Քաշաթաղի բնակիչ Անահիտ Հարությունյանը պատերազմի առաջին օրվանից իր տանը զինվորների համար հաց է թխել: Թողել է տունը, երբ ռումբն ընկել է այգու մեջ: Իրերը տեղափոխել չի կարողացել: Ոչ ոք Անահիտին չի օգնել, մեքենա չի տրամադրել: Փախել է, վերցնելով միայն դստեր գանձը՝ մի քանի նոր շոր: Եւ ահա «ՎՏԲ Հայաստան» բանկը դատի է տվել Անահիտ Հարությունյանին, քանի որ նա չի կարողանում վճարել վարկով վերցված լվացքի մեքենայի ու սառնարանի դիմաց: «Թուրքը վայելում է, ես պետք է վճարե՞մ», — հարցնում է Հաց Թխողը:
Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի իր տանը նա կերակրել է բոլոր զինվորներին՝ և նրանց, ովքեր մարտնչում էին, և նրանց, ովքեր տանջված, սոված, վիրավոր, նահանջում էին Ջեբրայիլից ու փոքր դադար էին անում Քաշաթաղում:
«Զորքը մեր տունն էր մնում: 2 հեկտար հողամաս, սաղ բերքը վրեն: Այգիներ կան նռան, կառալյոկի, աշնան գունավոր բիբար, հեկտարով, ահռելի հարստություն: Սարքը դրած, հաց էինք թխում, ու չէինք հասցնում բոլորին կերակրել, էնպես սոված էր զորքը, հյուծված, նիհարած», — պատմում է Անահիտը:
Նրա տունը՝ Կուբաթլիի զորամասից ոչ հեռու, հենց այն կետն էր, որտեղից որոտաց պատերազմը: Այս տունը նա ստացել է 98 թվականին, երբ երևանից Արցախ գնաց լավ կյանքի հույսով: Բայց Արցախի վերաբնակեցման ծրագիրը տապալվեց: 20 տարում ընտանիքը ոչինչ չստացավ պետությունից: Նույնիսկ ջուր չկար: «Ջուրը վերջերս էին քաշել, էն էլ չխմեցինք: Ադրբեջանցիները կխմեն: Մի վառած տուն տվեցին, պատուհաններին ժեշտ խփած, պատեր ու մեջը ոչ մի բան չկար: 7 տարի լույս չեմ ունեցել: Բոստան եմ սարքել, բերքը կամաց-կամաց ծախելով, անասուն են առել, տուն եմ դրել, այգի: Փախնելուց նստել եմ Կոռնիձորի ճամփին, մի բոլ լաց եմ եղել», — պատմում է Անահիտը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան ընտանիքը պատրաստվում էր Գորիս մեկնել, առևտրի, բայց արթնացավ պայնթյունից:
Գյուղապետը եկավ, ասեց՝ դուրս եկեք, գնացեք: Երեխեքին տարավ Վայք, քրոջ տուն, ինքն աղջկա՝ Անժելի հետ վերադարձավ տուն, որ զորքի համար հաց լինի:
Այդ օրերին Անահիտը, նրա ամուսինը՝ Սանասարը, դժվար պահեր շատ են ունեցել: Օր է եղել, որ տանից փախել են սար, թաքնվել են քարանձավներում, պայթյուններից փրկվելով, բայց էլի տուն են վերադարձել: Գնացել են, երբ արդեն մնալն անհնար էր: «Ուզել եմ մի բան վերցնեմ, հետս տանեմ, բայց ո՞նց վերցնեմ: Ոչ մեքենա կա, ոչ բան: Զանգում եմ մարզպետին, ասում եմ՝ աղաչում եմ, ավտո տրամադրեք, գոնե ապառիկի գույքը վերցնեմ: Ասում ա՝ ես Ջաբրայիլում եմ, բայց Ջաբրայիլը նո՞ր էր տված: Խաբում էր: Իսկ հետո տեսա՝ տելեվիզորով ասում էր՝ բոլորին տեղահանել եմ իրենց գույքով, ամեն ինչով: Ամուսինս գնաց անտառներ, որ անասունը բերի, չկարողացավ», — հիշում է Անահիտը իր դառը օրերը:
Դրանք հետո էլ շարունակվեցին: Հետպատերազմյան կյանքում Հաց թխողը ինքը հացի կարոտ դարձավ: Մի քանի ամիս ընտանիքն ապրեց Վայքում, հարազատների տանը, հետո եկան Երևան, տուն վարձեցին: Բայց կառավարությունը չտվեց որպես վարձի փոխհատուցում տրվող 30-հազարական դրամները: «Հայաստանի սոցապը Արցախի վրա ա գցում, Արցախը՝ Հայաստանի կառավարության: Գնացինք, եկանք, վերջում սոցապից ասեցին՝ դիմեք կառավարություն, բայց ինձ կառավարության շենք կթողնե՞ն, որ մտնեմ: Ամեն օր լսում ենք օգնությունների մասին: Ես մի անգամ սնունդ եմ ստացել, մի անգամ օգնություն ֆրանսիայից, մի անգամ երկու ադյալ եմ ստացել, «վաեննի», Մալաթիայի թաղապետարանից»:
Անահիտի ամուսինը բանվորությամբ է վաստակում, եթե հաջողացնի պատվիրատու գտնել, իսկ Անահիտը գործ չունի: Ողնաշարի խնդիրների պատճառով չկարողացավ բանվորություն անել: Ապրում է կառավարության տված 68 հազար դրամով, որը ստանում են ինքն ու աղջիկը՝ Անժելան: բայց այդ գումարը հազիվ բավարարում է բնակարանի վարձը տալու համար:
Բանկի պարտքը չի վճարել արդեն 4 ամիս: Հույս էլ չունի, որ կկարողանա 600 հազար դրամ վճարել սառնարանի ու լվացքի մեքենայի համար: Այն բանից հետո, երբ իմացել է, որ բանկը դիմել է դատարան, Անահիտը կորցրել է քունը:
«Ինձ դատելու են, ես զինվորների համար հաց եմ թխել, սաղ կյանքս աշխատել եմ, տուն եմ սարքել, ինձ դատելու են», — ասում է:
Իր սառնարանն ու լվացքի մեքենան, իր սիրելի տան գեղեցիկ գորգերը, որոնք ձեռք է բերել նախկին կյանքում Իրանից, Անահիտը տեսել է ադրբեջանցիների տարածած տեսանյութերում:
Հ.Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, հայցվոր բանկից /«ՎՏԲ Հայաստան»/ Forrights.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Անահիտ Հարությունյանի ընտանիքի հետ կապ են հաստատել: Դատական գործընթացը կասեցված է: Իրենք պետք է գան մասնաճյուղ, նշեն պարտքի մարման իրենց հարմար պայմաններն ու ժամկետները: Նրանց պարտքը վերաձևակերպվելու է իրենց հարմար գրաֆիկով:
Բացի դա, Արցախում գործում է հիմնադրամ, որը զբաղվում է այդ ընտանիքի հարցով: Տվյալները վերլուծելուց հետո հնարավոր է, որ այս հիմնադրամը ևս աջակցի պարտքի մարման հարցում», — պատասխանեցին բանկից:
Անահիտի դուստրը՝ Անժելա Խաչատրյանը այլ կերպ է ներկայացնում. «Մեզ ասեցին՝ մի քիչ հիմա պետք է վճարեք ու ասացին, որ դատը ամեն դեպքում կայանալու է: Վարկը վերաձևակերպում են, որ ամսեկան նորից մենք սկսենք վճարել։ Բայց մենք չունենք միջոցներ: Այդ դեպքում մենք էլ դատարան կդիմենք ու ցույց կտանք ադրբեջանցիների տարածած տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչպես են թալանում մեր տան իրերը»: Հետագա զարգացումներին կհետևենք:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: