44-օրյա պատերազմի 18-ամյա մասնակից Կարապետ Բուռնազյանի անունը նախ հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ նրան ճանաչել էին որպես անհետ կորած, որոշ ժամանակ անց էլ` գերի: ԴՆԹ-ի պատասխանը, ըստ որի, Կարապետը զոհվել է, պատրաստ էր եղել հունվարի 15-ին, սակայն զինվորի մորը որեւէ մեկը դրա մասին չէր հայտնել:
Կարապետը 18 տարեկանում հասցրել էր ոչ միայն ավարտել դպրոցը, այլեւ սովորել մինչեւ երրորդ կուրս: Դպրոց էր սկսել հաճախել 5 տարեկանից, գիտեր ֆրանսերեն, անգլերեն, զբաղվում էր վիդեոմոնտաժով, ձայնային մոնտաժով, ֆիզիկոս էր, կապի մասնագետ: Բանակից հետո պատրաստվում էր մեկնել արտերկիր` ուսումը շարունակելու, ապա վերադառնալ Հայաստան եւ իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքին:
« Կարոն միշտ կատակով ասում էր` մամա, դու չգիտես, թե ում հետ ես շփվում, ես շատ լուրջ մարդ եմ, ես մեծ մարդ եմ: Ես ներքին հպարտություն էի ապրում, որ շատ լավ տղա ունեմ… Ինքը նկատի ուներ, որ կարող է պիտանի լինել հայրենիքին, մյուսներին, նկատի ուներ իր ինտելեկտը, շատ բարի հոգին… բայց լրիվ այլ բան ստացվեց…», — ասում է մայրը` Անահիտ Պատատյանը:
Կարապետը մոր միակ զավակն էր: Տիկին Անահիտը որդուն միայնակ էր մեծացրել, կյանքի ընթացքում մայրն ու որդին շատ փորձություններով էին անցել ու շատ խնդիրներ էին հաղթահարել: Մայրը հիշում է, որ Կարապետն ասում էր` արագ կծառայի ու կվերադառնա, որ սա էլ միասին կանցնեն. «Բայց չանցանք…»:
Ամիսներ տեւած անորոշությունից հետո պարզվել է, որ Կարապետը զոհվել է հոկտեմբերի 14-ին` մարտական դիրքում: « Հոկտեմբերի 14-ին Կարոենց ուղարկել էին մարտական դիրք` ՀՈՊ-ի բարձունքի հետեւը, ու էրեխեքը չէին վերադարձել, ընկել էին շրջափակման մեջ: Կոնկրետ հրաման էր տրվել, որ այդ կողմից քսան թուրք է գալիս դեպի զորամաս, հրաման էին տվել, բարձրացել էին այդ կողմ, այնինչ արդեն երեք կողմից շրջափակում է եղել, էրեխեքը փախնելու տեղ չեն ունեցել: Այսինքն սխալ ինֆորմացիա է եղել, ոչ 20, այլ 300 ադրբեջանցիներ, թուրքեր շրջափակած են եղել: Էրեխեքը հենց այդ դիրքում էլ զոհված են եղել, անկախ նրանից, որ հետո միտումնավոր, թե ոնց, լուրեր էին տարածվում, թե այդ դիրքում մարդ չի եղել»,- պատմում է մայրը: Որ ԴՆԹ հետազոտության արդյունքում Կարապետը հայտնաբերվել է, մայրը իմացել է դրանից միայն մեկ ամիս անց, երբ ինքն է զանգահարել պետական կառույցներին:
Կարապետի հուղարկավորթւոյւնը տեղի է ունեցել մարտի 20-ին` Եռաբլուրում:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: