Ցմահները դուրս են եկել հացադուլից և պատրաստվում են բողոքարկել դատախազության որոշումները

70

Պատիժների եւ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները դաժան վերաբերմունք ունեն կալանավայրում 20 և ավելի տարի անցկացրած դատապարտյալների նկատմամբ:

 Մեկը մյուսի հետևից չեղյալ են համարվում արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները նրանց պահման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ, իսկ ցմահ դատապարտյալները որոնք հայտնվել են դատախազության թիրախում, սրան պատասխանում են բողոքի ծայրահեղ ակցիայով՝ հացադուլով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսից ուժի մեջ մտած քրեակատարողական նոր օրենսգրքով ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ ունենալու դեպքում 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 18 տարի ազատազրկումից հետո նա կարող է անցնել արդեն կիսաբաց ռեժիմի, երբ դռները չեն կողպվում, և դատապարտյալը ազատ ելումուտ է անում, աշխատում է, լինում է ընտանիքում, իսկ ՔԿՀ-ում միայն գիշերում է:  Սակայն դատախազությունը հրաժարվում է այս օրենքը կատարելուց:

Վերջին շրջանում սեպտեմբեր-հոկտեմբերին 5 ցմահի վերաբերյալ որոշումներ կասեցվեցին՝ Արամ Պետրոսյանի, Արմեն Տեր-Սահակյանի, Ալիկ Գրիգորյանի, Արտակ Ալեքյանի, Ցոլակ Մելքոնյանի: Արմեն Տեր-Սահակյանը նաև պահանջել էր, որ իրեն լրագրողներ այցելեն:

Հոկտեմբերի 8-ին մեր և «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանի այցելությունից հետո, մեր տեղեկություններով, նրան և մյուս հացադուլավորներին հանդիպման է գնացել դատախազ Իսախանյանը: Նա խոստացել է, որ ռեժիմի փոփոխության հարցին դրական լուծում կտրվի: Ցհամները դադարեցրել են հացադուլը:

Նրանցից Արամ Պետրոսյանը ծայրահեղ հյուծված, ծանր վիճակում է:

«Բայց եթե հարցը չլուծվի, մենք նորից հացադուլի ենք նստելու», — որդու միջոցով մեզ փոխանցեց Արմեն Տեր-Սահակյանը:

Մինչ օրս ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները կասեցնելու հիմքերը ոչ բոլոր դատապարտյալներին են տրամադրվել: Արամ Պետրոսյանը, օրինակ,լ չի ստացել իր որոշումը: Նրանք, ովքեր ստացել են՝ Արտակ Ալեքյանը և Արմեն Տեր-Սահակյանը, պատրաստվում են բողոքարկել են դրանք դատական կարգով:  

20 տարուց ավելի ճաղավանդակների հետևում անցկացրած մարդիկ, որոնց արդեն տեղափոխել էին կիսաբաց հաստատություններ, կրկին վերադարձվում են պահման հին վայրերը՝ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ պրիմիտիվ, տարօրինակ հիմնավորումներով՝ որ դատապարտյալները դրական վարքագիծ չեն դրսևորել, որ նախկինում ունեն տույժեր, թեև տույժը, օրենքի համաձայն, վերանում է 6 ամիս անց, զազրախոսել են: Ի դեպ, զազրախոսությունը որպես զանցանք սուբեկտիվ մոտեցման մեծ հնարավորություն է տալիս, անգամ սեփական կարծիք արտահայտելը կարող է դիտվել որպես զազրախոսություն:

Դատախազության բերած հիմնավորումները երբեմն նույնիսկ ծիծաղելի են: Դրանցով մարդկանց կիսաբաց ռեժիմից զրկելը անթուլատրելի է:

«Արմեն Տեր-Սահակյանին զրկել են կիսաբաց ռեժիմից, որոշման պատճառաբանություններից է այն, որ նախկինում նա մասնակցել է սպորտային միջոցառումների, սակայն էն ժամանակ  այդ մրցումներում ներգրավված չեն եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Բայց էն ժամանակ օրենքով նման բան չի եղել գրված, հիմա նոր օրենքի համաձայն պետք է յուրաքանչյուր սպորտամիջոցառման ժամանակ ֆեդերացիաներից մի ներկայացուցիչ լինի: Բայց իրենք ինչ մեղավոր են, որ  նման օրենք էն ժամանակ չի եղել», — ասում է Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը: Նա ասում է, որ վերահսկող դատախազը կասեցումները հիմնականում հիմնավորում է անցյալում կատարվածով:«Բայց ոչ ոք չի նայում, թե էդ դատախազները անցյալում ինչեր են արել»,:

 Հ.Գ. Քրեակատարողական ծառայությունից հերքում են, որ վերահսկող դատախազը այցելել է ցմահ դատապարտյալներին:

Ցմահ դատապարտյալներ Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է եղել սեպտեմբերի 13-ից,  Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից:

Վերոնշյալ ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել Դատախազության որոշման պատճառով, ըստ որի՝ կասեցվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և  դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից նորից վերադարձվել են կիսափակ ուղղիչ հիմնարկ:

Արամ Պետրոսյանին այցելել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները, վերահսկող դատախազը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները: Դատախազ Իսախանյանը նրանց չի այցելել», — ասում է խոսնակ Նոնա Նավիկյանը:

Սյուզան Սիմոնյան