, չեն հանում, քանի որ հնարավոր է՝ էլ չքայլեմ»,- ասում է նա:
Արմենակը կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ այժմ բնակվում է Խարբերդում: Ընտանիքը սոցալական ծանր խնդիրների մեջ է: Արմենակն աշխատանք չունի, բնակարանի 100 հազար դրամ վարձն անհատ բարերարներն են փոխանցում: Արմենակին, աշխատանքի անցնելու համար անհրաժեշ է անձնագիր, որը չի կարողանում ստանալ Հայաստանի Հանրապետությունից:
«Անձնագիր չունեմ, սա մեծ խնդիր է: Եթե կարողանամ անձնագիր հանել, կկարողանամ մտնել աշխատանքի: Ես անձնագիր ընդհանրապես չեմ ունեցել, իսկ ծննդականս կորցրել եմ, որ կարողանամ դրա հիման վրա անձնագիր հանել: Դիմել եմ անձնագրային վարչություն, ասում են՝ գնա Արցախին դիմի, բայց արխիվում չկա ծննդականս: Փաստաբանը 150 հազար դրամ է ուզում իրավաբանական օգնության համար, որը չունեմ»:
Արմենակի վեց ամյա դուստրը զրկված է դպրոցական կրթություն ստանալու իրավունքից: Նա ունի առողջական խնիրներ՝ դեմքը պատված է մեծ վերքերով: Ծնողները նշում են, որ մեկ տարի առաջ մոծակի խայթոցի հետևանքով է առաջացել, դպրոցում նշել են՝ դասերին չհաճախի, մինչև խնդրի լուծում ստանալը: Աղքատության մեջ գտնվող ընտանիքը երեխայի բուժման ծախսերը հոգալու միջոցներ չունի:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: