Ցհամ դատապարտյալները բողոքում են ՀՀ գլխավոր դատախազության դեմ, որը չեղյալ է համարել իրենց պահման ռեժիմը փոխելու ԱՆ համապատասխան հանձնաժողովի ընդունած որոշումները եւ դատապարտյալներին վերադարձրել է խցեր։
Մարդիկ, որոնք 20 տարուց ավելի անցկացրել էին ճաղավանդակների հետևում, վերջապես փոքրիկ, բայց բաղձալի ազատություն էին ստացել, որը դատախազությունը վերացրեց: Այժմ նրանք բողոքի ծայրահեղ ձևն են ընտրել, ընդդիմանալով ապօրինի որոշումներին:
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արամ Պետրոսյանը արդեն 15 օր է, հացադուլի մեջ է: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ աղբյուրից տեղեկացանք, որ նրան են միացել եւս երկու դատապարտյալներ’ Արմեն Տեր-Սահակյանը եւ Ալիկ Գրիգորյանը։ Արամ Պետրոսյանի’ մեզ հետ կապի դուրս եկած ընկերները հայտնեցին, որ նա ծանր վիճակում է, «ամբողջովին հյուծվել է»։
«Մի ութ օր առաջ եկել էր վերահսկիչ դատախազ Իսախանյանը, որի դեմ Արամը բողոքել էր: Նա էր կասեցրել Արամ Պետրոսյանի և Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները: Իսախանյանը Արամին ասել է, որ իր հացադուլը անիմաստ է և հորդորել է դադարեցնել: Որևէ գրավոր հիմնավորում, թե ինչու են Արամի պահման ռեժիմը կրկին փոխել, դատախազ Իսախանյանը չի տվել:
Դատախազն ու սոցիալ հոգեբանների պետի տեղակալ Անանյանը իրար հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ են: Իսախանյանի վրա պետք է ծառայողական քննություն սկսել, որովհետև այդ մարդը բազմաթիվ խախտումներ է թույլ տալիս: Նա բողոք էր ներկայացրել Փաշինյանին և պահանջել էր, որ դատախազ Իսախանյանի դեմ ծառայողական քննություն սկսեն, նա հենց դրանից էր վառված՝ եկել Արամին տեսնելու, ոչ թե որ իր մասին էր մտածում ու ուզում էր հացադուլից հանել նրան», — ասում է Արամ Պետրոսյանի ընկերներից մեկը:
Դատախազությունից հրաժարվեցին մեր հարցերին պատասխանելուց, պատճառաբանելով, որ միայն գրավոր հարցման են պատասխանում: Այնտեղ չեն հասկանում, թե ինչ արժե հացադուլավորի համար սպասման մեկ օրը:
ՀՀ ՔԿՀ ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը Forright.am-ի հարցմանը պատասխանելով, հայտնեց, որ ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 13-ից, Արմեն Տեր-Սահակյանը՝ սեպտեմբերի 27-ից, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 29-ից:
«Վերոնշյալ ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել դատախազության որոշման պատճառով, ըստ որի՝ կասեցվել է ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը, և դատապարտյալները կիսաբաց ուղղիչ հիմնարկից նորից վերադարձվել են կիսափակ ուղղիչ հիմնարկ», — ասաց նա։
Նավիկյանը հայտնեց նաև, որ ՔԿ ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները այցելել են Արամ Պետրոսյանին։ Փաստորեն, դատախազությունը, պատկերավոր ասած՝ դեն է նետել նախարարության ստեղծած հանձնաժողովի որոշումը և մարդկանց կրկին փակել է։
Ի՞նչ խնդիր է լուծվում սրանով և ինչպե՞ս է վերաբերվում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը այն իրողությանը, որ դատախազությունը հետևողական ձևով չեղյալ է համարում տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները, կոտրելով 20 տարուց ավելի ճաղավանդակների հետևում գտնվող մարդկանց վերջին հույսը։ Այդ դեպքում ինչ՞ի է պետք հանձնաժողովը, եթե դրա որոշումները ենթակա չեն կատարման։
ԱՆմամուլի քարտուղարը մեզ փոխանցեց Անդրեասյանի պատասխանը. «Համաձայն գործող իրավակարգավորումների՝ դատախազական հսկողության շրջանակներում Դատախազությունն իրավունք ունի կասեցնելու Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները և վերանայման միջնորդագիր ներկայացնելու Հանձնաժողովին։ Վերջինս, ըստ այդ միջնորդագրի՝ վերանայում է այդ որոշումը կամ թողնում է անփոփոխ կամ համաձայնում Դատախազության հետ կամ, ընդունելով Դատախազության դիրքորոշումը՝ կայացնում նոր որոշում»։
Խոսնակը հավելեց, որ մշակվում է օրենսդրական փաթեթ, որով լուծում է տրվելու թե’ Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների և թե’ Դատախազության կողմից կասեցումների գործընթացի կանխատեսելիությանը վերաբերող հարցերին։ Փաթեթը լրամշակման փուլում է, իսկ ցմահների հետ բացատրական աշխատանքներ են տարվում, «տեղեկացնելով հացադուլի հնարավոր վնասակար հետևանքների մասին»։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների «հետողորմյան» բացատրում է նրանով, որ ցմահները պատշաճ օրինակելի վարք չեն դրսևորել, և հետևապես, նրանց կիսաբաց ռեժիմ տեղափոխելու իրավունք չկար։
«Որոշումների հիմքում դրված փաստաթղթերի, ինչպես նաև դատապարտյալների անձնական գործերի և անհատական քարտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատապարտյալները կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելիս դրական վարքագիծ չեն դրսևորել: Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է առնվազն հիմնավորվեր, որ դատապարտյալների հետ իրականացվել են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների՝ կիսափակ ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ և բավարար ծավալը, ինչը Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով և դատախազությանը ներկայացված փաստաթղթերով որևէ կերպ չի հիմնավորվել», — ավելի վաղ մեզ հայտնել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Երեկ տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին ու 29-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցել ել են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ, առանձնազրույցներ են ունեցել իրենց դիմած Արամ Պետրոսյանի և Արմեն Տեր-Սահակյանի հետ:
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ Պետրոսյանը «առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ «ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի՝ 2021 թվականի հուլիսի 23-ի միջնորդագրի հիման վրա, իրեն անհասկանալի պատճառներով, ՔԿ ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը կասեցվել է, ինչի արդյունքում կրկին տեղափոխվել է կիսափակ տեսակի քրեակատարողական հիմնարկ»:
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանն առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է ՄԻՊ աշխատակիցներին , որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարել է անժամկետ հացադուլ:
«Ա. Տեր-Սահակյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը կայացրել է իրեն մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող՝ կիսափակ տեսակի ՔԿ-ից կիսաբաց հիմնարկ տեղափոխելու մասին որոշում: Նշել է, որ դատախազի միջնորդագրի հիման վրա, իր համար անհասկանալի պատճառներով, ՔԿ ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը կասեցվել է: Այցի ընթացքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանը ևս սեպտեմբերի 29-ից հայտարարել է անժամկետ հացադուլ», — Forrights.am-ին հայտնեց ՄԻՊ խոսնակ Նունե Հովսեփյանը:
Ալիկ Գրիգորյաին ևս այցելել են, և նա նույնպես հայտնել է, որ ՔԿԾ տեղաբաշխման հանձնաժողովն իր նկատմամբ կայացրել է մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող՝ կիսափակ տեսակի ՔԿՀ-ից կիսաբաց հիմնարկ տեղափոխելու մասին որոշում և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ սակայն դատախազի միջնորդագրի հիման վրա հիշյալ որոշումն անհիմն կերպով կասեցվել է և սեպտեմբերի 28-ին կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Առանձնազրույցների ընթացքում դատապարտյալներին ներկայացվել են հացադուլի բացասական հետևանքների վտանգավոր ազդեցությունը նրանց առողջական վիճակի վրա, ինչպես նաև իրենց նկատմամբ կայացված ակտերի բողոքարկման ընթացակարգերը: Առանձնազրույցի արդյունքներն ու ստացված բողոքները ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, նրանց իրավունքների ապահովման առնչությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: