Պայմանագրային զինծառայող Արման Մեսրոպյանը մինչեւ հոկտեմբերի 15-ը մասնակցել է մարտերի Արաքսի ափին: Նա զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս` այդպես էլ չիմանալով, որ կինը սպասում է իրենց երկրորդ բալիկին:
Արմանը Արցախի Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղից էր, 2018թ-ին ամուսնացել էր, ուներ տղա: Հարազատները պատմում են, որ նա մեծ ոգեւորությամբ էր սպասում նոյեմբերի 2-ին, որ նշի որդու ծննդյան առաջին օրը: Սակայն սկսեց պատերազմը, ինչի հետեւանքով ընտանիքը նախ կորցրեց իր տունը, ամբողջ ունեցվածքը, ապա նաեւ սիրելի որդուն:
«Չգիտեմ, սա հաշտվելու բան չէր: Ես չեմ կարող պատկերացնել, որ որեւէ մայր կարողանա հաշտվել սրա հետ: Կամ ինչ-որ հպարտություն զգաս սրա համար: Սրա համար հպարտություն չկա: Մոր համար հպարտություն է, որ իր զավակները իր կողքին են ապրում, իր աչքի առաջ: Սրա համար ինչ հպարտություն , որ ինձ ասում են` պետք է հպարտանաս»,- ասում է Արմանի մայրը:
Պատերազմի ընթացքում Արմանը հաճախ էր տուն զանգում եւ հարցնում ավագ եղբորից, ով այդ պահին կռվում էր Հադրութում.
«Հադրութում այդ ժամանակ ավելի թեժ էր: Անհանգստանում էր, ասում էր` զանգեք, թող Զորոն գա տուն, թող ամեն ինչ թողնի ու գա, շատ վտանգավոր է, ոչ մի լավ բան չկա, ասեք թող գոնե ինքը գա տուն… չէինք պատկերացնում, թե ինչ է կատարվելու: Չգիտեր, որ վտանգը իր կողքն է, ոչ թե եղբոր»:
Ղազարապատ գյուղի բնակիները մինչեւ վերջին պահը չեն ցանկացել լքել իրենց տները: «Մենք դուրս չէինք գալիս: Ամսի 29-ին եղբայրս է եկել ու մեզ բերել: Այդ ժամանակ ես էի, Տաթեւը եւ Արմանի տղան: Այն ժամանակ մյուս երեխայի մասին չէինք էլ իմանում: Ամբողջ գյուղը դուրս չէր գալիս: Չեինք պատկերացնում, որ պետք է գյուղը դատարկենք: Կարծում էինք, թե քառօրյա պատերազմի նման ինչ-որ մի բան կլինի… Սա պատերազմ չէր,սա արհավիրք էր, դժողք էր: Էսպիսի բան ես չեմ պատկերացնում»,- պատմում է զոհված զինվորականի մայրը:
Այն մասին, որ հղի է,Արմանի կինը` Տաթեւը իմացել է հեկտեմբերի 16-ին: Նա անհամբեր սպասել է ամուսնու հաջորդ զանգին, որ հայտնի լավ լուրը, սակայն Արմանը այդպես էլ չի զանգել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա զոհվել է հոկտեմբերի 15-ին:
Արման Մեսրոպյանի հայրը` Գեղամը այդպես էլ չի հաշտվել որդու կորստի հետ: Յոթ ամիս անց նա եւս հեռացել է կյանքից:Հայր ու որդի այժմ հուղարկավորված են ՀՀ Արարատի մարզի Արեւշատ գյուղի գերեզմանատանը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: