Գեղարքունիքի մարզի Վանեվան եւ Տորֆավան համայնքերում խորոշ եղջերավոր անասունների շրջանում սիբիրախտ հիվանդությունն է տարածված, անասունները սատկում են: Այս մասին Forrights.am-ի խմբագրություն ահազանգել է Վանեվան համայնքի բնակիչ, ֆերմեր Վալտեր Ասլանյանը:
«Սիբիրախտը կա մոտ մեկ ամիս, մեր տարածաշրջանի պատասխանատուները իմացել են, որ սատկում են, բայց չեն էլ հետաքրքրվում, թե ինչից են սատկում: Անասնաբույժերը իրավիճակի մասին զեկուցել են միայն ամիս 22-ին: Այստեղ եկել են մարզպետարանից, Երեւանից, բայց սայլը տեղից չի շարժվում, անասունները սատկում են: Այսօրվանից էլ արգելել են կաթի մթերումը, մսի վաճառքը»,- ասաց անասնատերը:
Վալտեր Ասլանյանի խոսքով հիվանդությունը տարածվել է հարեւան Տորֆավան համայնքից: Ֆերմերն ասում է, որ իր անասուններից յոթն արդեն սատկել են, բոլորին այրել են: Ըստ նրա այսօրվանից էլ Սննդի անվտանգության տեսչական մարմինն արգելել է կաթի մթերումը, գյուղացիները ֆինասական վնասներ են կրում: Վալտեր Ասլանյանի պնդմամաբ հիվանդության տարածման պատճառը անորակ պատվաստանյութով սիբիրախտի դեմ պատվաստելն է:
«Այս խնդիրը եղել է անասունների չպատվաստվելու եւ վատ պատվաստանյութով պատվաստելու պատճառով: Պատասխանատուների մոտ միայն ստացվում է սատկաց անասուններին տանել, բենզինը լցնել վրան վառելը: Իմ անասուններից արդեն յոթը գլուխ սատկել է, յոթին էլ տարել վառել են, տասից ավել էլ հիվանդ կա, որոնցից էլի կարող են սատկել: Ամեն մի կողվի արժեքն էլ 350 հազար դրամ է»,- ասաց նա:
Վալտեր Ասլանյանը ութսուն գլուխ անասուն ունի, նշում է՝ հիմնական ապրուստի միջոցն է: «Հիմա ամենալավ սեզոնն է, որ պետք է կաթը մթերեն, որ ձմեռվա խոտի հարցը լուծենք: Հիմա, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու՝ չգիտեմ, պատասխանատու չկա»,- ասաց նա՝ շեշտելով, որ ութ անասուն էլ անցած տարի է սիբիրախտից մահացել:
Վալտերի Ասլանյանը նշեց, որ արդեն մարդիկ են վարակվել սիբիրախտից: Մարտունու բշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ սիբիրախտի կասկածանքով երկու քաղաքացի արդեն դիմել է ԲԿ, սակայն, դեռ վերջնական ախտորոշում չկա՝ հետազոտման փուլում են:
Տարածաշրջանի անասնաբույժ Ատոմ Վարդանյանը Forrights.am-ի հետ զրույցում չի կիսում գյուղացու այն պնդումը, թե սիբիրախտը տարածվում է, քանի որ պատվաստանյութերն անորակ են: Անասնաբույժն այլ վարկած ունի:
«Պատվաստումներ եղել են, բայց գարնան ենք արել… մի խոսքով 90 տոկոսով է արվել, անասունների տասը տոկոսը իմունիտետ ձեռք չի բերել՝ պատճառը նրանց հյուծված լինելն է: Երեք օր առաջ կրկին կրկնապատվաստումներ են արել, բայց այստեղ արոտավայրերի խնդիր կա, անասուներին տանում են այն նույն վայրերը, որտեղ արդեն իսկ վարակված անասուներն են եղել, արոտավայրերը վարակված են սիբիրախտի ցուպիկներով:
Պատվաստաստանյութի անորակը ո՞րն է, անասուների 90 տոկոսը իմունտիտետ ա ձեռքբերում, մնացածը չի բերում: Սա կախված է անասունի դիմադրողականությունից, ես չեմ կարծում, որ պատավաստանյութերն անորակ են»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ պատվաստումների գործընթացը շարունակվում է:
Սննդի անվտանգության տեսչական մարմնում խնդրից տեղյակ են: Մեզ փոխանցեցին, որ Տեսչական մարմի ղեկավարն էլ է օրերս եղել դեպքի վայրում: «Մեր կողմից ձեռնարկվել են Տեսչական մարմնի գործառույթների շրջանակում նախատեսվող բոլոր միջոցառումները՝ հիվանդության զարգացումն ու տարածումը կանխելու համար, ինչի շնորհիվ որևէ մարդ այդ հիվանդությամբ, տվյալ դեպքի առիթով, չի վարակվել: Այս պահին էլ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, համագործակցված քայլերը Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ շարունակվում են»,- ասաց մամուլի պատասխանատու Անուշ Հրությունյանը:
Այստեղ նաեւ առանցքային է՝ արդյո՞ք փոխհատուցվելու է գյուղացիների կրած վնասները, թե՝ ոչ: Այս հարցի առնչությամբ պարզաբանում փորձեցինք ստանալ Էկոնոմիկայի նախարարություն եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, նրան մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: