Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն զեկույց է պատրաստել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ տուժած դպրոցների վերաբերյալ: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Human Rights Watch-ի մասնագետներն այցելել են Ադրբեջանում և Արցախում հարձակման ենթարկված տարածքներ՝ պարզելու, թե արդյոք զինված ուժերը հետևել են պատերազմի ժամանակ միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին՝ պաշտպանել քաղաքացիներին հարձակումներից:
Հրապարակված զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը հավաքագրել է, թե ինչ է եղել դպրոցների հետ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում և վերհանել դպրոցական երեխաների համար պատերազմի որոշ հետևանքներ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ ընթացքում ավերվել կամ վնասվել է 71 դպրոց հայկական կողում (երկուսը՝ ՀՀ-ում) և 54 դպրոց ադրբեջանական կողմում, ինչպես նաև տասնյակ մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և մասնագիտական դպրոցներ:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ դպրոցները համավարակի պատճառով փակվել էին 2020թ. մարտին և նոր էին բացվել, երբ ստիպված էին կրկին փակվել պատերազմի պատճառով: Բազմաթիվ դպրոցներ ծառայել են որպես տանիք տեղահանվածների համար: Արցախում որոշ դպրոցներ կիրառվել են նաև որպես զինվորական հոսպիտալներ և զորամասեր, որոշները թալանվել են տեղի բնակիչների կամ հայկական զինված ուժերի կողմից, ասվում է զեկույցում:
Նկարագրելով ադրբեջանական Դույարլի գյուղի դպրոցին հայկական կողմից հասցված վնասը՝ զեկույցի հեղինակները փաստում են, որ ադրբեջանական ուժերը տեղակայված են եղել բնակավայրի մոտ, ինչը մեծացրել է բնակավայրերին հարված հասցնելու ռիսկը: Հոկտեմբերին արված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Դույարլիից հարավ-արևելք տեղակայված են եղել ադրբեջանական 10 կրակակետ, դրանցից մեկը՝ բնակելի տնից ընդամենը 10 մետր հեռավորության վրա: Բացի այդ, մոտ 800 մետր արևմուտք տեղակայված է եղել 3 ծանր հրետանի, 4 հրթիռային համալիր 1.5 կմ հյուսիս, և 2 հրթիռային համալիր՝ 2.5 կմ հարավ-արևմուտք:
«Այնուամենայնիվ, այս ռազմական օբյեկտների առկայությունը չի բացատրում կամ չի արդարացնում դպրոցի վրա ուժեղ հրետանային հարվածը: Դպրոցի կամ քաղաքացիների վրա ցանկացած կամայական թիրախավորում համարվում է պատերազմական հանցագործություն»,- ասվում է զեկույցում: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները նույնպես հայտնել են, որ ադրբեջանական անօդաչուները հարված են հասցրել Հայաստանի Սոթք և Կութ գյուղերի երկու միջնակարգ դպրոցների, և տեղեկացրել, որ հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 9-ին անօդաչուի հարվածից լուրջ վնասվածք է ստացել 14 տարեկան մի տղա, որը Սոթքի մոտ մի քանի այլ քաղաքացիների հետ գնալիս է եղել կարտոֆիլ հավաքելու: Զգալի վնաս է կրել Կարմիր շուկայի միակ դպրոցը, որը հայկական ուժերի կողմից օգտագործվել է որպես դաշտային հիվանդանոց: Ամենամեծ վնասը դպրոցը կրել է մեծ հավանականությամբ հոկտեմբերի 15-ի հարվածից:
Ինտենսիվ հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտից 15 կիլոմետր հյուսիս գտնվող Ասկերանը, որի Արվեստի և երաժշտության դպրոցի նկուղը վերածվել էր ժամանակավոր հիվանդանոցի: Բժիշկներն ու խնամք փնտրող բնակիչները, ինչպես նաև մարդիկ, ովքեր փորձում էին պատսպարվել հարձակումներից, այնտեղ են եղել, երբ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին հրթիռը հարվածել է շենքից երկու մետր հեռավորության վրա գտնվող մեքենային: Դպրոցի շենքը լրջորեն վնասվել է: Զարմանալի է, որ նկուղում ոչ ոք չի վիրավորվել: Զեկույցի հեղինակները փաստում են, որ դպրոցները կրակի են տրվել նաև պատերազմից հետո այն տարածքներում, որոնք եռակողմ հայտարարությունից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
2020 թվականի սեպտեմբերին Արցախում եղել է 220 դպրոց՝ մոտ 24 000 աշակերտով: Մինչև նոյեմբեր, այդ դպրոցներից 107 -ը, որտեղ սովորում էին 6834 աշակերտ, ինչպես նաև 4 արվեստի դպրոց և 4 մարզադպրոց (մոտ 1750 աշակերտի համար), գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ: Երբ հրադադարից հետո բնակիչները սկսեցին վերադառնալ Արցախ, հայկական կողմի վերահսկողության տակ մնացած դպրոցները բախվեցին բազմաթիվ խոչընդոտների՝ կապված վերաբացման հետ: Պատճառն այն էր, որ դպրոցները ծառայել էին որպես ժամանակավոր կացարաններ տեղահանված խաղաղ բնակիչների համար, ինչպես նաև զորանոցներ հայկական ուժերի համար: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվեցին, սակայն որոշ դպրոցներ անվտանգության նկատառումներից ելնելով գրեթե դատարկ են մնացել: Վերադարձող անձնակազմը պարզել է, որ շատ դասարաններ թալանվել են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: