30- ամյա կապիտան Անդրեյ Ավագյանը զոհվել է հոկտեմբերի 13- ին Հադրութում` Ֆիզուլիում: Նա Հադրութի Տումի գյուղից էր, որը պատերազմի հետեւանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Կապիտանի ամբողջ ընտանիքը` պապը, մայրը, կինը, երկու երեխաները, քրոջ եւ եղբոր ընտանիքները պատերազմի օրերին հեռացել էին հարազատ գյուղից: Կորցնելով ամեն ինչ` այժմ նրանք ապրում են Աբովյան քաղաքում, սակայն դեռեւս չեն պատկերացնում, թե ինչպիս եւ որտեղ են ապրելու առաջիկայում:

Զոհված զինծառայողի մայրը` Լիրա Ավագյանը պատմում է, որ Անդրեյը 9 տարվա պայմանագրային զինծառայող էր, վաշտի հրամանատար:  Մինչ ծառայությունը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Ծառայության ընթացքում նա հնարավորություն ուներ Ֆիզուլիից տեղափոխել Ստեփանակերտ, սակայն հրաժարվել էր: Նա մասնակցել է 2016 թ-ի  Քառօրյա պատերազմին, եւ Արցախի նախագահի կողմից պարգեւատրվեl է Արիության մեդալով:

Անդրեյ Ավագյանի մահվան հանգամանքների մասին հայտնi է միայն, որ զոհվել է մարտական գործողությունների ժամանակ` ԱԹՍ-ի հարվածից:

«Սկզբում ասեցին, թե վիրավոր է: Ես չէի հավատում: Հետո հայտնեցին, որ զոհվել է… Եռաբլուրում է թաղված… ասում են` անօդաչուից է զոհվել: Նաեւ ասում են, որ այդ կողմի վրա Գրադով էլ են խփել»,-  հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է մայրը:

Նա պատմեց, որ այս պատերազմի ընթացքում իրավիճակը քառօրյա պատերազմի պես չէր. «Այն ժամանակ մինչեւ կողմնորոշվեցինք, թե ինչ անենք, պատերազմը ավարտվեց: Շուտ կանգնեցրին այն ժամանակ: Այս պատերազմը ահավոր էր… »:

Խոսելով պատերազմի օրերին Տումի գյուղում տեղի ունեցողի մասին, Լիրա Ավագյանը պատմեց, որ սեպտեմբերի 29- ին իր երկու հարսներին եւ թոռներին ուղարկել էր Երեւան, ինքը մնացել էր: Սակայն օրերի ընթացքում իրավիճակը ավելի վտանգավոր էր դարձել, եւ երբ արդեն գյուղում գրեթե մարդ չէր մնացել, ինքն էլ է մեկնել Երեւան:

Լիրա Ավագյանի հարսը` Մարիամը հիշում է պատերազմական օրերը. «Մենք գյուղում էինք: Պատերազմը սկսելուց հետո այդ երեք օրերը ոնց որ ամիսներ, տարիներ տեւեին: Եւ վախենում էինք, եւ տղերքից լուրեր չունեինք: Ամսի 28-ին եղբայրս եկավ, ոգեւորված պատմում էր: Եկել էր ասեր, որ լավ են, համ էլ որ տնից հաց տանի: Ասում էր, որ լավ առաջ են գնացել մերոնք,: Ընդհանրապես չէինք պատկերացնում, որ պետք է գյուղից դուրս գայինք: Հետո ամսի 29- ին ամուսինս զանգեց, ասեց` երեխաներին վերցրու, գնացեք Երեւան: Ասեցի, ո ՞նց գնանք, դուք էդտեղ, մենք Երեւա՞ ն: Հետո պապաս եկավ, ասեց` էրեխեքին տարեք, հաշվեք, որ մի տասը օրով հանգստանալու եք գնում… »:

Անդրեյ Ավագյանի քույրը` Լիաննան էլ անհավանական է համարում իրենց գյուղի անկումը: «Կենկրետ մեր գյուղը այնպիսի տեղ էր, որ ոչ մեկ չէր պատկերացնում, որ կարող է մի օր թուրքը մտնի… Մեր դուրս գալու օրն էր, ամսի 5- ին, գյուղից մի քիչ ներքեւ էլի մեքենաներով գալիս էին մարդիկ, որպես անվտանգ տեղ»,- ասում է նա:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest