Առողջական խնդիրներով նախկին ռազմագերուն չեն զորացրում.նրան զորամասից տեղափոխել են հոգեբանական աջակցման կենտրոն

130

Forrights-ի հրապարակումներից հետո նախկին ռազմագերի, գերությունից հետո կրկին պարտադիր ծառայության անցած Ս. Մ.-ին Արարատի զորամասից հինգ օր առաջ  տեղափոխել են Դիլիջանի առողջարաններից մեկը՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: Տեղեկությունը մեզ հետ զրույցում փոխանցեց զինծառայողի մայրը՝ Հ. Մ.-ն:

«Տղայիս արդեն հինգ օր է ինչ Արարատ զոդից տեղափոխել են Դիլիջան: Հինգ օր է տեղափոխել են, բայց նոր-նոր հոգեբանները պետք է գնան, որ շփվեն, ոչ մի բան էլ չեն անում, էրեխեքին վերցրել տարել են այնտեղ, բուժում չեն իրականացնում: Իմ երեխայի մոտ  անքնության խնդիր է առաջացել, բացի այս մարմնական բազմաթիվ վիրավորումներ ունի: Չի կարողանում նորմալ քայլի: Աֆիցերները տեսել են, որ հոգեբանական վատ  վիճակում է,  տեղափոխել են Դիլիջան»,- ասում է տղայի մայրը:

Հիշեցնենք, որ 53 օր գերության մեջ  անցկացրած Ս. Մ.-ն մեզ հետ զրույցում ասել էր, որ գերությունից հետո հոգեբանորեն պատրաստ չէ շարունակել պարտադիր զինվորական ծառայությունը: Նա գերությունից վերադարձել էր 2020 թվականի դեկտեմբերի 14 -ին՝ 44 այլ գերեվարված անձանց հետ:

Նախկին ռազմագերու մայրն ասում է, որ գրավոր դիմել են պաշտպանության նախարարություն եւ վարչապետի աշխատակազմ, որպեսզի տղան ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հոգեբանական եւ ֆիզիկական խնդիրների պատճառով, սակայն, ըստ ծնողի, գերատեսչություններից մերժել են առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին զորացրել: Մայրը պնդում  է, որ վտանգված է տղայի տեղաշարժվելու հնարավորությունը, քանի որ ոտքում բեկոր է առկա, որը հնարավոր չէ վիրահատական միջամտությամբ հեռացնել:

«Ծառայության ավարտին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա: Առողջական վիճակում ոչ մի փոփոխություն չկա, ոտքում ասկոլկա կա՝ շարժողական ասկոլկա է, չի կարողանում քայլի: Տարանք Մուրացան, որ վիրահատեն, բայց ռենդգենի պատասխանը եկավ, որ նյարդի վրա է, եթե հեռացնենք երեխան կմնա հաշմանդամ, բայց ինքն էլ ցավերից տառապում է: Կողոսքորը վնասվել է, թոքը ցավում է, թե ինչու երեխային չազատեցին՝ չենք հասկանում:

Վարչապետի աշխատակազմից ասացին, որ չենք կարող ձեր տղային բանակից ազատել, ասացին՝ պետությունն ի վիճակի չէ այդքան տղաների հաշմանդամության կարգ տա, բայց իմ տղան ոչ զինվորական կոշիկ է հագնում, ոչ համազգեստ, շարայինի չի մասնակցում, անգամ անվանականչը գալիս պարկած տեղն են անում: Նույնիսկ երիկամն է գնդակից վնասվել»,- ասաց Հ. Մ.-ն:

Մայրն ասում է, որ հոգեբանների հետ շփումները փոքր-ինչ թեթեւացնում են տղայի խնդիրները, բայց հիմնական  խնդիրները մնում են անլուծելի:

Պաշտպանական գերատեսչությունը դեռ որեւէ լուծում չի առաջարկել գերությությունից վերադարձած տղաների հահամար, որոնք անցել են պարտադիր ծառայության: Նրանք մեր տեղեկություններով երեք հոգի են:

Forrights-ը գերությունից վերադարձած, բայց ծառայությունը շարունակող զինվորների ճակատագրի խնդրով գրավոր հարցեր է ուղղել պաշտպանության նախարարությանը, որը կհրապարակենք ստանալուն պես:

Նարեկ Կիրակոսյան