Չարենցավան քաղաքի բազմաթիվ պուրակներ վերջին մեկ տարում վերանվանվել են 44- օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների անուններով: Նման պուրակներից մեկը նվիրված է Արմեն Չոբանյանին, ով հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով ու Մարտական Խաչ շքանշանով:
Արմենը ծառայում էր Մարտունի 3-ում, պատերազմի ընթացքում Հադրութ տեղափոխվելիս անհետացած ապա սպանված հայտնաբերված 73 զինվորներից մեկն է:Այս դեպքին նախկինում բազմիցս անդրադարձել էինք, հայտնել էինք, որ զինվորները Հադրութ էին ուղարկվել այն ժամանակ, երբ այդ բնակավայրը այլեւս թշնամու ձեռքում էր: Հայտնել էինք նաեւ, որ դեռեւս այս տարվա ապրիլին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել էր այս դեպքի հետ կապված հարուցված քրեական գործով: Փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք էր առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Թեեւ գործով քննությունը շարունակվում է, սակայն այս ամիսների ընթացքում զոհված տղաների ծնողները որեւէ առաջընթաց չեն նկատում եւ այլեւս հույս չունեն, որ իրավական ճանապարհով հնարավոր է բացահայտել ու պատասխանատվույան կանչել մեղավորներին:
Արմեն Չոբանյանիի հայրը` Աշոտ Չոբանյանը զինվորական է, ասում է` երբ որդին մեկնում էր ծառայության, ինքը հանգիստ էր, քանի որ Արմենը կազմակերպված ու դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվող տղա էր:
Պատերազմի ժամանակ հայրը ծառայության մեջ էր գտնվում Օմարում, իսկ որդին Մարտունի 3-ում:
«Դե ես իրան ասում էի այն, ինչ ծնողը պետք է ասի իր էրեխուն, ասում էի` պետք չի դուխից ընկնել, դուխդ տեղը պահի, բայց պետք է զգույշ լինեք, ամեն ինչը, ինչ անում եք մտածված անեք: Ինքն էլ ասեց` պապ ջան, սաղ նորմալ ա, ցավդ տանեմ, չմտածես, դու քեզ լավ նայի, դու գիտես, որ առանց քեզ չեմ կարող ապրել: Ես էլ ասացի` դու առանց ինձ չես կարող, ես էլ առանց քեզ չեմ կարող… » ,- ասում է զոհված զինվորի հայրը:
Նա նշում է, որ որդու որոնողական աշխատանքները տեւել են մոտ հինգ ամիս եւ այդ ամբողջ ընթացքում ինքը հույս ուներ, որ որդին ողջ է, ուղղակի որեւէ տեղ թաքնված է: « Ով կպատկերացներ… կյանքում ո ՞վ կպատկերացնի, որ ինքն իր տղուն իր ձեռքերով կհուղարկավորի: Ոչ մի ծնող… Բոլորն էլ ինձ նման… Իրանք 18, 19 տարեկան տղերք ավելի լավ են իմացել իրանց տան գինը, իրանց հայրենիքի գինը, քան էն մարդիկ, ովքեր իրենց այլ ձեւ են պահել, ովքեր էրեխեքի վերադասներն են եղել, եղել են շատ պասիվ, իրանց գործի մեջ շատ են թերացել»,- ասում է Աշոտ Չոբանյանը ու նշում` իր որդին եւ մյուս 72 տղաները կռվել են մինչեւ վերջին շունչը` բացառելով գերի ընկնելու հնարավորությունն անգամ:
Անի Գեւորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։