44- օրյա պատերազմի մեկնարկին Արման Բոյախչյանը նորակոչիկ էր, ծառայում էր Հադրութում: Պատերազմի երրորդ օրը հետնահանջի ժամանակ նա ծանր վիրավորում է ստացել` կոտրվել է նրա ծնոտը, կտրվել է լեզուն եւ ականջը: Արնաքամ լինելուց նրան փրկել է ծառայակիցն ու քահանան:
«Երբ նոր էի զորակոչվել, Մարտունի 2- ում անցանք մեր կարանտինը վիրուսի համար, դրանից հետո մեզ տարան Հադրութ: Ծառայությունը շատ լավ էր անցնում: Դեկտեմբերի 27-ի առավոտյան գնում էինք ճաշարան: Սովորական վիճակ էր, բոլորով էինք եւ ամբողջ անձնակազմը: Ճանապարհին էինք, երբ սկսեցին սնարյադների տրաքոցները: Այդ ժամանակ մեզ իջացրեցին պադվալ: Հետո երբ մեր կոմբատը եկավ, տագնապ տվեցին, զենք-զինամթերք` ամեն ինչ ստացանք ու մեզ հանեցին պոստեր»,- պատմում է Արմանը:
Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք լինելով նորակոչիկ ինքն ու իր ծառայակիցները կարողանում էին զենքից օգտվել, Արմանն ասաց. «Որ ճիշտն ասեմ, ես չեմ հասկացել, թե ինչ պետք է անեմ: Հետո արդեն մի քանի ժամվա, մի քանի օրվա ընթացքում արդեն կարողանում էինք նորմալ կրակել: Երբ զենք կա վրադ, կրակում ես, փորձում ես, սովորում ես ամեն ինչ»:
Արման Բոյախչյանը ծանր վիրավորում ստացել է սեպտեմբերի 30-ին: Դեռ դրա նախորդ օրը հորեղբոր որդու հետ հեռախոսով խոսելիս նա ասել է` հույս չունի, որ Հադրութից հետ կգա:
«Մեր կոմբատին խփեցին: Այդ սնարյադից ինձ էլ կպավ: Շատ ծանր վիրավորում ստացա… Կանգնած էի: Արդեն հետնահանջ էր, բոլորը հետ էին գնում: Հրամանատարության նստելու տեղն էր: Այդքան հետ էինք գնացել: Արդեն տվել էինք այդ պոստերը: Այդ ժամանակ մեր կոմբատը ասեց` հետնահանջ արեք: Նրա ոտքերը կտրվել էին, արնաքամ էր լինում: Բոլորը գնում էին, ով ոնց կարողանում էր հետ էր գնում: Ու այդ ժամանակ մի բեկոր ալիք տվեց ու բերանիցս մտավ: Ծնոտս կախվեց: Լեզուս կտրվեց, ականջս կտրվեց: Արնաքամ էի լինում: Մեջս ուժ չէր մնացել: Մենակ էի մնացել: Էլ մարդ չկար, հույս չունեի, որ կապրեմ: Պառկած էի ու աղոթում էի: Աղոթքս ինձ փրկեց: Աղոթեցի, ասացի` Տեր Աստված, խնդրում եմ, գնամ հասնեմ հորս ու մորս: Այդ ժամանակ մի Վիլիս կանգնեց, մեջից քահանա իջավ ու մեր տղերքից մեկը: Ինձ գրկեցին ու տարան»,- հիշում է Արմանը:
Նրա մայրը` Մարինե Մկրտչյանը պատմում է, որ նոյեմբերի 1-ին զանգ ստացավ մի բուժքրոջից, ով ասաց, որ որդին հիվանդանոցում է: «Հարցրի` ի՞նչ է կատարվել: Ո՞ղջ է, ի՞նչ է: Ոչինչ չասացին: Արդեն հիանդանոցում իմացա, որ բեկոր ունի գլխի հետեւում, որը ուղեղին շատ մոտ էր եւ ամեն ինչ կախված էր դրանից: Առաջին վիրահատությունը որ արեցին, դուրս եկան, ասացին` ծնոտը հավաքել ենք, ականջը հավաքել ենք… վեց ժամ վիրահատություն է տարել: Հետո երբ բերեցին, մի ահավոր ծանր տեսարան էր: Երբ տղայիս տեսա այդ վիճակով… շատ դաժան էր…բայց ինքն էր մեզ հույս տալիս»:
Տեւական ժամանակ Արմանը չի կարողացել խոսել, ծնողների հետ շփվել է գրավոր` թուղթ ու գրչով: Էդպես էլ ծնողներին պատմել է իր հետ տեղի ունեցածի մասին:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: