-Ա՛յ պապ, թող ես գնամ, էս քո իմացած պատերազմը չի։
26-ամյա Սարգիս Հարությունյանն էս խոսքերը հորն ասել էր հոկտեմբերին՝ մինչև Հին Թաղեր գնալը։ «Ես գնացի ու իսկապես տեսա, որ 90-ականներինը չէր»։
Սարգիսը
Սարգիսը 4 տարեկան էր երևի, որ մայրն իր համար զինվորական շորեր պատվիրեց։ Ինքը ավտոմատ էլ ուներ։ Շատ ակտիվ, ուրախ էրեխա էր, մենք էլ շատ էինք երես տալիս։ Մայրը շուտ մահացավ, ես մեկ-մեկ որ ջղայնանում էի, իմ մերն ասում էր՝ «հենց ես կմեռնեմ, նոր էդ էրեխուն բան կասես»։ Մի օր ասեցի՝ «էս ի՞նչ ձև ես դաստիարակում», ասեց՝ «ես քեզ եմ դաստիարակել, իրան պահում եմ»։
Ծառայել ա Վայքում։ Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր, բայց կիսատ թողեց ուսումը։
Պատերազմը
Սեպտեմբերի 29-ին ՄՈԲ-ի տղաների հետ տարան Արցախ։ 15-16 օր մնացին։ Հետ գալուց հետո շատ ենք խոսել, շատ ծանր տպավորություններով էր եկել, ասում էր, որ շատ անկազմակերպ ա եղել, տարել են, թողել, ի՞նչ դիրք պիտի բռնեն, ո՞րտեղ կանգնեն, ոչ մի բան չեն իմացել, հրամանատարություն էլ չի եղել, ես էլ ջղայնանում էի, որ ոնց կարող ա պատերազմի դաշտում հրամանատարություն չլինի։
Ես Արցախյան առաջին պատերազմի մասնակից եմ, երբ գյուղից 15 հոգով որպես կամավոր գնում էինք, ճանապարհելուց չէր թողնում, ասում էր՝ «ձեր իմացածը չի»։
Իմ նախնիները սասունցիներ են, իրեն հենց տենց էլ պահել, դաստիարակել ենք որպես հայրենասեր, որ մեր երկիրը կարևոր ա, մեր հայրենիքը կարևոր ա։
Նոյեմբերի 26-ին նորից տարան Արցախ ՄՈԲ-ով։ Ասում էր՝ «գնանք, մի 10 օրով ժամկետայիններին փոխարինենք, մի քիչ հանգստանան»։ Կապան պիտի տանեին կամ Մեղրի։ Ես էլ բան չասեցի, մտածում էի՝ դե լավ ա, խաղաղ ա հիմա, եթե ուզում ա՝ գնա, թող գնա, որովհետև իր կամքով էր գնում։
Ես իրեն ասեցի՝ «չնահանջես, գերի չընկնես», հետո մեկը մոտեցավ ինձ, ասեց՝ «Հարութ ջան, տենց բան մի ասա, հետո կարող ա փոշմանես», ես շատ եմ մտածել էդ ասածների մասին, եթե չասեի, գուցե ․․․։ Էդ օրն էլ նոր «սաբոգները» վերցրեց, «բուշլաթը» հագավ ու գնաց։
Հետո զանգեց, ասեց՝ Լաչինում են, տանում են Հադրութ, ասեցի՝ «էլ ի՞նչ Հադրութ, տվել են», հաջորդ օրը նոր ասեց, որ Հին Թաղերում են, ճիշտն ասած՝ շատ զարմացա։ Մինչև գնալը չգիտեի՝ որտեղ են տանելու, բայց չգիտեմ նաև՝ իմանալու դեպքում ինչ կանեի․ ամենայն հավանականությամբ կասեի՝ գնա։
Տենց օր չէր լինում, որ մի քանի անգամ չխոսեինք։ Վերջին անգամ էլ զանգեց դեկտեմբերի 11-ին 11։45, ասեց՝ «վաղը «սմենը» գալիս ա, փոխարինի, էլ որ չզանգեմ, չանհանգստանաք․ տունը կլինեք, գալիս եմ։
Ում զանգում էինք, նենց էին խոսում, որ ես էն տպավորությունը ստացա, որ ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի, նույնիսկ տեղյակ չէին, որ մենք էնտեղ զինվոր ունենք։
Մի քանի օր հետո վարչապետն անվտանգության խորհրդում ասում էր՝ «մենք ունենք 5-6 տուժած, վիրավոր», բայց բանից պարզվում ա, էրեխեքն արդեն զոհված էին։ Հետո ես ինքս եմ զանգել Խանումյան Հայկին, ասեց՝ իջացրել են տղաներին։ Դիակները այլանդակել էին թուրքերը։ Մտածում եմ, որ տղաներն իսկապես կռվել են, թուրքերը կորուստներ են ունեցել, դրա համար էլ տղաների նկատմամբ տենց չարացած են եղել։
Որ Ալիևն ասում էր՝ մենք տեռորիստներին ոչնչացրինք, ես Անդրանիկ Քոչարյանին ասեցի, որ ես շատ կուզեի իմ տղան տեռորիստ լիներ։ Էս երկրում մեկը չկար, վեր կենար, ասեր՝ «էս էրեխեքը հանուն հայրենիքի զոհվեցին»։ Այսինքն ի՞նչ, ձեր համար ոչ մի բան էին հա՞ 9 էրեխեքը, ընդ որում հրադադարից հետո։
Ստեղ զանգում ես, ասում են՝ «տվել ենք պաշտպանության բանակին, էնտեղ զանգեք», էնտեղ ես զանգում, ասում են՝ «զանգեք ռուսներին», բայց ես ՀՀ բանակին եմ տվել իմ տղային, դուք պիտի ինձ պատասխան տաք։ Ես ի՞նչ գործ ունեմ ռուսների հետ։
«Հռետորական» հարցեր
Զարմանալի էր՝ եթե ստորագրվել էր թուղթը, որ հայկական բանակ չպիտի գնա էնտեղ, ինչի՞ տարաք մեր տղերքին, եթե էդ տարածքներն, իրոք, տվել էիք թուրքերին, ինչի՞ տարաք էդտեղ։ Շատ բաներ կան իմ համար անհասկանալի։ Եթե տենց լարված ա եղել իրավիճակը, թուրքերն եկել են, ասել, որ էդ հանձնած ա, քարտեզով ցույց են տվել, բա ինչի՞ եք ասել՝ «պոստը» պահեք, մինչև կգանք օգնելու, կամ իմանալով հանդերձ, որ «պոստում» կռիվ ա՝ ինչի՞ չեք գնացել օգնելու։
Չգնահատեցին
Էս գյուղ ա, բոլորս իրար լավ ենք ճանաչում, լավ գիտենք։ Էս գյուղում բոլորն էլ գիտեն, որ ոնց-որ ես իմ տղային «զոռով» ուղարկել եմ մեռնելու, տենց ա դուրս գալիս, ու իմ համար ցավ ա, որ չի գնահատվում։ Չգնահատեցին էս տղերքին, ու շատ շատերին չգնահատեցին։
Իմ համար կարևոր չի, թե ով ա մեղավոր, կդատե՞ն, թե՞ չեն դատի, դա պետության գործն ա, ինձ բացարձակապետ չի հետաքրքրում, եթե ինչ-որ մի հրամանատար, ղեկավար, մի բան էն չի արել, դա ուրիշ խնդիր ա, բայց ուշադրության արժանացնելու փաստը ինձ շատ ա ցավ պատճառում, իրենք չգիտեն, թե ծնողներն ինչ են ապրում։ Մեր պետությունը որևէ բան չարեց։ Էս էրէխեքի հետ սենց վարվել են, բա մի տեղ չլսեցինք, մի տեղ չասեցին․ էդ լռությունը, անտարբերությունը ինձ հունից հանում ա։
ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: