Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում ապրող ամուսիններ Մարիետայի ու Արթուրի կյանքը շարունակվում է պտտվել երկու որդիների շուրջ: 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք կորցրին միանգամից երկուսին` Վահեին եւ Դավիթին:
Տղաների ծնողները Եռաբլուրից տուն են բերել որդիների շիրիմների ծաղիկները, որ այնտեղ ընթացքող բարեկարգման աշխատանքների փոշու մեջ դրանք չփչանան: Տնից քիչ հեռու տղաների մանկության ճոճանակներն են, արդեն հնացած ու ժանգոտած, սակայն Մարիետան ասում է` ուզում է, որ դրանք միշտ իր աչքերի առաջ լինեն: Զոհված եղբայրների մայրը ցույց է տալիս տան պատուհաններից մեկի ապակու վնասվածքը: Նա պատմում է, որ դա իր որդիների ձեռքի գործն է. տարիներ առաջ խաղ անելիս նրանք կոտրել էին ապակին ու հիմա այն եւս որդեիների կյանքի մասին պատմող մի մասնիկ է:
«Կյանքիս ընթացքում որտեղ էլ գնամ, ինչ էլ անեմ, այս ապակին հետս ման եմ տալու», — ասում է նա:
Տղաները Ժամկետային զինծառայողներ էին, ծառայում էին Մարտունի 3-ում: Նրանք եղել են այն 73 զինծառայողներից, ովքեր պատերազմի ժամանակ Մարտունիից ուղարկվել են Հադրութ, որտեղ հայտնվել են շրջափակման մեջ ու զոհվել: Դեպքի վերաբերյալ քրեական գործի քննությունը շարունակվում է: Արթուրի խոսքով` օրերս քննիչներն իրեն ասել են` եւս երկու ամիս եւ գործը կմտնի դատարան:
Գործի քննության ընթացքում տղաների ծնողները չեն զգացել, որ մեղավորները կպատժվեն: Ավելին, կալանավորված միակ զինվորականը` գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, եւ դատական բոլոր հաջորդ ատյանները հրաժարվում են նրան կալանավորելու որոշում կայացնել: «Մենք պայքարելու ենք, պայքարելու ենք մինչեւ վերջ», — ասում է Արթուր Թեւոսյանը:
Տղաներից ավագը Վահեն էր: Նա ցանկանում էր հոգեւորական դառնալ, ընդունվել էր Էջմիածնի Գեւորգյան ճեմարան, սակայն մեկ տարի սովորելուց հետո հիասթափվել էր, հասկացել էր, որ Ճեմարանի մասին այլ պատկերացումներ ուներ: Ուսումն անավարտ թողնելուց հետո նա կրտսեր եղբոր հետ զորակոչվել էր բանակ:
Ծնողներն ասում են, որ իրենց հանգիստ էին զգում այն մտքից, որ տղաները միասին են անցնելու ծառայությունը, քանի որ այդպես նրանք կարող էին միմյանցմասին հոգ տանել:
Պատերազմի առաջին օրը Դավիթն արդեն առաջնագծում էր, իսկ Վահեն գտնվում էր Երեւանում` Նուբարաշենում, որտեղ վերապատրաստվում էր որպես դիպուկահար: «Արդեն ամսի 27-ն էր, Վահես զանգեց, ասեց` մամա , ես էլ եմ գնում: Դիպուկահարներին որ բերել էին, բոլորին հետ տարան, ամեն մեկին իր զորամաս: Շատ ուրախ գնաց Վահեն: Գիշերը զանգեց, ասեց` Դավիթին չեմ տեսել, բայց նրանից հարյուր մետր հետ եմ: Դե ինքը դիպուկահար էր, առաջին գծի թիկունքն էր պահում: Ասեց` Դավիթին չեմ տեսել, բայց նա էլ է էստեղ: Մինչեւ ամսի ինը զանգում էին, ճիշտ է երկար չէինք խոսում, վախենում էի… », — պատմում է տղաների մայրը:
Առաջինը հայտնաբերվել է Դավիթը:
«Հավատում էի, որ կգան տուն: Ոչ մի վայրկյան չէի պատկերացնում, որ մահը կարար տաներ իրանց… Դեկտեմբերի 5- ին ասացին, որ պետք է գնամ ԴՆԹ-ի համար անալիզ տամ: Բոլորն ասում էին` դա ուղղակի պռոցես է, որ արվում է… Դավիթիս արարողությունը եղավ, էլի հույսով էի, որ Վահես կգա: Ոչ մի վայրկյան չէի մտածում: Մանավանդ, որ Վահեն Աստծուն այդքան շատ էր հավատում, ասում էի` հաստատ իրան չի տանի, գոնե իրան ինձ կտա: Բայց փետրվարի 27- ին եկան, ասեցին` Վահեիս էլ են գտել: Վահեիս էլ տվեցին ինձ: Ու հիմա երկուսն էլ Եռաբլուրում են, կողք կողքի: Վահեիս մարմինն ամբողջական է եղել, իսկ Դավիթս` մաս- մաս: Դավիթիս մոտ Վահեից էլ կա մասունք: Վահեն հավերժ Դավիթի հետ է: Միշտ ինքը Դավիթի հետ էր ուզում լինել… այդպես նրանք իրար կողք մնացին, մեզ էլ թողեցին: Ընդամենը մնացել է 10 օր: Պետք է գային տուն, բայց ես պետք է գնամ իրանց մոտ…»,- ասում է զոհված տղաների մայրը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: