Օֆիկ Անտոնյանը երբեք չէր պատկերացնի, որ 60 տարեկանում հայտնվելու է փողոցում, ընկերների ու բարեկամների բարեգթության հույսին:
Ծնունդով կապանցի, 30 տարի ապրել է Արցախում, ծառայել ՊԲ-ում: Ջեբրայիլի գունդը, որտեղ ծառայում էր Օֆիկը, առաջնագծից տասը մետրի վրա էր տեղակայված: Երբ թուրքերը մտան տարածք, ինքը Մեխակավանի ապաստարանում էր: «Ասեցին՝ թուրքերը արդեն տարածքում են, մի կերպ խցկվեք մաշինները, դուրս եկեք տարածքից: Նույնիսկ չհասցրեցինք տները մտնել, մի երկու շոր վերցնել, թողինք, հազիվ փախանք»:
Երբ հազարավոր մարդկանց նման, կորցրեց տունն ու ունեցվածքը, առաջին օրերին դեռ հավատում էր, որ ոչ ոք չի մնա առանց օգնության, բոլորին կտեղավորեն, կկերակրեն, գործ կտան:
«Իմ դեպքում ոչ մի բան էլ չեավ: Արդեն երեք ամիս է, ոչ գործ ունեմ, ոչ մնալու տեղ: Գնդի ընկերուհուս մոտ եմ մնում: Նա էլ մեծ տղա ունի, ամաչում եմ, ինչքա՞ն կարող եմ մարդկանց նեղություն տալ», — տխուր հարցնում է Օֆիկ Անտոնյանը:
Նա բոլոր պատկան մարմիններով անցել է ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանից մինչև Արցախի ներդրումային հիմնադրամ: Միակ լավ լուրը լսել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի աշխատակիցներից:
«Որ գնացի Խանումյանի մոտ, նրա աշխատողը ինձ ասեց՝ տիկին, կարամ քեզ տեղավորեմ «Կակադույում»: Այնտեղ բուժքրոջ հաստիք կա: Մի սենյակ տրամադրեն, մնաս, մեկն էլ քեզ համար բուժկետ կլինի»:
Մոտ մեկ ամիս «Կակադու» հրաշալի անունը ապրելու ուժ է տվել Օֆիկին: Մի ամիս նա հույսով սպասել է, որ Ասկերանի ճանապարհին, գետի ափին գտնվող «Կակադույում», որը հյուրանոցային համալիր էր, իսկ պատերազմից հետո ծառայում է ծեր տեղահանվածների կացարան, ինքը վերջապես գործ ու տանիք կունենա:
«Ուրախացա, մի ամիս, աչքերս թարթելով, քնում, զարթնում էի, թե «Կակադու» պետք է գնամ: Նախարարությունում Էսօր-էգուց էին անում: Մի օր էլ տաքսի բռնեցի, ասի՝ գնամ «Կակադու»: Էն որ ասում են՝ բողազիցդ կտրում, տաքսու ես տալիս, որ գործի ընդունվես, գնում, հասնում եմ, «Կակադուի» մեծը ինձ՝ թե բա, տեղ չունեմ բուժքույրի, ո՞վ ա քեզ տենց բան ասել: Հետո աշխատողներին ասեց՝ տարեք սրան, քցեք էն չորս պառավների մոտ, թող մնա: Ու բառերս առանց մինչև վերջ լսելու, թողեց, մեջք արեց, գնաց», — վրդովվում է Օֆիկը, վստահեցնելով՝ իրեն ոչ ոք դեռ այդպես չէր վիրավորել:
Մենք կապվեցինք Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հետ Օֆիկ Անտոնյանի հարցով: « «Կակադույում» ծառայություն մատուցողներից մեկը բուժքույր է, և հետևաբար այնտեղ անհրաժեշտություն չեն տեսնում ուրիշ բուժքրոջ: Մենք կացարանով ենք ապահովում, աշխատանքով չենք ապահովում: Այդ կնոջը ասել ենք՝ գնա այնտեղ տեղավորվի, եթե անհրաժեշտություն լինի բուժկետ հիմնելու: Հիմա եթե նա չի ուզում գա կացարանում մնա, ես ի՞նչ անեմ: Ես չեմ կարող բուժքրոջ աշխատատեղի հարց լուծել, ինքը պետք է դիմի առողջապահության նախարարություն:», — Forrights.am-ին պատասխանեց նախարար Հայկ Խանումյանը:
Օֆիկ Անտոնյանը առողջապահության նախարարություն երբեք չի դիմել: «Թող հենց սկզբից էլ այդպես ասեին, բա ինչո՞ւ էն ժամանակ չէին ասում, ուր դիմել, եթե տեղ չկա, ինչո՞ւ եք ինձ ուղարկել ստեղ, սռեղ էլ արհամարվեցի, ինչո՞ւ եք մարդկանց հետ այդպես վարվում»:
Օֆիկ Անտոնյանի երկրորդ ճակատամարտը Արցախի ներդրումային հիմնարամի հետ է: Պատերազմից հետո կառավարությունը հայտարարեց, որ կփոխհատուցվեն քաղաքացիների վարկերը. Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերը կփոխհատուցվեն, որ պետական աջակցությունից կարողանալու են օգտվել միայն Արցախում փաստացի բնակվող շահառուները։
Նախատեսվում էր, որ պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում:
Օֆիկ Անտոնյանը, որը մոտ 1,5 մլն վարկ ունի, բոլոր հայտարարված չափանիշներին համապատասխանում է, բայց ոչ նրա վարկերը ներվեցին, ոչ էլ որոշ չափով փոխհատուցում տրվեց: Այս հարցում էլ զինվորական թոշակառուն մերժում ստացավ:
«Ես դիմում եմ գրել Արցախի հիմնադրամին, ինձ պատասխանեցին, որ առաջին հերթին աջակցում ենք Արցախում ծնված տեղահանվածներին: Իսկ ես ծնունդով Հայաստանից եմ, Կապանից: Ես մեր կառավարությանը մեկ բան եմ խնդրում՝ որ իմ վարկերը հէչ դառնա, կամ գոնե ինձ լյուբոյ գործ տան, անեմ, ես էդ վարկերը փակեմ, թոշակովս կապրեմ», — ասում է Արցախյան երեք պատերազմների մասնակից, ավագ ենթասպա, բուժքույր Օֆիկ Անտոնյանը ու եզրակացնում՝ կյանքը «սնարյադների» տակ ավելի հեշտ էր, քան խաղաղության այս մեկ տարին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: