Հայկազ Հարությունյանը հուլիսի 8-ին մեկնել էր ժամկետային զինվորական ծառայության, եւ մորը չէր հայտնել, որ դեռեւս կարանտինի ընթացքում վիրահատության էր ենթարկվել: Նա եղել է հետվիրահատական փուլում, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը, եւ նորակոչիկը մեկնել է առաջնագիծ :
Զինվորի մայրը` Արմինե Սարխոշյանը պատմում է, որ ինը ամիս շարունակ ՊՆ-ն վստահեցնում էր, թե Հայկազը գերի է, սակայն ԴՆԹ հետազոտության արդյունքում հայտնաբերվել եւ ծնողներին են հանձնվել Հայկազի մասունքները. «Տղաս հիվանդանոցից գնացել է պատերազմի: Ո ՞ նց են թույլ տվել: Լավ, իմ էրեխեն շատ հայրենասեր էր, իմ էրեխեն ուզում էր, բա ոչ մեկ չկա ՞ ր: Մեկը չկա ՞ ր, որ ասեր` տղա ջան, դու նոր վիրահատված ես, քեզ չի կարելի, դու զենք բռնել չգիտես: Լավ, բացատրեք ինձ, եթե 14 օր կառանտին է եղել, չի հասցրել էրեխեն զենքին տիրապետի, հետո վիրահատվել է, նորից չի հասցրել… մեկը չի՞ եղել, որ ասի` գիտես, ինչ կա, դու չես կարող: Թող պահեին, թող մի ձեւ պահեին էրեխեքին: Ոչ միայն իմին: Շատ այդպիսի էրեխեք կային»:
Հայկազ Հարությունյանի մայրն ասում է, որ որդու մասունքների հայտնաբերման լուրը շոկային է եղել, իրենք իսկապես վստահ են եղել, որ տղան ողջ է, այդ պատճառով եւս մեկ ԴՆԹ հետազոտություն են անցել: Այս մեկի արդյունքները եւս դրական են եղել:
«Մեզ ՊՆ-ն ասում էր` 98 տոկոսով ձեր տղան գերի ա: Մի տղա կար, որ կանտուզիա էր տարել, մենք նրան տեսանք: Այդ տղան պատմեց, որ երբ ինքը վիրավորվել է, իրեն իջացրել են, նստացրել մեքենան, ու, ասում է, ես պտտվեցի, որ տեսնեմ, այդ ժամանակ Հայկոն էլ չկար… բայց մենք չհավատացինք, այդ տղան շատ վատ վիճակում էր, մինչեւ հիմա էլ ինքը դեռ ամբողջությամբ լավ չի ու չի կարողանում խոսալ պատերազմի մասին», — պատմում է մայրը :
Մինչ օրս Հայկազի մահվան հանգամանքները հայտնի չեն: Ոմանք ասում են, թե նա զոհվել է ԱԹՍ հարվածից, որոշ տեղեկություններով էլ նա զոհվել է կրակոցից:
18-ամյա նորակոչիկը ծառայում էր Հադրութում, սակայն մասունքները հայտնաբերել են Ֆիզուլիում:
Արմինե Սարխոշյանը հիշում է, որ պատերազմի օրերին գնացել էր եկեղեցի, որտեղ լսել էր, թե ինչպես են երկու երիտասարդ խոսում այն մասին, որ Հադրութն այլեւս հայերինը չէ: «Մոտեցա, ասեցի` շատ եմ խնդրում, նոր ինչ էիք ասում, ասեք: Ասեց` մարդ ունեք այնտեղ: Ասեցի` տղաս է: Ասեց` Հադրութը էլ չկա: Մինչեւ հասա տուն, չգիտեմ ինչ կատարվեց հետս: Զանգեցի, ասում եմ` Հայկ, այն տեղը որտեղ դու ծառայում էս, այդ տեղը էլ չկա? Դե ասել էին անուն հանկարծ չասեք… ասեց` հա: Ասում եմ` բա որտեղ եք: Ասում է` չգիտեմ որտեղ ենք, անտառներում ենք: Ես էլ որպես մայր չգիտեմ ինչ խոսամ, էրեխուս ինչ ասեմ: Ասում եմ, Հայկ, դու շներից վախում ես, շուն չկա էդտեղ: Մի պահ լռեց, ասեց` մամ, ընկերոջս կողքս խփել են, էլ ես ինչից պետք է վախենամ»:
Անի Գեւորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։