Հայաստանի եզդիական համայնքը ստորագրահավաք է անցկացրել՝ ի պաշտպանություն «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի։ Ստորագրահավքին մասնակցել են եզդիական համայնքի ավելի քան 1500 ներկայացուցիչներ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել եզդի իրավապաշտպանի նկատմամբ տեղի ունեցող հակաիրավական պրոցեսի առնչությամբ և դիմել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով դադարեցնել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Ստորագրահավաքի փաստաթղթերը և համապատասխան գրությունը օրերս հանձնվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Ստորև ներկայացնում ենք ստորագրահավաքի տեքստը․
Մեծարգո՛ պարոն Փաշինյան,
Մենք՝ Հայաստանի եզդիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր անհամաձայնությունն ու խիստ վրդովմունքը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ։
Մեզ համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ չնայած մեկ տարուց ավել ձգվող ուղղորդված քննության և անհամաչափ քննչական գործողությունների ընթացքում չեն հայտնաբերվել Սուլթանյանի և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» կողմից թշնամանք հրահրելու որևէ հիմնավոր ապացույց, այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազությունը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ թշնամանք հրահրելու գործողություն որակելով մարդու իրավունքների խախտումների բարձրաձայնումը:
Ծանոթ լինելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» և մասնավորպես Սաշիկ Սուլթանյանի գործունեությանը վստահորեն պնդում ենք, որ նա իր գործունեությամբ մշտապես գործուն քայլերով նպաստել է հայ-եզդիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը և եզդիների իրավունքների պաշտպանությանը ։
Մենք շատ կարևոր և արժեքավոր ենք համարում իր և իր կազմակերպության գործունեությունը, որն ուղղված է Հայաստանում եզդիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ 2018թ․ թավշյա հեղափոխությունուց հետո Սաշիկ Սուլթանյանը և իր ղեկավարած կազմակերպությունն իրականացրել են մի շարք ծրագրեր ու աշխատանքներ, որոնք էական լինելով եզդիների իրավունքների պաշտպանության առումով, միաժամանակ շատ կարևոր են մեր հասարակության մեջ ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակի ձևավորման, ինչպես նաև եղբայրական եզդի և հայ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից։
Սույնով խնդրում ենք՝
1.Դադարեցնել քրեական հետապնդումն եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ
2.Ապահովել բավարար պայմաններ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» անկաշկանդ գործունեության համար
3.Ձեռնամուխ լինել Սուլթանյանի և իր գործընկերների բարձրացրած հարցերի լուծմանը
4.Սկսել քննարկումներ եզդիական համայնքի հետ խնդիրների հավաքման և դրանց լուծման ուղղիների ստեղծման համար:
………………………….
Հիշեցնենք, որ չնայած մեկ տարուց ավել ձգվող ուղղորդված քննության և անհամաչափ քննչական գործողությունների ընթացքում չեն հայտնաբերվել Սաշիկ Սուլթանյանի և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» կողմից թշնամանք հրահրելու որևէ հիմնավոր ապացույց, այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազությունը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ թշնամանք հրահրելու գործողություն որակելով մարդու իրավունքների խախտումների բարձրաձայնումը:
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող-փորձագետները, հեղինակաովոր Freedom House, Human Rights Watch, Frontline Defenders միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ։ Դատապարտող հայտարարություն են տարածել նաև ՀՀ-ում գործող բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպաններ՝ կոչ անելով դադարեցնել ապօրինի հետապնդումը և մտահոգություններ հայտնելով, որ նման նախադեպով ԱԱԾ-ն խափանում է ազգային կամ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ այլոց կողմից փոքրամասնություններին վերաբերվող խտրական կամ մարդու իրավունքներին վերաբերվող այլ խնդիրների հրապարակային արծարծումն ընդհանրապես:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: