Չորս երեխաների հայր, Իրանում  ծնված, հետագայում  Աբովյան տեղափոխված Ռուբիկը  «Երկրապահ կամավորականների միության»   անդամ էր, մինչեւ արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելն ու զոհվելը մասնակցել էր նաեւ արցախյան առաջին պատերազմին,  2016թ. ապրիլյան  քառօրյա պատերազմին:

Հոկտեմբերի 10-ին լրացավ մեկ տարի առաջ արցախյան պատերազմի մասնակից Ռուբիկ Ռաթեւոսյանի մահվան տարելիցը: 

«Ինչպես ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմի լուրը լսելուն պես, եկավ, հագուստները վերցրեց ու գնաց: ԵԿՄ-ից էլ էին իրեն զանգել ու ասել: Գնաց սկզբում Ջրական, հետո էլ Հադրութ, որտեղ էլ, ճանապարհին,  ավտոբուսը շրջվել էր, ընկել ձորը, ինքն էլ զոհ գնաց: Չէր էլ ցանկացել, որ գա, բայց  ոտքերն ուռած են եղել, բերել են, որ հերթափոխից հետո նորից գնա: Քանի անգամ   զանգել, ասում էի՝ արի՛, կհանգստանաս, հետո կգնաս, ասում էր՝ չէ, բա մեր երեխեքի մոտ ո՞վ մնա, բա՞ մեր երեխեքը: Դա՛ է եղել մեր վերջին խոսակցությունը»,-պատմում է Ռուբիկի կինը՝ Ասյա Սարգսյանը:

 Ըստ նրա՝ ամուսինը  2016թ. ապրիլյան պատերազմից հետո մտավախություններ է ունեցել, որ այն կարող է կրկնվել:  Այն ժամանակ էլ նա, կնոջ ասելով, շատ անհանգիստ է եղել:

 «Աստված ոչ անի, որ նորից պատերազմ  լինի, մեղք են մեր երեխեքը»,- ասել է նա:

Վերջին պատերազմի ժամանակ երկու անգամ է խոսել կնոջ հետ, երկար չի խոսել, միայն ասել է, որ չի կարող գալ: Այլ մանրամասներ Ասյան չի հիշում: Նա միայն արտասվում էր եւ ասում, որ ամուսինն ավելի շատ որդիների հետ է խոսել, նրանք միգուցե ավելի շատ բան գիտեն: Բայց պատերազմից հետո տղաներն էլ են լռակյաց դարձել, չեն ցանկանում խոսել:

…Իսկ հոկտեմբերի 10-ի առավոտյան  Ռուբիկը զոհվել է:

Ասյան զրույցի ժամանակ միացնում է տեսանյութը, որտեղ երեւում է, թե ամուսինը ինչպես է հայրենասիրական երգեր երգում: Ասում է, որ մինչեւ պատերազմ գնալն էլ էր երգում ռազմահայրենասիրական երգեր: Ռուբիկի երկու  տղաներն էլ՝ Արարատն ու Մկրտիչը,  պատերազմի ընթացքում սնունդ են տարել Արցախ:

Ասյան մտահոգ  է, որ պատերազմը դեռ շարունակվում է, զոհեր ենք ունենում, եւ 18-20  տարեկան պատանիները զոհվում են: Մտահոգ է, որ այս ամենի վերջը չի երեւում, խաղաղություն չի հաստատվում:

Իսկ Ռուբիկի եւ իր ընկերների մահվան տարելիցի օրը՝ հոկտեմբերի 10-ին,  Աբովյան քաղաքում, ԵԿՄ-ի շենքի դիմաց  հուշաքար են տեղադրել, բացման արարողություն արել: Մեկ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պարգեւն է մնացել. «Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ 99243 զորամասի զինծառայող, շարքային Ռուբիկ Արտավազդի Ռաթեւոսյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով »: 

Թագուհի Հակոբյան

Pin It on Pinterest