Երեւանում` Ուլնեցու փողոցի վերջնամասում մետաղյա մի դուռ կա, որի կամարային մասում կարդում ենք.կարելի է տեսնել «X Զորամաս»: Դռան կողքին տեղադրված է զինվորի արձան: Այստեղից սկսվում է Արցախի երեք պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այստեղ մուտքն ազատ է,չկա ոչ կողպեք, ոչ փակ դռներ:

Մասնավոր համալիրը, որի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից Աղաբեկ Խաչատրյանն է, հիշեցնում է Շուշիի բերդը:  «Հուշահամալիրը անվանվել է X զորամաս, որպեսզի ցանկացած ծառայող սա ընդունի, որպես իր զորամաս: Ուզում եմ, որ սա լինի խորհրդանիշ այն բոլոր պատերազմների, որոնք մենք անցել ենք ու այն բոլոր զորամասերի, որտեղ մեր տղաները ծառայել են»,- ասում է Աղաբեկ Խաչատրյանը` Բեկը:

Այս համալիրը կառուցված է բազմաթիվ փոքր քարերից եւ ամեն քարի վրա գրված է պատերազմի ժամանակ զոհված զինվորի անուն: Այս պահին այստեղ կա նման 7500 քար: Իսկ անուններն այստեղ գրում են զոհված տղաների ծնողները` ովքեր գալիս են համալիր` կիսվելու իրենց վշտով:

«Գոնե այսպիսի բաներով փորձում ենք սփոփել զոհված տղաների ծնողներին, մայրերին: Նրանք ամենաշատը սփոփանքի կարիք ունեն, նրանք ուշադրության կարիք ունեն… Ես էլ իրենց ասում եմ` սա ձեր տղայի տունն է, երբ ուզում եք եկեք: Մայր կա արդեն հինգ անգամ եկել է…  Այսօր մի 18  տարեկան զոհված զինվորի մայր էր եկել: Պատկերացնո՞ւմ եք, ասում է, որ այսքան ամիս որեւէ մեկը իրենց դուռը ծեծած չկա, իրենց տուն այցելած չկա: Նման անտարբերությունը մենք ուղղակի չենք հասկանում ու չենք ընդունում»,- ասում է հուշահամալիրի հեղինակը:

Աղաբեկ Խաչատրյանը մեզ ցույց տվեց հուշահամալիրում պահվող որոշ մշակութային մասունքներ` բերված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցուց: Խաչատրյանն ասում է` դրանք հանել է Շուշիից եւ բերել Երեւան պատերազմի ժամանակ, երբ եկեղեցին առաջին անգամ գնդակահարվեց ու ինքը տեսավ եկեղեցու ծանր վիճակը: «Հոկտեմբերի 25-ն էր: Մասունքները տեսա: Թափված… չգիտեմ ինչ անեմ: Վերցրի… քանի դար առաջ պապիկների շարած քարը… վերցրի, մտածեցի` տանեմ, երբ նորոգողներ գան, կբերեմ կհանձնեմ Շուշիի թանգարանին…»:

https://www.youtube.com/watch?v=XJm1E0LMhk4

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest