Հուլիսի 14-ին Երասխում ադրբեջանական զինուժի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհված պայմանագրային զինծառայողը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 38-ամյա Սամվել Ալավերդյյանն է։
Միջադեպն այս միջազգային հնչեղություն ստացավ: Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոստը հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմա ընթացքում ցավակցություն է հայտնել Երասխում հայ զինվորի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համարել հրադադարի ռեժիմի խախտումը: Երեկ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սահմանային միջադեպին անդրադարձավ կառավարության նիստից առաջ, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը:
Հայաստանի ՊՆ-ն միջադեպի ողջ պատասխանատվությունը դրեց ադրբեջանական կողմի վրա։ Ադրբեջանը, որը ևս կորուստ ունեցավ՝ մեկ վիրավոր, մեղադրեց հայկական կողմին:
Սակայն զոհված զինծառայողի տուն ոչ մի պաշտոնյա չգնաց, նրա հարազատների ձեռքը ոչ ոք չսեղմեց։ Հարազատներին ցավակցելու գնացին միայն զոհվածի ծառայակից ընկերները, զինկոմիսարիատի ներկայացուցիչները, ոստիկանության թաղայինը։
Այսօր Սամվել Ալավերդյանի դին հողին հանձնեցին։ Սամվելի դեռահաս որդին՝ Հայկը, հրաժարվում է ընդունել հոր մահը։ Նա սգո արարողություններին չի մասնակցել։ Մեր այցելության պահին և ողջ ընթացքում իր մահճակալից դուր չեկավ։
Հայկը առաջինն է ընտանիքից կայքերում կարդացել պաշտպանության նախարարության ցավակցական հաղորդագրությունը հոր մահվան վերաբերյալ․ «Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։
«Տեսեք, ինչ սուտի բաներ են գրում, չեն ամաչում, ո՞նց կարա սենց բան լինի», — ծիծաղելով ասել է տղան մորն ու պապիկին։ Սամվելի հայրը՝ 61 ամյա Գագիկ Ալավերդյանը ևս հրաժարվել է որդու մահին հավատալ։ Հուլիսի 14ին նրա ծննդյան օրն էր, երբ առավոտյան որդին՝ պայմանագրային զինծառայող, 38-ամյա Սամվել Ալավերդյանը զանգելէ հորը և իրեն բնորոշ զվաթ ձայնով ծնունդն է շնորհավորել, քաջ առողջություն է ցանկացել։ Ինչպե՞ս կարող էր նա առավոտյան զոհվել, եթե զանգել է հորը: Հետո պարզել են, որ ՊՆ հաղորդագրության մեջ սխալ է տեղ գտել: Սամվելը զոհվել է ոչ թե առավոտյան, այլ 11-ից 12.00 ընկած ժամանակահատվածում:
«Շնորհավորեց։ Սա էլ նվերն էր: «Բոյ» ա գնացել, կռվում ընկել ա», — ասում է Գագիկ Ալավերդյանը։ Նա և կինը՝ Աստղիկը, վշտից տապալված են։ Էլ երեխա չունեն։ «Երկու երեխա ունեյինք։ Աղջիկս հիվանդ էր, երիտասարդ մահացավ։ Հիմա էլ տղայիս եմ թաղում։ Ո՞վ դիմանա»։ Սամվելը հրազենային ծանր վիրավորում է ստացել ուսի շրջանում: «Ուսը չկար, որ բերին: Հիվանդանոց չեն հասցրել, արյունահեղությունից մահացել է», — պատմում է հայրը:
Ընտանիքը ապրում է սարսափելի պայմաններում։ Տան պատերը սև են, մրոտ։ Դռները ջարդված։ Հատակը բետոնե, խորդուբորդ, հնամաշ արհեստական գորգով պատված։ Միակ լուսավոր կետը Սամվելի երեխաներն են՝ Հայկոն ու Սյուզին։ Հայկոն՝ մահվանը չհավատալով, Սյուզին՝ լուսավոր հայացքով ու դառը սուրճով, որ արագ-արագ պատրաստում է հյուրերի համար։
Սամվել Ալավերդյանը պարտքերի մեջ կորած էր։ Հարազատները պատմում են, որ նա ստիպված է պայմանագրային ծառայության անցել։ «Մեկ ու կես տարի առաջ էր, վարկեր ուներ, բանկերին, «Մսգո» վարկային կազմակերպությանը։ Ստիպված գնաց, ծառայեց, որ մի երկու կոպեկ փող բերի, վարկերը փակի», — ասում է Սամվելի աներորդին՝ Արայիկը։ Նա այս դժվար պահին Սամվելի այրու, իր քրոջ կողքին է։ «Մի գործ գտեք Հասմիկի համար, Հասմիկը պատահական գործեր է անում, սպասուհի է աշխատում, ես կօգնեմ, իհարկե, բայց քիչ է։ Ո՞նց պետք է երեխաներին ոտքի հանի»։
Սամվել Ալավերդյանի տուն բերածն իրոք, «կոպեկ» էր։ Պայմանագրային զինծառայողի 180 հազար դրամ աշխատավարձի 30 տոկոսը նրա բանկային քարտից ամեն ամիս ավտոմատ ուղղվել է պարտքի մարմանը։ 120 հազարով էլ պահել է կնոջն ու երկու դպրոցական երեխաներին, օգնել է մորն ու հորը՝ Գագիկին։
Հիմա Գագիկ Ալավերդյանը վհատված է: Մեզ տեսնելով, մի բան է միայն շշնջում, կրկնում անընդհատ. «Օգնեք տղայիս ընտանիքին, ես հիվանդ մարդ եմ, մի քանի անգամ սրտի կաթված տարած, ինչ եմ անելու, չգիտեմ։ Օգնեք, երեխեքին ո՞նց պետք է պահենք»։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: