Նոյեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով գերեվարված Արեն Արամյանը նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցվելուց հետո կալանավորվել է: Այս մասին Forrights.am-ին ահազանգում է Արենի եղբայրը՝ Կարեն Արամյանը: Արեն Արամյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Եղբոր փոխանցմամաբ՝ պատերազմից հետո նրան անգամ ներկայացրել են խրախուսման:
28-ամյա կրտսեր սերժանտ Արեն Արամյանը ծառայում է Վանաձորի «Դուցի» զորամասում, պայմանագրային զինծառայող է: Արեն Արամյանը ենթասպայական հաստիքով վաշտի ավագն է, հուլիսյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, որի ընթացքում բեկորային վիրավորումով է ստացել։ Արենի գլխի երկու վիրավորումն է ստացել պատերազմի դաշտում։
Նոյեմբերի 14-16-ն, ըստ եղբոր, մասնակցել է Սյունիքի մարտերին, այդ օրերին եղել է շրջափակման մեջ: Արենն այս մասին ընտանիքին տեղեկացրել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որից հետո նրա հետ կապը կորել է:
«Երեք պոստ շրջափակված է եղել, Արենը դրանցից մեկում է եղել: Ասաց, որ շրջափակման մեջ եմ…նոյեմբերի 14-ից 16-ը եղել են շրջափակման մեջ: Իրենց ոչ կարողացել են սնունդ հասցնել, ոչ վառելիք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ես, որ փաստերը վերլուծում եմ հասկանում եմ, որ այդ մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին:
Ինքը շրջափակման մեջ էր, բայց մեզ ասում էր՝ մենք մեր հողը պետք է պահենք: Արենենց գումարտակի հրամանատարը Սյունիքի հրամկազմին մի քանի անգամ խնդրել է, որ զորքը հետ հանեն այդ տարածքից, մարդկանց փրկեն, բայց իրենց բանի տեղ դնող չի եղել: Իմ ախպերը միանշանակ կռվել է՝ կյանքի գնով: Արենը վիրավորվել է, այս պահին էլ ծնկից վիրավոր է, ծունկն Ադրբեջանում վիրահատել են»,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է եղբայրը:
Կարեն Արամյանը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացնում եղբոր գերավերման դրվագից: «Նոյեմբերի 16-իր անձնակազմը լքում է իրեն, մենք խոսակցության ձայնագրությունն ունենք: Արենն իր գումարտակի շտաբի պետի և հրամանատարի հետ հեռախոսով խոսել է, Արենն ասում է՝ մնացել եմ մենակ, պայքարում եմ, բայց որ հասան ինձ տրաքացնելու եմ: Այս խոսակցությունը կա, որտեղ ասում է՝ ես մնացել եմ մենակ:
Ասեմ, թե իրեն ոնց են գրեվարել… Իրեն ծնկից վիրավորել են, արնաքամ է եղել, ուզեցել է իրեն տրաքացնի…Հրամանատարին ասում է՝ ես ինձ խփում եմ, մենակ եմ մնացել, էլ չեմ կարողանում, ինձ խփում եմ: Կամբատն այտեղից խնդրում է՝ Արամյան նման բան չանես: Արնաքամ լինելու պահին իր գլխին են խփում զենքի պոչով ու տանում են: Կտտանքները եղել են նաև պատերազմի դաշտում, գերեվարման պահին` կանգնել են վիրավոր ոտքի վրա, գլխի հարվածից կորցրել է գիտակցությունը, այդ ընթացքում թշնամու զինվորներց փորձել են այրել Արենի ձեռքի խաչի դաջվածքը։
Առաջին օրը տարել են ինչ-որ մորգում՝ դիակների հետ: Արենն ասում է՝ աչքերս բացեցի տեսնեմ սաղ դիակ են, արյուն եւ ես: Հետո իրեն տեղափոխել են Բաքու: Իսկ Բաքվում պետք է խոստովանեմ ի զարմանս ինձ` ոտքի երկու հաջող վիրահատություն են արել, որը փաստեցին և մեր բժիշկները։ Գերեվարման ողջ ընթացքում Արենը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում` երկու ոստիկանի հսկողության տակ։»,-պատմում է եղբայրը:
Արեն Արամյանին կալանավորել են Բաքվից վերադառնալուց մի քանի օր անց: «Վերադառնալու օրը տարեն են Մուրացանի հոսպիտալ, օգնություն են ցուցաբերել: Դուրս գրելու օրը քննչականն եկավ տնից տարվա ձերբակալվածների պահման վայր ու արդեն դատավարություն է լինում, մեկ ամսով կալանավորում են: Ծայրահեղ ծանր վիճակում ոնց են տարել կալանավորել, իր ոտքը չի էլ վերակենդանանալու: Թշնամի պետությունից եկել է հայրենիք և նման վերաբերմունք, պե՞տք է զոհվեր մի հատ մեդալ տային, ասեին հերոս էր»,-ասում է Կարեն Արամյանը:
Արեն Արամյանն այժմ Արմավիր ՔԿՀ-ում է:
Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը Forrights.am-ի հետ զրույցում զինծառայողին առաջադրված մեղադրանքից հետևյալը փոխանցեց.
«Հիմնավորումն այն է, որ անօրինական ազդեցություն կունենա գործով անցնող վկաների նկատմամաբ: Գործող անցնող վկաներ կարող են լինել միայն իր դիրքի անդամները, բայց նրանցից ութն այս պահին գերության մեջ են, ցավոք սրտի, իսկ մեկն էլ վերադարձել է դեկտեմբերի 4-ին: Դուրս է գալիս է, որ Արենն ազդեցություն է ունենալու Բաքվում գտնվողների վրա: Պայքարող տեսակին թողնում եմ միայնակ, դիրքից դուրս են գալիս, իսկ գերությունից հետ են վերադառնում ասում են՝ իմ հիշելով նահանջ հրաման է տվել: Մենք փաստ ունենք, որ Արամյանը հեռացողներին ասում է հետ արեք, ձայնագրություն ունենք»:
Հիշեցնենք՝ ՔԿ-ի միջնորդությամբ կալանավորվել է նաև գերությունից դեկտեմբերի 4-ին վերադարձած չորս զինծառայող:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: