Բազմազավակ մայր, զինծառայողի այրի, 32-տարեկան Իզաուրա Բալասանյանը, որը 4 երեխաների հետ մնացել էր անտուն, Ստեփանակերտի փողոցներում, օգոստոսի 1-ին վերցրել է զավակներին և փորձել է վերադառնալ իր նախկին բնակության վայր՝ Շուշի քաղաք:
Կնոջն ու փոքրիկներին կանգնեցրել են ռուս և ադրբեջանցի սահմանապահները և հանձնել են Արցախի Ազգային անվտանգության ծառայությանը: Իր ծայրահեղ քայլը Իզաուրան բացատրել էր նրանով, որ տան տիրուհին, որտեղ նա բնակվում էր, բարձրացրել էր բնակվարձը, հասցնելով ամսական 150 հազար դրամի, և ինքը չուներ միջոցներ, որպեսզի շարունակեր ապրել այդ կիսանկուղային բնակարանում:
Հարկադիր վերադարձից հետո ծանոթների միջնորդությամբ Իզաուրան և երեխաները տեղավորվել են Խնածախ գյուղից 2-3 կմ հեռու գտնվող Ջամալու կոչվող տեղանքում, մի տան մեջ որտեղ չկան տարրական պայմաններ:
Իր հետ կատարվածի, իր սոցիալական խնդիրների մասին կինը Forrights.am-ին պատմել էր հույսով, որ կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն իրեն, կհովանավորեն երեխաներին, նրանց համար դպրոցական պարագաներ կգնեն՝ տետրեր, պայուսակ:
Սակայն օգնելու փոխարեն որոշ ԶԼՄ-ներում վարկաբեկման արշավ է սկսվել սոցիալապես անապահով կնոջ դեմ:
1in.am էլեկտրոնային պարբերականն է թիրախավորել Իզաուրա Բալասանյանին: Բառացիորեն արտատպելով մեր հրապարակման մի քանի պարբերություն, այնուհետև տեղադրել է Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի գնահատականները բազմազավակ մոր բարոյականության վերաբերյալ: Նախկին քաղաքպետը զինծառայողի այրուն մեղադրում է բոլոր մեղքերի մեջ, ասելով, որ նա շոու է սարքում, ստում է, որ սիրեկաններ է ունեցել, և այդ պատճառով են իրեն դուրս հանել վարձով տանից:
«Տանտերը մանրամասն գրել է ինտերնետում, որ հարևաններից ասել են, որ իրենց տուն տղամարդիկ են եկել-գնացել: Բանը հասել է նրան, որ այդ կնոջ երկու սիրեկանները դրսում կռվել են և տանտերը որոշել է, որ նրան տնից դուրս հանի», — պատմել է քաղաքապետը:
Այնուհետև այս նույն կեղտոտ սպիտակեղենը լվացել է auroranews.am կայքը: Պասը ստանալով 1in.am-ից, այս ԶՄԼ-ն արտատպել է վերջինիս նյութը, ավելի հեռուն գնալով. խեղճ Իզաուրայի սիրեկանների մասին նախադասությունից ինտրիգային վերնագիր է ստացել. «Բանն այն է, որ այդ կնոջ երկու սիրեկանները դրսում կռվել են և տանտերը որոշել է, որ նրան տնից դուրս հանի․ մանրամասներ»:
Բազմազավակ մոր բարոյական կերպարի այս «լուսաբանումներն» իհարկե, չեն կարող փրկել այն չինովնիկների դեմքը, որոնք դրդել են նրան ծայրահեղ քայլի՝ վերցնել երեխաներին և գնալ տուն, Շուշի, որտեղ ադրբեջանցիներ են ապրում:
Նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է, որ Իզաուրան շուշեցի չէ, որ նա Շուշիում ապրել է վարձով, սակայն սա ևս չի կարող արդարացում լինել, քանի որ Շուշին այն քաղաքն է եղել, որտեղ Իզաուրան երջանիկ ապրել է իր երեխաների հետ, և այս հիշողությունն է նրան հետ տարել Շուշի:
Շուշիի քաղաքապետն ասում է, որ Իզաուրային պետությունը օգնել է, տուն է տվել, սակայն չի ասում, որ այդ տունը՝ Ասկերանի շրջանի Խանձք գյումում, մի կիսաքանդած շինութուն էր, օձերով լի: Իսկ երեխների հետ մնալ օձերի հարևանությամբ Իզաուրան չի կարողացել:
Զինվորականի այրիի հասցեին արված այս կրքոտ խարազանումներում, մանավանդ նրա բարոյական կերպարին անդրադարձներում նկատելի են անձնական բարդույթներ:
Հասկանալի է, որ բազմքազավակ մոր արարքի համար նախկին քաղաքապետը / իդեպ, նա այսօր էլ իրեն համարում է Շուշիի քաղաքապետ/ պատասխանատվության մեծ բաժին ունի: Անքաղաք քաղաքապետը հիմա էլ աշխատում է Արցախի օպերատիվ շտաբում, ընդունում է շուշեցիներին, մասնակցում է նրանց սոցիալական հարցերի կազմակերպմանը, և պարտավոր է կատարել իր աշխատանքը անկախ այն հանգամանքից, թե ունեն շահառուները զուգընկերներ, սիրեկաններ, կամ ամուսիններ, թե ոչ:
Իզաուրա Բալասանյանը իրեն վարկաբեկող նյութերը հայկական մամուլում չի կարդացել: Նա ժամանակ չունի: Նրա առօրյան գերհագեցած է: Երեխաներին ոտքով դպրոց է տանում, որը գտնվում է Ջամալույից 2-3 կմ հեռու, հետ է գալիս, սնունդ է պատրաստում, ու կրկին գնում է դպրոց՝ երեխաներին տուն բերելու:
Հ. Գ. Մենք փորձեցինք Շուշիի անքաղաք քաղաքապետին հարցնել թե ինչու է հրապարակային վիրավորանքներ տարածում առանց այդ էլ տուժած, տանջված կնոջ հասցեին, սակայն լսելով Իզաուրա Բալասանյանի անունը նա անջատեց բջջայինը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: