Հուլիսի 14-ին Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհվեց պայմանագրային զինծառայող, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 38-ամյա Սամվել Ալավերդյյանը:
Նրա մահից հետո ընտանիքին մնացին պարտքեր ու վարկեր: Սամվելի կինը՝ Հասմիկ Ալավերդյանը և երկու անչափահաս երեխաները, հայտնվել են ծանր կացության մեջ, սովի, աղքատության ճիրաններում:
Պետությունը մինչ օրս ընտանիքին ոչնչով չի օգնել: Անգամ հուղարկավորության հետ կապված ծախսերը, որոնք օրենքով կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, թողել են ընտանիքի ուսերին: Սամվելին թաղել են նրա թոշակառու հայրն ու մայրը:
Հիշեցնենք, որ մինչև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստանլը, զոհված զինծառայողի ընտանիքին հուղարկավորության ծախսերի հատուցման նպատակով տրվում է 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ: Եվս 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տրվում է զոհված զինծառայողի գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման նպատակով:
«Այս 1,4 մլն դրամը Սամվել Ալավերդանի ընտանիքը չի ստանա, քանի որ նա հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում: Բայց հուղարկավորության ծախսը՝ 700 հազար դրամի չափով, ընտանիքը պետք է ստանա», — ասացին ՊՆ Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով վարչությունից:
Նաև հայտնեցին, որ պաշտպանության նախարարությունը գործ ունի արդեն հավաքված թղթերի հետ, իսկ թե ինչու Ալավերդյանները չեն ստացել 700 հազար դրամը՝ սա այլ գերատեսչությունների խնդիր է:
Ըստ վարչության տվյալների, նույնիսկ լինում են դեպքեր, երբ զոհվածի հարազատներից որևէ մեկը ստանում է գումարը, սակայն մյուսներին չի հայտնում:
Սամվել Ալավերդյանի դեպքում այլ է: Նրա հարազատներին ոչինչ չեն տվել:
«Ես դիմել եմ սոցապ նախարարություն, ինձ ասեցին՝ մի շաբաթից: Մի շաբաթ չէ, 24 օր անցավ: Ձեն ձուն չկա», — նշեց Forrights.am-ի հետ զրույցում հանգուցյալի քեռին՝ Նորայր Գրիգորյանը, որը օգնում է Սամվելի կնոջը փաստաթղթային հարցերով: Նա է վազում պետական հիմնարկից հիմնարկ:
Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք ընտանիքի վիճակին: Մեր հրապարակումից հետո Հասմիկ Ալավերդյանին և նրա երեխաներին այցելել են լրագրողներ և առանձին անհատներ, ով ինչով կարողացել է, օգնել է: «Մեզ օգնել են, որոշ մարդիկ մեզ գումար էին բերել, բայց պետությունից ես ոչինչ չեմ ստացել», — ասում է Հասմիկը:
Նա սեպտեմբերին երեխաներին դպրոց է ուղարկելու: Հասմիկը նրանց կարիքները հոգում է պատահական աշխատանքներ կատարելով՝ սրճարանում մատւցող էր, հարուստների տներում՝ մաքրուհի: Այժմ սակայն մի կողմ է դրել բոլոր գործերը և զբաղվում է փաստաթղթեր հավաքելով, որպեսզի կարողանա հատուցում ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Գործընթացը երկարում է:
«Թղթերի պահով ձգում- ձգձգում են, տանում են, բերում են, էս կողմն, էն կողմ: Չեմ կարողանում հավաքել բոլորը: Ընտանիքի անդամների թուղթն է ամենադժվարը, տեղեկանք պետք է տա անձնագրայինը, իրենք ուզում են մեր հասցեն, բայց մեր հասցեն փոխվել է: Տան ներքևի հարկը մի հասցե է, վերևինը, որտեղ մենք ենք մնում, ուրիշ, բայց գրանցումներ այս նոր հասցեի տակ չկան: Տան փաստաթղթերը կորցրել ենք, նորից պետք է հանվեն: Չկա տան գծագիրը: Մեկ էլ զորամասից պետք է թուղթ տան մարտական ուղի վերաբերյալ: Եղբայրս զանգում ա ամեն օր, ասում են՝ էսօր արի, վաղը արի»:
Թվում է, թե ինչ կարևոր է, թե որ հասցեում էր ապրում զոհվածը, գրանցված է նա, թե ոչ: Դրանից նա չի դադարում իր կյանքը հայրենիքին նվիրաբերած զինվոր լինելուց: Բայց արի ու տես՝ կարևոր է, և Հասմիկի կյանքը վերածվել է դժողքի: Մի կողմից թղթաբանությունն է խեղդում, մյուս կողմից՝ բանկերը:
Սամվելը պարտքեր ուներ բանկերին, վարկով գումարներ էր վերցրել տարբեր կենցաղային նպատակներով, որոնք չէր կարողացել ժամանակին վճարել: Հիմա բոլորը մնացել է Հասմիկի վրա:
Սամվել Ալավերդյանը պարտք էր երեք ֆինանսական կառույցների՝ «Մոգո» և «Ֆինկա» վարկային կազմակերպություններին և ՎՏԲ բանկին: «Մոգոն», տեսնելով ընտանիքի վիճակը, պարտքի չմարված մասը զրոյացրել է: «Ֆինկա» վարկային կազմակերպության պարտքի վճարումը Հասմիկը վերջերս ավարտել է:
«Վերջին 6 հազար դրամը տարա տվեցի», — ասում է նա: Բայց մեծ պարտք ունի ՎՏԲ բանկին: «Ոչ մի բան չեն զիջում: Տոկոսները ջրեցին, ասեցին՝ մնացածը պետք է տամ: Ասեցին՝ Նիկոլը մեզ փող փոխանցե՞լ է, որ մենք էլ ձեզ զիջենք»:
ՎՏԲ բանկին Հասմիկ Ալավերդյանը 1 միլիոնի մոտ գումար է պարտք, որը նրա համար հսկայական է անվերջության պես:
Երբ Սամվել Ալավերդանը խփվեց Երասխի դիրքերում, միձջադեպիրձավ Փաշինյանը, ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսին, Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոստը հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմա ընթացքում ցավակցություն հայտնեց նրան Երասխում հայ զինվորի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համարել հրադադարի ռեժիմի խախտումը:
Այսօր սակայն բոլորը ընտանիքին մենակ են թողել իր վշտի հետ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: