Իր լիազորությունների դադարեցման վերջին օրը՝ հուլիսի 30-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը։ Համաձայն օրինագծի՝ ՀՀ քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանում` 137.1 («Ծանր վիրավորանք»)։այն է՝«Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։ Օրինագիծը նախատեսում է նաև 1-ից 3 ամիս կալանք։
Նույն հոդվածի համաձայն՝ հանրային գործունեություն է համարվում «անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:
Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պնդում է, որ ընդունված օրենքում առնվազն 1-2 դրույթ հակասում է ԵԽԽՎ 1577 բանաձևին որը նշում է, որ դեֆամացիայի համար չպետք է նախատեսվի բանտարկություն որպես պատժի տեսակ։
«Խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականի 1577 բանաձևի վերնագիրը՝ «Դեպի դեֆամացիայի ապաքրեականացում», սա քաղաքական պարտադրող բնույթի փաստաթղթի վերանագիրն է։ Ընդհանրապես ԵԽԽՎ-ն հազվադեպ է այսպիսի վերնագրեր դնում, այսինքն՝ եվրոպական հանրային կարգը այսօր գնում է դեպի ապաքրեականացում», — ասում էմիջազգայի իրավունքի մասնագետը՝ ընդգծելով․ «Անհապաղ պետք է դա վերացնել։ Մենք դա արեցինք 2010-ին, բայց, փաստորեն նորից վերադառնում ենք այն տիրույթ, որը միանշանակ Եվրոպայի խորհուրդը նշելու է, «բանտարկությունը՝ որպես սանկցիա, պատժի տեսակ, հանե՛ք»։
Ըստ նրա՝ այս օրենքն ընդհանրապես կարող է կարգավորել այդ արատավոր երևույթը հասարակության մեջ, բայց միևնույն ժամանակ սա ուժեղ հարվածում է այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին լրագրությունն է։
«Եվ լրագրողներին, որոնք ստիպված են այնպիսի խութեր հաղթահարել, որպեսզի խոսքը կարողանան տեղ հասցնել, այդ թվում՝ այն խոսքը, որը կարող է հայհոյանք պարունակել իր մեջ, բայց և գեղարվեստական արժեք ունենալ։ Ի վերջո, Ձեր հարցին, թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել։ Որովհետեւ «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեսական գործի վերնագիր է։ Ուստի կոնտեքստից պետք է բխեցնել», — ասում է փորձագետը՝ հավելելով, որ իր առաջարկը միշտ եղել է՝ ապաքրեականացնել դեֆամացիան, և էլ ավելի ուժեղ քրեականացնել ատելության խոսքը։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այս օրենքում խնդիրներից մեկն այն է, որ կա որոշակիության պակաս։ «Սահմանումների առումով, քանի որ հայհոյանքը կամ ծայրագույն վիրավորանք հասցնելն այն հասկացությունները չեն, որոնք միանշանակ կարող են ընկալվել դատական պրակտիկայում։ Եվ այստեղից ընտրողական և ոչ պրոֆեսիոնալ որոշումների ռիսկը բավականին բարձր է։ Եվ երկրորդը․ իհարկե դա նաև անհավասարություն է ստեղծում պաշտպանվածության առումով՝ հանրային գործիչների և քաղաքացիների միջև։ Այն դեպքում, որ հակառակը պետք է լինի, այսինքն՝ հանրային գործիչները պետք է շատ ավելի հանդուրժող լինեն իրենց նկատմամբ սուր և նույնիսկ սադրիչ արտահայտությունների պարագայում։ Այստեղ հակառակն է, հանրային գործիչների պաշտպանվածությունը շատ ավելի բարձր է, քան քաղաքացիների», — ասաց Նավասարդյանը։
Նրա կարծիքով դեռ շանսեր կան, որպեսզի հասարակական ճնշման տակ օրենքն ուղարկվի Սահմանադրական դատարան և ճանաչվի հակասահմանադրական։ Նավասարդյանը նույնպես կիսում է ԵԽԽՎ բանաձևով սահմանված այն մոտեցումը, որ վիրավորանքը չպետք է քրեականացվի
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը անընդունելի է համարում հանգամանքը, որ օրենքն ընդունել են առանց լրագրողական համայնքի հետ հաշվի նստելու։։ «Մենք ասում ենք, որ համայնքը պետք է ներգրավվի, պետք է մասնակցի իրեն առնչվող որոշումների կայացմանը,լրագրողական համայնքը ընդհանրապես մասնակից չի եղել այս հապճեպ նախագծի մշակմանը, և նրա կարծիքն ընդհանրապես չի ներառվել վերջնական ընդունված տեքստում։», — շեշտեց Դոյդոյանը՝ շարունակելով․
«Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ մարդը կարող է իր ազատ արտահայտվելու իրավունքի իրացման հետևանքով զրկվել ազատությունից։ Իսկ [օրենքի] 3-րդ կետով նախատեսվում է նաև կալանքը։ Սա նույնպես անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և մենք, կարծես, հետ ենք վերադառնում մինչև 2010 թվականը, երբ մայիսին ապաքրեականացվեցին զրպարտությունը և վիրավորանքը»,։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես որոշակիության խնդիր է տեսնում, քանի որ հայհոյանքը կամ վիրավորանքը շատ դեպքերում դժվար է որակավորել կամ գնահատել։ «Ըստ այդմ, կա հնարավորություն, որ շատ բան թողնելու է դատարանի մեկնաբանության վրա։ Իսկ երբ որ նման անորոշություն է առաջանում, ինքը կարող է դառնալ քաղաքական ճնշման մեխանիզմ՝ նույն լրագրողների դեմ կամ ինչ-որ ակտիվիստների դեմ և այլն», — ասաց Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները միանգամից սկսեցին իրավական պայքարը՝ անտեսելով այլ մեթոդները
«Հայհոյանքը հետևանք է ծայրահեղ ծանր ներքաղաքական իրավիճակի, որովհետև ճամբարների առճակատում է գնում քաղաքական դաշտում։ Այդ մթնոլորտն է պետք փոխել, այլ ոչ թե պայքարել ինչ-որ հետևանքների դեմ։ Այսինքն՝ հարցն այն է, որ հասարակության մեջ ճամբարների շատ լուրջ բաժանում է ձևավորվել, ու մնացածն արդեն երկրորդական երևույթներ են։ Եթե դու չես պայքարում ներքին պառակտման դեմ, այդ մնացած կոսմետիկ պայքարները ոչ մի հետևանք չեն ունենալու», — եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։
Սերգեյ Առաքելյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: