Երկու ամսվա ժամկետային զինծառայող Պավել Մանուկյանը զոհվել է 44-օրյա պատերազմի 13- րդ օրը` Ջրականում: Այսօր նա կարող էր ողջ լինել, եթե ավելի վաղ ստացած բեկորային վիրավորումից հետո ոչ թե շարունակեր մասնակցել մարտերին, այլ համաձայներ տեղափոխվել հոսպիտալ:
Ծնողների միակ որդին զբաղվում էր կարատեով, բանակից հետո պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ եւ դառնալ ֆինանսական շուկայի մասնագետ:
Զոհված զինվորի տատը` Նատաշա Մանուկյանը պատմում է, որ թոռանը բանակ զուռնա- դհոլով էին ճանապարհել, երկու գառ էին մոտաղ արել, որ նա առողջ գնա, առողջ վերադառնա: Սակայն ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ամեն ինչ այսպես կստացվի:
Հիշելով պատերազմի առաջին օրը, տիկին Նատաշան պատմում է. «Առավոտ շուտ ես, տղես ու հարսս դրսում նստում սուրճ էինք խմում: Առավոտը բացվեց, դուրս եկանք, նստեցինք, տղես հեռախոսը բացեց… սպիտակ, պատի ծեփոն դառավ: Մամ, ասեց, խփել են էնտեղ, որտեղ Պավելս ա: Էրեխես չկա: Դե ինչ կլինենք… Մինչեւ իրա զանգը եկավ, մինչեւ իրա ձենը լսեցինք, մենք իրան մահացած էինք համարում, մենք էլ մեռած էինք: Ձայնը լսեցինք, մի քիչ հանգստացանք… Ցուցակներն էինք նայում, ազգանունն էինք ուզում գտնեինք… Չկար, ուրախանում էինք, չկար, ուրախանում էինք: Հետո երրորդ օրը զանգեց: Պապ ջան, ես լավ եմ, մի մտածեք իմ մասին»:
Պավելի հայրը` Նորիկը ցանկանում էր կամավորագրվել եւ մեկնել ռազմաճակատ, սակայն Պավելը հեռախոսով ասել է` պապ ջան, դու գաս ի ՞նչ անես, դու գաս, մեր տունը ո ՞վ պիտի պահի: « Այդ խոսքերով ինքը մեզ իմաց էր տալիս, որ վատ է, որ կրակի բերան են էրեխեքը»,- ասում է զինվորի տատը: Նա նշում է, որ որեւէ մեկը իրավունք չուներ նորակոչիկներին տանել առաջին գիծ. «Ես բողոք եմ անում, թող բոլորն էլ իմանան: Ես Կառավարության, պետության արածին շատ դեմ եմ: Ինչ սխալներ են արել: Ինչո ՞ւ էրեխուս քշեցին դիրքեր: Կռիվը հասկացանք, բայց մեր անմեղ էրեխեքին քշեցին կրակի բերան»:
Հայտնի է, որ Պավելը զոհվել է ԱԹՍ հարվածից: Առաջին հարվածից նա վնասվածք է ստացել այտի շրջանում, սակայն այդ վնասվածքը ծանր չի եղել:
«Իր հետ ծառայող տղերքը, ովքեր ողջ էին մնացել, հետո եկել էին մեզ մոտ, պատմում են, որ այդ բեկորը մնացել էր նրա այտի մեջ, տղերքը ասել են` նստի ավտոն, տանենք հոսպիտալ: Գուցե եթե հոսպիտալ գնար, փրկվեր: Բայց ինքը չի ուզեցել: Իրենց մոտ այդ բեկորը քաշել հանել է, գցել է մի կողմ, ասել է` էդքան շատ վիրավոր չեմ, որ փախնեմ այս կռվի դաշտից: Իրեն հերոսի պես է պահել 18 տարեկան քյոռփես »,- պատմում է տիկին Նատաշան: Դրանից կարճ ժամանակ անց եղել է երկրորդ ԱԹՍ-ի հարվածը, որի հետեւաքնով Պահելը տեղում զոհվել է:
Նրան տուն են բերել փակ դագաղով: Հարազատները մինչեւ հիմա հույս ունեն, որ կարող է ինչ-որ հրաշքով պարզվի, որ Պավելը ողջ է ու մի օր կարող է տուն վերադառնա:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: