Երեւանից 70 կմ հեռավորության վրա գտնվող Երախս գյուղում հուլիսի 14-ից սկսած անհանգստություն կա: Այդ օրվանից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը գնդակոծություններ է սկսել: Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում, բայց Երասխի բնակիչները նշում են՝ գյուղում, կրակոցների ձայները լսում են: Բնակիչների շրջանում անհանգստություն կա:
«Կրակոցները սկսվեցին հուլիսի 19-ին: Ժամը վեցին, յոթին կրակոցների ինտենսիվությունը թույլ էր, բայց գիշերը 11-ից հետո շատացավ: Ամբողջ գիշեր չենք քնել, դրսում նստած էինք, ուզում էինք հասկանալ, թե ինչ է լինելու»,- ասաց Երասխի բնակիչներից մեկը՝ շարունակելով, որ կրակոցները համեմատաբար նվազել են կեսգիշերն անց, սակայն, առավոտյան յոթից-ութի հատվածում կրկին լսվել են կրակոցների ձայները:
Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Վնասվել է նրա ձեռքը եւ ուսը: Նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել են Արարատի բժշկական կենտրոնում, իսկ հետո տեղափոխել են Երեւանի «Աստղիկ» ԲԿ: Պաշտպանության նախարարության փոխանցմամաբ համայնքապետն այդ պահին կազմակերպել է տեղանքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները, որը բռնկվել է ադրբեջանակն կողմի գործողությունների արդյունքում։
«Ադրբեջանցիների կրակոցներից դիրքերում դրված անիվներն են այրվել, գյուղապետը գնացել է, որ օգնի կրակը հանգցնեն, բայց վիրավորվել է»,- ասաց Երասխի մեկ այլ բնակիչ:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին, Նախիջևանին սահմանակից Երասխի հատվածում հրազենային վիրավորումից 38-ամյա պայմանագրային է մահացել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն Երասխի հատվածում սահմանային լարվածության արդյունքում ունենք մեկ զոհ եւ մեկ վիրավոր: Սակայն, Երասխում բնակիչները նշում էին եւս մեկ վիրավորի մասին, սակայն, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւանյանը մեզ հետ զրույցում այս տեղեկությունները հերքեց:
Երասխում անհանգստություն կա, բայց բնակիչները վստահեցնում են, որ խուճապ եւ համայնքը լքելու մտադրություններ չկան: «Ոչ մի տեղ ենք չենք գնալու, ոչ մի թիզ հող էլ չենք զիջելու թուրքին, ամեն օր մի սանտի մետր զիջելով ու՞ր կհասնենք»,- նշում են բնակիչները:
Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյան նշում է, որ Ադրբեջանը Երասխի դիրքերի ուղղությամբ լարվածություն է պահպանում երկու ցանկություն իրագործելու համար:
Ըստ քաղաքագետի Բաքուն այսպիսով Հայաստանին եւ մյուս խաղացող պետություններին ցանկանում է պարտադրել, որ ճանապարհների ապաշրջափակման դեպքում Ադրբեջանը Նախիջեւանին պետք է միանա Սյունիք տաարծքով:
«Ես հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը գնահատում եմ ճնշում՝ Հայաստանի իշխանությունների եւ հասարակության վրա, որպեսզի անշեղորեն կատարվեն եռակողմ ձեւաչափով ձեռքբերված պայմանավորվածությունները: Այժմ չի կատարվել միայն ճանապարհների ապաշրջափակման հարցը, իսկ այստեղ ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես է միանալու Ադրբեջանը Նախիջեւանին:
Հիմա խնդիրն այն է, թե այդ ճանապարհներն ինչպես են անցնելու: Ենթադրում եմ, որ նոյեմբերի 10-ի փաստաթղթում, երբ ավելացրել են 9-րդ կետը, եղել է որոշակի փոխըմբռնում, որ այդ ճանապարհներն անցնելու են Սյունիք մարզի տարածքով: Սա կատեգորիկ ձեռնտու չէ Հայաստանին, որքանով ես եմ պատկերացնում ձեռնտու չպետք է լինի նաեւ ՌԴ-ին եւ ընդհնարապես բոլոր խաղացողներին՝ Իրանին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին, որովհետեւ եթե այդ ճանապարհներն անցնում են Սյունիք տարածքով, ապա դա նշանակում է՝ 10-15 տարվա կտրվածքով Ադրբեջանը եւ միջնորդավորված Թուրքիան, վերահսկողություն կիրականացնի Սյունիքի նկատմամաբ: Ես տրմաբանական բացատրություն չեմ տեսնում, թե ինչու ՌԴ-ն եւ մյուս խաղացողները պետք է այս հարցում շահագրգռված լինեն: Չեմ կարծում, որ Թուրքիայի դիրքերի հավելյալ ամրապնդումն այս երկրների շահերից է բխում»,- ասում է քաղաքագետը:
Բենիամին Պողոսյանի կարծում է, որ Հայաստանը փորձում է դիմադրել Ադրբեջանի այն ցանկություններին, որ ճանապաևհներն անցնեն Սյունիքի մարզով:
«ՌԴ-ն եւս հակված չէ, որ ճանապարհներն անցնեն Սյունիքով եւ այդ սահմանային ճնշումն Ադրնեջանի կողմից ուղղված է Հայաստանին, որ կատարի պայմանավորվածությունը եւ ՌԴ-ին, որ ստիպի Հայաստանին գնալ այդ քայլին: Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ունի բավարար ռեսուրսներ որով կարող է տարածաշրջանը մշտապես անկայուն պահի: Ընդ որում նա անկայուն է պահում շատ մեծ տարածքով՝ հաշվի առնելով, թե Գեղարքունիքից Երասխ ինչ հսկայական տարածք է: Սա մի կողմից ազդակ Հայաստանին, իսկ մյուս կողմից ՌԴ-ին, որ արդեն ժամանակն է հաղորդակցության ուղիների բացման մասին պայմանավորվածությունները իրավական ուժ ստանան եւ Ադրբեջանի համար կարեւոր է, որ այդ ճանապարհներն անցնեն Սյունիքի մարզով»,- ասում է Բանիամին Պողոսյանը:
Ըստ վերլուծաբանի Ադրբեջանը սահմանային բախումներ հրահրելով ցանկանում է հայկական սահմանամերձ բնակավայրերում մշտապես լինի անկայունություն, որ այնտեղ ապրող բնակիչներն անհանգստություն ունենան իրենց անվտանգության հետ կապված:
«Սա արվում է այն նպատակով, բնակիչները, եթե ոչ իրենց, ապա իրենց երեխաների ապագան այդ համայնքների հետ չկապեն, քանի որ ապրելու են սպանվելու սպառնալիքով: Ադրբեջանը հասկանում է՝ ինչքան քիչ մարդ ապրի սահմաանմերձ բնակավայերում, այնքան ավելի շատ մեծ հանարավորություն Ադրբեջանին այնտեղ հաստատվելու»,- ասաց նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: