19- ամյա Թորգոմ Սայադյանը զոհվել է Մատաղիսում` ավագ եղբոր ձեռքերում: Նրա զոհվելուց հետո հոգեկան ցնցում ստացած Արթուր Սայադյանը բուժում է ստացել հոգեբուժարանում, ապա վերադարձել է ծառայության:
Թորգոմն ու Արթուրը մեծացել են ասորական բազմազավակ ընտանիքում, որտեղ եղել է 8 երեխա` 3 աղջիկ եւ 5 տղա: Երեխաներին պահելու գումար վաստակելու համար ընտանիքը մեկնել է ՌԴ, որտեղ ապրել է 7 տարի: Ընտանիքի մայրը` Սոնա Սայադյանը պատմում է, որ իրենց վերադարձը Հայաստան անսպասելի է եղել: Արդեն 19 տարեկան Թորգոմը ծնողներին հայտարարել է, թե վերադառնում է ՀՀ` ծառայելու: Նույն նպատակի մասին է հայտնել նաեւ Արթուրը, ով արդեն 21 տարեկան էր, ամուսնացած էր եւ ուներ դուստր:
«Երկու եղբայր 2019թ-ի դեկտեմբերին մեկնեցին ծառայության:
Մենք գնացինք իրանց մոտ, շատ լավ էին, բարձր տրամադրությամբ էին ու ուրախ, ասում էին, որ ծառայությունը շատ լավ է անցնում»,- պատմում է տիկին Սոնան:
Թորգոմի մահվան մասին լուրը ընտանիքին է հասել հոկտեմբերի 10-ին:
«Հոկտեմբերի 10- ին զոհվեց տղաս: Պատերազմի մեջ է եղել, բայց մենք չենք իմացել: Երբ զանգում էի, լսում էի ձայներ, ասում էի` Թորգոմ, էդ ի ՞նչ ա, ասում էր` մամա, եկել ենք հրաձգարան, դուխդ չգցես, ամեն ինչ լավ կլինի… Երկու եղբայր միասին են եղել: Հրադադար կոչվածի օրն է եղել: Այդ ժամանակ է լինում: Արթուրս կռվում է հետը, ասում ա` Թորգոմ դու մի արի: Մեծերից էլ են ասում, Թորգոմ, կամ դու պետք է գաս, կամ եղբայրդ: Երկու եղբայր իրավունք չունենք հանենք պոստեր: Թորգոմն ասում է` թող Արթուրը մնա, ինքը երեխա ունի, Արթուրն էլ ասում է` ես երեխա ունեմ, դու ոչ մի բան չունես: Արթուրս էնտեղ երկու անգամ ապտակում է, ինքն էլ Արթուրին բրդում է, ասում է` որտեղ դու, այնտեղ ես: Ասում ա, դե արի երկու եղբայր գնանք: Բարձրանում են դիրքեր, թորքերը սկսում են կրակել: Երբ կրակում են, 13 հոգի զոհվում է: Արթուրենք գնում են առաջ, որ մյուս տղաներին փրկեն: Թորգոմը որ տեսնում է եղբայրը գնում է, դե ինքը գնդացրորդ է, ոտքի է կանգնում, առաջ է գնում, որ եղբորը չխփեն»:
Ավելի ուշ Արթուրը մորը պատմել է, որ եղբայրը 24 րոպե մարտ է վարել եւ 17 զինվորի կյանք է փրկել:
«Արթուրս պատմում է` մամա, որ Թորգոմին գրկեցի, բերանի մեջ էի փչում, արյուն եղա: Հետո տեսա վերք չկա, փոքր ծակ է եղել: Ասեցի` Թորգոմ մի վախեցիր, բան չկա: Ասեց` չէ, ապեր, ինձ խփեցին: Ձեռքս տաքացավ մեջքի հետեւից, հանեցի, նայեցի, տեսա սաղ արյունն ա, սիրտն ա… Արթուրս պառկեց, երկու ամիս բուժվեց, ահավոր էր, ուղարկեցին Կանազի հոգեբուժարան…դողում էր անընդհատ, ասում էր` անընդհատ կարծում եմ, թե էդ բաները ձեռքիս մեջ են»,- հիշելով որդու խոսքերը` պատմում է Սոնա Սայադյանը:
Թորգոմ Սայադյանը հուղարկավորված է հայրենի Վերին Դվին գյուղում: Նրա ընտանիքն այլեւս ՌԴ չի վերադառնա: «Որտեղ Թորգոմս, էնտեղ ես» ,- ասում է զոհված զինվորի մայրը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: