Սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից զոհված Լեւոն Ստեփանյանը հուլիսի 3-ին կդառնար 20 տարեկան: «Այն ժամանակ իրեն էի համբուրում, հիմա նրա քարն եմ համբուրում»,- ասում է զոհված զինվորի մայրը` Հեղինե Ասատրյանը:
Ծնողների միակ զավակ Լեւոնը մինչեւ բանակ գնալը զբաղվում էր ոսկերչությամբ: Արդեն հասցրել էր լուրջ հմտություններ յուրացնել, ու պատրաստվում էր հետագայում էլ զբաղվել արդեն սիրելի դարձած գործով:
«Հոկտեմբերի 1- ին գործի էի գնում, ավտոբուսի մեջ զոհվածների մասին էին խոսում, մեկս մյուսով հետաքրքրվում էինք: Մեր համագյուղացիներից մեկը տղայիս հետ էր ծառայում: Ասեցին` զոհվել ա Սուրենը, Սուրենի հետ մի տղա էլ կա, Գառնիի թոռ ա, բայց Աբովյանում է ծնվել: Լեւոնս Աբովյանում է ծնվել: Ասեցի` ո՞ նց Սուրենը զոհվել է… իմ տղայի հետ է եղել Սուրենը: Ինչ իմանայի, որ Սուրենի հետի այդ տղան իմ տղան է: Հետո եկա տուն, քիչ քիչ շարժը շատացավ մեր տանը: Ասացի` այս մարդիկ մինչեւ հիմա այստեղ չեն եկել, էս ո՞ նց են եկել, այսքան անհանգիստ: Հարազատներից մեկը մոտեցավ, կարծում էր, թե ես գիտեմ… ասեց` ինչ եղել եղել ա, սենց բան է եղել… բայց ես սպասում էի իրան վիրավոր, մինչեւ վերջ սպասում էի… Ասեցի` եթե վիրավոր է, ինձնից թաքցնում եք, ասեք, ես կդիմանամ…»,- պատմում է մայրը:
Որդու մահվան հանգամանքների մասին ավելի ուշ իրեն պատմել են հրաշքով ողջ մնացած զինվորները: «Լեւոնս Գռադի նշանառու էր: Շատ ուժեղ կռիվ են տվել նրանք: Շատ ակտիվ մասնակցել են: Ոչ վախ, ոչ մի բան չի եղել: Պատմում են, որ իրան նայողները, իրան չճանաչողները չէին կարող պատկերացնել, որ նա այդպես կարող է կռիվ տա: Շատ ուժեղ կռվել են, չեն վախեցել… իրանք տեղափոխվելուց են եղել: Պետք է տեղափոխվեին արդեն, հարյուր մետ էր մնացել, որ պետք է հասնեին, հենց մեքենային ԱԹՍ է հարվածել»,- ասաց տիկին Հեղինեն:
Հայտնի է, որ տեղում զոհվել է 11 զինծառայող: Նրա ծառայակիցներից ողջ էենմնացել երկու հոգի:
Որդու կորստից հետո Լեւոնի ծնողները իրենց համար կարեւոր որոշում են կայացրել` նրանք պատրաստվում են երեխա ունենալ:
«Այս նյարդային վիճակից, սթրեսից մոտս խնդիրներ առաջացան: Թեթեւ վիրահատության պետք է ենթարկվեմ: Դրանից հետո պատրաստվում ենք ԷԿՈ-ի (ԱՄԲ) Արտամարմնային բեղմնավորում,- հեղ.) : Հենց Լյովիս եմ խոստացել, որ պետք է բալիկ ունենամ: Իր համար ամենամեծ նվերը դա կլինի, որ իր ծնողների կողքին կա մեկը: Մեր կյանքին իմաստ կլինի… Մենք Լյովով էինք ապրում, առանց իրա կյանք չկա»,- մեզ ասաց Հեղինե Ասատրյանը :
Պատերազմի ընթացքում զոհվել են Լեւոնի երեք համադասարանցիները: Այժմ բոլորը հուղարկավորված են Կատայքի մարզի Գառնի համայնքի գերեզմանատանը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: