«Ես գերության մեջ 51 օր եմ եղել: Ու 51 օր, ամեն վարկյան սպասել եմ մահվան: Ես 51 օրով մահացած եմ եղել», — ադրբեջանական գերությունից հետ վերադարձած Ս-ի խոսքերն են:
Նա շատ հարցերի պատասխաններ չունի: Օրինակ, չի կարողանում բացատրել, թե գերությունից վերադառնալուց հետո ինչու չի կարողանում հագնել զինվորական համազգեստ, ինչու համազգեստին նայելիս զզվանքի զգացողություն ունի:
Այդ համազգեստը նրան ստիպեցին հագնել, կրկին տանելով տղային բանակային ծառայության՝ Արարատի զորամաս:
Ս-ն այն 3 ռազմագերիներից մեկն է, որոնք Հայաստան վերադառնալուց հետո ստիպված են եղել շարունակել ծառայությունը հայկական բանակում:
Forrights.am-ի հետ զրույցում Ս. Հ-ն ասաց՝ երբ իրեն վերադարձրեցին Հայաստան, անսահման երջանկության զգացողություն է ապրել, վստահ է եղել, որ հիմա արդեն ամեն ինչ լավ է լինելու, նույնիսկ ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնել, որ գնա, ազերիներից վրեժ լուծի: «Բայց մի քանի օրից հետո, երբ խելքի եկա, հասկացա, որ շոկի մեջ եմ եղել, վրեժի ծարավն էր ինձ խեղդում, որ իրականում ոչինչ էլ չեմ ուզում: Իմ ծառայությունը ես ավարտված եմ համարում, ես չեմ կարծում, որ կարող էի ավելի մեծ բան անել հայրենիքի համար, քան այն, ինչ արել եմ, քան այն, ինչ տվել եմ այդ 51 օրվա ընթացքում: Ես ուրիշ մտածելու բաներ ունեմ, քան շարային ծառայությունը»:
Մի ցանկություն ունի՝ ընտանիքի կողքը լինել: Բայց որևէ հստակ տեղեկություն նախկին ռազմագերիներին չեն տալիս, թե որքան են իրենց պահելու Դիլիջանում: «Մի գերություն էլ սա է, — ասում է Ս-ն,- ինձ համոզում էին, որ ես նորից փորձեմ ծառայել: «Չաստից» էլ ինձ պատահական են բերել այստեղ: Մտել եմ զորամասի բուժկետ, որ գլխացավի դեղ վերցնեմ, իմացա, որ բերում են Դիլիջան: Ես անընդհատ սպասողական վիճակում եմ: Ոնց որ մեզ մոռացած, անուշադրության մատնած լինեն: Ինչու են տանում ստեղ, ինչու են բերում, նույնիսկ դա չեն բացատրում: Ես չգիտեմ, հաջորդ րոպեին ինձ հետ ինչ է լինելու, նույնիսկ «վաեննի բիլետ» չունեմ»:
Ս-ն չի հասկանում, թե ինչու Հայաստան վերադարձված մի քանի տասնյակ գերիներից հենց երեք հոգու են վերադարձրել բանակային ծառայության: «Երևի, մենք չթողեցինք, որ ոչ ոք խառնվի, մտածեցինք, թե մեր պետությունն է, ճիշտ որոշում կկայացնի, ու «իտոգում» հայտնվեցինք անուշադրության մատնված վիճակում», — գանգատվում է երիտասարդը:
Ս-ն ծառայության մեջ համարյա ոչ մեկի հետ չի շփվել, գիշերվա քունը կորցրել է: «Զորամասում ինձ անընդհատ թվում էր, թե ես ուշադրության կենտրունում եմ, բոլորը ինձ են նայում: Հիմա էլ, մենք գիշերները չենք կարողանում քնել: Մենք նստում ենք, իրար հետ խոսում ենք, նախկին գերիներով, խոսում ենք, խոսում, բայց ցավը չի անցնում»:
ՊՆ-ից Forrights.am-ի ն հայտնեցին, որ նրանք երեքը ներկայում բանակային ծառայության մեջ են: «Ս. Ն-ն, Ն. Ն-ն և Ս. Հ-ն անցել են Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովով և ճանաչվել են պիտանի սահմանափակումներով ծառայության համար: Երեքին էլ տարել են զորամաս: Ս. Մ-ի մայրը բողոքել է, եւ նրա բողոքի հիման վրա Ս. Մ-ն տեղափոխվել է Դիլիջանի վերականգնողական կենտրոն, կրկնակի հետազոտություն անցնելու նպատակով: Մյուս երկու երիտասարդները Դիլիջանի կենտրոն են տեղափոխվել զորամասի հրամանատարության առաջարկով, քանի որ բարդություններ են եղել նրանց ծառայության հետ կապված:
Նախարարությունից հայտնեցին նաև, որ Ս. Մ-ին ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջնորդությամբ տրամադրվել է 500 հազար դրամ, քանի որ բժշկական հետազոտմամբ պարզվել է, որ նա բեկորային վիրավորում ունի: Գումարը ընտանիքն արդեն ստացել է:
Ս. Հ-ն ներկայում գտնվում է մայրական խնամքի տակ: Նա վերականգնողական արձակուրդի մեջ է:
Հնարավոր է, որ Դիլիջանի վերականգնողական կենտրոնում բուժում ստանալուց հետո տղաները երկրորդ անգամ բժշկական հանձնաժողով անցնեն, քանի որ ԿՀՌՀ-ն է այն մարմինը, որը վերջնական որոշում պետք է ընդունի, թե արդյոք կարող են երեք նախկին ռազմագերիները շարունակել իրենց ծառայությունը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: