Դեկտեմբերի 27-ին Լեւոն Մանուկյանը կդառնար 21 տարեկան: Այս տարվա նրա ծննդյան օրը հարազատները նշեցին Եռաբլուրում: Ժամկետային զինծառայողը զոհվել էր 2020թ-ի հոկտեմբերի 14-ին` Մատաղիսի իր դիրքերը վերադարձնելու մարտերում:
44-օրյա պատերազմի առաջին օրերին նա հրաշքով էր փրկվել ութնօրյա շրջափակումից: Ընդամենը չորս օր հետո նա վերադարձել էր արդեն թշնամու հսկողության տակ գտնվող Մատաղիս` հավատալով, որ դեռ հնարավոր է այն հետ վերադարձնել:
Զինվորի մայրը, Նելլի Ղահրամանյանը այժմ երկու բալիկի է սպասում, որոնք կծնվեն հաջորդ տարվա մարտին: «Այսօր եկել եմ, որ իմ որդու 21- ամյակը նշեմ, այս սառը քարը համբուրեմ: Շատ դժվար է ինձ համար: Ինչքան էլ նոր բալիկներ ունենամ, միեւնույն է` առաջին բալիկը ուրիշ է: Լեւոնը մեծ կյանքով լեցուն բալա էր: Շատ էր ուզում ապրել: Բայց չապրեց: Ուժեղ պետք է լինեմ ես, որ այս բալիկներիս հետ կարողանամ վառ պահեմ Լեւոնի հիշատակը, միշտ այցելեմ իր շիրիմին»:
Մայրը պատմում է, որ Լեւոնը սիրում էր ծննդյան օրը, այս օրը միշտ ասում էր` մամա ջան, ես ծնվել եմ. «Ասում էր` իմ ծնունդն ա, մամա ջան: Շատ էր սիրում այդ օրը: Վերջին անգամ իր ծնունդը նշել է 2019թ-ի դեկտեմբերի 27-ին: Տորթ էի ուղարկել, վրան գրված «Թալիշ. Կայծակների Լեւոն»: Ուրախացել էր: Տորթի կեսը պահեց, որ ընկերոջ ծննդյան օրն էլ դրանով նշեն… Ընկերներն ասում են` այնքան ուրախ էր այդ օրը: Չգիտեմ, երեւի զգում էր, որ վերջին անգամ է իր ծնունդը նշում»:
Լեւոնի վաշտում 50 հոգի էին: Հիսուն հոգուց ողջ են մնացել 9: Մի մասը զոհվել է Թալիշում, մյուս մասը` Մատաղիսում :Լեւոնը շրջափակման մեջ էր եղել սեպտեմբերի 29 –ից հոկտեմբերի 8-ը: Այդ ընթացքում բազմաթիվ հերոսություններ է արել, փրկել է ընկերներին, կամավորների, բոլոր վիրավորներին օգնել է դուրս պրծնել շրջափակումից:
«Ամսի 8-ին զանգեց, ասեց` մամ ջան, ես շրջափակումից դուրս եմ եկել: Իմ արած լավությունները իմ դեմ ա եկել: Մինչեւ հիմա նրա ձայնը ականջներումս է: Այնքան ուրախ էր, ասեց` ընկերներիս փրկել եմ, կոմանդիրիս փրկել եմ, հիվանդանոցում պառկած են, գնացեք տեսեք: Ես գնացել եմ բոլորին տեսության : Ու երբ գնացի, ինձ բոլորը ասում էին, թե ինչ հերոս տղա ունեմ, Լեւոնով պետք է հպարտանամ»,- ավելի վաղ մեզ պատմել էր մայրը:
Նելլի Ղահրամանյանը ասում է, այլեւս որեւէ տոն, առավել եւս Նոր Տարին, ինքը տանը չի նշում: Դեկտեմբերի 31-ին ինքը պատրաստվում է լինել Եռաբլուրում` չնայած իր հղիությանն ու ցուրտ եղանակին:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: