« Մամ, վեր կաց, պապան էլ չկա »

1107

Նախօրեին լրացավ 56- ամյա կամավոր Քաջիկ Շահմուրադյանի մահվան տարելիցը: Նա զոհվել է Մատաղիսում` զինվորներին սնունդ տանելու պահին` ԱԹՍ հարվածից:

Քաջիկի դուստրը` Անահիտը պատմում է, որ պատերազմի մասին լուրը լսելու պահին եղել է հոր հետ: «Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 10- ին մենք իրար հետ էինք, ընտրում էինք եղբորս հարսանիքի զգեստը: Իմացանք, որ պատերազմ է սկսել: Ինքը ընտրեց իմ եղբոր կոստյումը: Ընտրեց իր համար զինվորական հագուստ: Ու ընտրեց մեր հարսիկի հարսանեկան շորը: Ինքը պատրաստվում էր հարսանիքի: Բոլոր հարազատներին հրավիրել էր, որ պետք է գային հոկտեմբերի 9- ին: Ինքը զոհվեց հոկտեմբերի 12-ին: Իր հագուստը որ գնեցինք, հորս վրա մեծ էր, ես եմ տարել այն փոքրացնելու: Երբ բերեցի, նա հագավ ու գնաց…»,- պատմում է դուստրը:

Կամավորը ՀԱԲ (Ռազմական միավորում Հայոց ազգային բանակ- հեղ.) անդամ էր, մասնակցել էր եւ Արցախյան առաջին եւ քառօրյա պատերազմներին: 2020թ-ին իր ջոկատի հետ Արցախ էր մեկնել հոկտեմբերի 2-ին:

Դուստրը իրեն մեղավոր է զգում, որ մեկնումից առաջ հորը լիարժեք հրաժեշտ չի տվել: «Ես մեր վերջին հանդիպմանը անգամ հաջող չեմ արել: Վստահ էի, որ գալու է: Ես դռան արանքից եմ հաջող արել»,- ասում է նա:

Զոհված կամավորի կինը` Ռուզանը, ամուսնու մահվան լուրը իմացել է որդուց` Երվանդից: «Երբ միանգամից բարեկամները եկան, հարեւանները եկան, լցվեցին ներս, հարցրի` Երվանդս ո՞ւր ա: Տղես աչքիս չէր երեւում: Հետո Երվանդս մտավ ներս, ասեց` մամ, վեր կաց, պապան էլ չկա»:

Զինակից ընկերները պատմել են, որ Քաջիկը զոհվել է ԱԹՍ հարվածից: «Իրանք նստել են, հաց են կերել,ընկերներին ասել է` դուք նստեք, կերեք, ես կողքի տղերքին տանեմ հաց տամ ու արագ վերադառնամ: Երբ խրամատից դուրս է եկել, ԱԹՍ-ն հարվածել է… մնացել է փլատակի տակ: Հարվածը հենց գլխից է եղել»,- ասում է կինը:

Շահմուրադյանի հրամանատարը պատմում , որ Քաջիկը պատերազմի օրերին բազմաթիվ կյանքեր է փրկել, սակայն մանրամասները ներկայացնել չի կարող:

«Նա իմ տեղակալն էր: Ես եմ հրամանատարը…  Պատերազմական գործողությունների ժամանակ իր դեպքից երկու օր առաջ ես ծանր վիրավորվել եմ: Ինձ հանել են դիրքերից: Ես հրամանատարությունը թողել եմ Քաջիկին… ես միայն կարող եմ ասել, որ նորից դուրս եմ գալու դիրքեր: Կիսամարդ եմ… ողնաշարիս կեսը սաղ երկաթներ են, հավաքած է, աղիքներիս կեսը չկա, ոտքս կիսատ է: Ասկոլկեքը գլխումս են, բայց ես դրա վրա չեմ կանգնում: Ես գնալու եմ, Քաջիկի պես մարդու համա,ր ես նորից պետք է գնամ Հայաստանի սահմանին կանգնեմ  »,- ասում է զոհված կամավորի հրամանատարը:

Քաջիկի որդու` Երվանդի հարսանիքը այդպես էլ տեղի չի ունեցել:  Հարազատները որոշել են որեւէ միջոցառում չանել, ուղղակի երիտասարդները ծնողների օրհնությամբ սկսել են միասին ապրել: Զոհված կամավորի հարսիկը այժմ որդի է սպասում: Նրան կանվանեն Քաջիկ:

Անի Գևորգյան