Ազգությամբ ասորի, 30- ամյա Վիտալիկ  Իոնանովը 8 ամիս որոնվում էր որպես անհետ կորած: Մայիսի 19- ին միայն ԴՆԹ հետազոտության արդյունքում նրա մասունքները հայտնաբերվել են եւ հանձնվել մորը:

Վիտալիկը ժամկտային զինծառայութուն չէր անցել, քանի որ երիկամների հետ կապված առողջական խնդիրներ ուներ, սակայն պատերազմի մասին իմանալով անմիջապես մեկնել է Արցախ` մորը վստահեցնելով, թե մի քանի օրից կվերադառնա: Որոնողական աշխատանքները դժվարանում էին այն պատճառով, որ նա որեւէ մեկին չէր հայտնել, թե կամավորական որ ջոկատի հետ է մեկնել առաջնագիծ եւ որտեղ է մասնակցել ռազմական գործողությունների: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա եղել է Ջաբրայիլում, թեժ մարտեր է վարել ԱԹՍ-ների դեմ:

30- ամյա երիտասարդը ծնվել էր Արարատի մարզի Վերին Դվին գյուղում, սակայն 1998թ-ին մոր հետ տեղափոխվել էր բնակության Արցախի Քաշաթաղի շրջանի Գիհուտ գյուղ, որը այժմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընտանիքն այնտեղ ուներ մեծ տնտեսություն, զբաղվում էր անասնապահությամ:

Վիտալիկ  Իոնանովի մայրը` Արինա Ինոնանով

Վիտալիկ  Իոնանովի մայրը` Արինա Ինոնանով այժմ ապրում է Վերին Դվինում, բնակվում է վարձով, այլեւս որեւէ ունեցվածք չունի: Պատմում է, որ սեպտեմբերի 27-ին որդու հետ գտնվում էր հայրենի Վերին Դվինում, եւ չգիտեր, որ այլեւս չի կարողանա վերադառնալ իր տունը դարձած Գիհուտ:

 «Տղաս ասեց` չեմ կարող պատերազմից փախնեմ, փրկվեմ, պետք է գնամ…Ասեց` տղամարդը պետք ա թասիբ ունենա, գնա հայրենիքը պաշտպանելու…Գնաց: Ես էլ էի ուզում վերադառնալ մեր գյուղ, բայց քրերս չթողեցին, այնտեղից էլ ասացին, որ ահավոր վիճակ ա, որ չգնամ»,- պատմում է տիկին Արնինան:  

Հոկտեմբերի 2- ին Վիտալիկը զանգահարել է մորը, ասել, թե երկար չի կարող խոսալ, թե իբր հարսանիքի է մասնակցում, որ իր հետ ամեն ինչ լավ է: Այդ օրվանից հետո ութ ամիս նրանից որեւէ լուր չի եղել:

Քույրը` Լոլա Ինոնանովան եւս հիշում է եղբոր հետ վերջին խոսակցությունը: «Սեպտեմբերի 29- ին խոսացի Վիտալիկի հետ: Ասեցի, մամայիդ միակ զավակն ես, ո՞վ ունի մամադ, ուր ես գնում: Ասեց` հայրենասեր մարդը այդպիսի խորհուրդ չի տա: Դու հայրենասեր աղջիկ ես, իմ քույրն ես: Այս կռվից փախնողները լավ տղերք չեն կարող լինեն: Կռվից ոչ ոք չի փախնում, դա քո հայրենիքն է… Ասեցի` ահ, ես ու դու ի՞նչ հայրենիք ունենք, ասորի ենք, անհայրենիք մարդիկ ենք, եկել էստեղ բնակվեl ենք: Ասեց` սխալ ես ասում, մեր հայրենիքը Հայաստանն է դարձել, մենք այս հողի վրա ենք մեծացել, մենք չպետք է դավաճանենք այս հողին: Այսօր եթե ես չգնամ, վաղը քո երեխաներն են վտնգի մեջ հայտնվելու»,- պատմում է Լոլան:

Նա նշում է, որ պատերազմի հետեւանքները դեռ երկար են ստիպելու բոլորիս սգալ. «Այս ութ ամսում մենք ծերացանք: Ես շատ մեծ ցավ եմ ապրում ամբողջ հայ ազգի համար, որովհետեւ մենք մեր ձեռքից մի սերունդ բաց թողեցինք, կարող է այս սերնդի տեղը ավելի լավ տղերք գան կանգնեն, բայց սա մեր ոսկի սերունդն էր: Սուգ է, ամբողջ Հայաստանում սուգ է»:

Անի Գևորգյան

Pin It on Pinterest