«Ոնց-որ մսաղաց լինի, 15-16 օրում ոչ մի «պատրոն» չենք կրակել, հիմնականում անօդաչուներն էին աշխատում մեր ուղղությամբ։ Առավոտը գոռում էի՝ բացազատվել, ամեն մեկը փախնում էր, որտեղ կարում էր, իրիկունը նորից հավաքվում էին մի տեղ»։

Անդրանիկ Շահնազարյանն իր 8 ընկերների հետ կռվել է  2000 հոգանոց «յաշմա» խմբի դեմ։ Զոհվել է հրադադարի կնքումից հետո՝ դեկտեմբերի 11-ին, Հին Թաղերում։

Անդրանիկը

Անդրանիկն ավարտել ա Գյուղատնտեսական ակադեմիան, ծառայել ա 2005- 2007թվականներին։ 2016 թվականին որպես կամավոր մասնակցել ա քառօրյան պատերազմին։ Ամուսնացած էր, երեք երեխա ուներ։

Առաջին անգամ գնաց սեպտեմբերի 27-ին

Անդրանիկին երկու անգամ են տարել։ Սեպտեմբերի 27-ին  ծանուցագիր են ուղարկել մեր տուն, որ պիտի ներկայանա։ Առաջին անգամ գնաց Ջրական որպես 120 հոգու հրամանատար։  16-17-րդ օրը հերթափող եղավ, իրանք հետ եկան, ու ինքը արդեն չէր ուզում գնար։ 120-ին ոնց տարել ա, տենց էլ հետ ա բերել։ Ոչ մի «պատրոն» չեն կրակել։

Ոչ մի ժամ, նույնիսկ րոպե չի կարողացել «սապոգները» հանի, ճկույթը պոկվել էր, խոնավությունից էլ էր, չէր կարողանում նորմալ քայլել, որ եկավ, ասեց՝ «չեմ գնա, ինչ ուզում ա լինի», բայց հետո…։

Հետո նոյեմբերի 9-ին հրադադար եղավ, նոյեմբերի  26-ին նորից իրենց ջոկը հավաքեցին, ասեց՝  «գնում եմ Բերձոր», ասի՝ «տղա ջան, հիմա նոյեմբերի 26-ն ա, ըստ պայմանագրի՝ դեկտեմբերի 1-ին պիտի հանձնեն Բերձորը, ինչի՞ համար եք գնում», բայց ինքն էլ չգիտեր՝ ինչի են տանում, մի խոսքով, 5 օրը դարձավ 15 օր։ Տարել են Բերձոր, բայց մեքենայից նույնիսկ չեն իջել, միանգամից տարել են Հին Թաղեր, էդտեղ 28- 29 դիրքեր են եղել, ամեն տեղ՝ 15-20 հոգի։

Խծաբերդ-Հին Թաղերում տեղի ունեցավ.

ՄՈԲ-ի տղաներից ասում էին՝ թուրքերը եկան, ասեցին մեզ՝ «էսի մերն ա, դուք պետք ա գնաք», մենք էլ եկանք, ով կռվեց, կռվեց, քո տղուն էլ են ասել՝ իջի,ասում եմ՝ «պատկերացնում ե՞ս՝ ինչ ես ասում, թուրքը ո՞նց ա գալիս, հասնում քեզ, տենց բան ասում, իմ տղուն չեն կարա տենց բան ասեն, որովհետև իմ տղեն չի թողնի՝  թուրքը իրեն մոտենա, ավտոմատը 300-500 մետրից խփում ա, փառք Աստծո»։

Իր հետ վերջին անգամ խոսել ենք ամսի  11-ին, ոչ մի բան չէր պատմում, ասում էր՝ ամեն ինչ լավ ա, ասեցի՝ «խոզը հելնում եմ, մորթեմ էրեխուդ ծնունդի համար, արի հանգստացի», ասեցի՝ հա։ Նույն օրը գիշերը  8-ին թուրքական 2000 հոգանոց «յաշմա» խումբը հարձակվում ա մեր տղերքի դիրքերի վրա։ 500 հոգանոց ՄՈԲի տղերքը սաղ փախնում են, մնում են 9 հոգով։  Ամբողջ գիշեր կռվում են, թուրքերին ետ մղելուց հետո  նոր կրկնակի ուժեր են բերում, արդեն դեկտեմբերի 12-ին 7։30-ից նորից հարձակվում են մեր տղերքի վրա, մարտը տևում ա մինչև 2-ը։ Դրանից հետո մեր տղերքը զոհվում են, ու նոր թուրքերը կարողանում են մտնել մեր տղերքի դիրքերը։ Հին Թաղերում մնացել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 11-ը՝ 15օր, բայց 14 օր հետո պիտի հերթափոխ լիներ։

Մեր 9 հոգին, 2000 հոգանոց «յաշմա» խմբի հետ պատերազմելով, կռվելով ապացուցեցին, որ 500 ՄՈԲ-ի տղաների մեջ 9 տղա կա, որովհետև 500-ն էլ լքել են Հին Թաղերը։ Ես չգիտեմ՝ ով ինչ վիճակում ա եղել, ես չեմ մեղադրում բոլորին մի ձևով, որովհետև մարդ կա, գերի ա ընկել, մարդ կա, գերի ա հանձնվել։

Հին Թաղերը տվեցին

Ասել են ՝ սա ձեզ նվեր, եթե հրադադարը ամսի 9-ին ա կնքվել, եթե դա մերն էր, ո՞նց եղավ նորից տվեցիք իրենց, ու եթե դա մերը չէր, ինչի՞ տարաք իմ տղուն էդտեղ։ Ամսի 9-ից հետո Արցախի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն էին, բա ինչի՞ համար Հայաստանից զորք տարան։

«Մեդալը»

Թուրք գեներալը մեր տղաների դիերը հանձնելուց ռուս խաղաղապահներին ասել էր՝  «տարեք, փառքով հանձնեք տերերին , որովհետև էս մարդիկ, իրոք, հերոսներ են, եթե էս ազգը իրանց հերոսի կոչում չտա, ազգ կոչվելու իրավունք չունի։

Ես մի քանի անգամ դիմել եմ պարոն Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արցախի նախագահին եմ ասել, որ Արայիկ Հարությունյան, իմ տղեն հազար հատ քեզ արժեր, ու ինքը լացել ա։
Իմ տղեն հազար հատ Ալեն Սիմոնյան արժի, հազար հատ Նիկոլ Փաշինյան արժի, իմ տղեն շատ շատերին արժի։

Արցախի Հանրապետության նախագահն էր արիության մեդալ տվել։ 3500-4000զոհ ենք ունեցել, բոլորն էլ արի են, այն տղեն, որը կարողացել ա հագնի էդ «ֆորման», գնա Արցախ, կռվի ու զոհվել ա, դա արդեն արիություն ա, բայց կատարածը արդեն հերոսություն ա։ Անդրանիկ Քոչարյանին հարցրել եմ՝ «դուք Հին Թաղերից տեղեկություն ունեք», ասեց՝ ոչ, ասեցի՝ «մեր տղաները 2000 հոգանոց «յաշմա» խմբի դեմ կռվել են 15 ժամ, 300 -ից ավել մարդ են սպանել, ինքն էլ լրացում արեց՝ «երեք հատ էլ կամազ են տրաքացրել, որից 3 մարդ ա փախել», այսինքն բոլորն էլ տեղյակ են, գիտեն։  Բայց մի տարին լրացել ա, ու ոչ մի արձագանք։

Կառավարությանը

Պարոն Ալեն Սիմոնյան, պարոն Նիկոլ Փաշինյան, եթե մեր տղաներին հերոսի կոչում չտաք, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Իմ տղեն իրենց ունեցվածքն ա պահել, ես ոչնչի կարիք չունեմ, ես 1903 թվականի շենքի մեջ եմ ապրում, ոչնչի էլ չեմ ձգտնում, մեր տղաներին հերոսի կոչում պիտի շնորհվի, որովհետև իրենք հերոսություն են արել։

Ազգային հերոս են մեր տղաները։ Ես դա ամեն տեղ էլ ասում եմ, մեկն ասեց՝ «բա ո՞նց կարելի ա համեմատել էն մարդու հետ, որ 100 մլն դոլար փող ա փոխանցել ՀՀ բյուջեին, համ ի՞նքն ա ազգային հերոս, համ ձեր տղանե՞րը։ Ասեմ, իմացեք՝ 100 մլն դոլար փոխանցողը ինչ-որ տեղից իր էդ գումարը հետ ա բերում, իսկ իմ տղեն, որ տվել ա իրա ունեցած կյանքը, ետ չի բերի։ Մեր տղերքն են ազգային հերոսները, ոչ թե փողատերերը։

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest