Սուրեն Բաբայանը՝ կապավոր Կյաժն, Արցախը պաշտպանելու մեկնել էր հենց պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ընտանիքին չէր հասցրել հրաժեշտ տալ: Նույն օրը պատերազմ է մեկնել նաեւ ընտանիքի մյուս տղան՝ Անդրանիկը:
«Առողջական խնդիրներ ունեմ, այդ օրը գնացել էի հիվանդանոց, հետ գալուց Սուրենը զանգեց, հարցրեց՝ մերս ու՞ր ես, պատասխանեցի՝ արդեն Հոկտեմբերյան եմ հասել: Ասաց՝ ես պատերազմ եմ գնում, ուզում եմ քեզ հրաժեշտ տալ…Հետո մյուս տղաս զանգեց, ասաց՝ «Սեւ Հովազի» հետ գնում եմ պատերազմ, կամավոր եմ»,- forrights-ի հետ զրույցում ասում է տղաների մայրը՝ Գալինա Բաբայանը:
Անդրանիկը հրադադարից հետո բարեհաջող տուն է վերադարձել, իսկ 31-ամյա Սուրենը զոհվել է նոյեմբերին՝ Շուշիում: Մայրը պատմում է, որ որդին ամեն օր առավոտյան ժամը 5-ին զանգահարել է: Տիկին Գալինան ասում է, որ Կյաժը վերջին անգամ նոյեմբերի հինգին՝ ժամը 05:00-ին է զանգահերել՝ Շուշի գնալուց առաջ:
«Ասեց՝ մերս զանգել եմ քեզ հաջող անեմ, որ գնում եմ Շուշի… Վերջի զանգն եղավ իմ տղայի, իմ կապավոր Կյաժի: Նոյեմբերի 6-ին, 7-ին, 8-ին իր զանգած ժամին՝ առավոտ 5-ին, սպասում էի իր զանգին, բայց չկար…Այս ժամը ինձ համար դարձել է կարեւոր ժամ, այդ ժամին միշտ վեր եմ կենում ու սպասում եմ Կյաժի զանգին: Ինձ հերոս պետք չէր, թող իմ Կյաժը իմ կողքին լիներ»,- ասում է մայրը:
Տիկին Գալինան ասում է, որ որդու զոհվելու լուրը իմացել է իր ծննդյան օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, չի հավատացել: «Խաչիկ անունով մի տղա ինձ ասաց՝ Կյաժն էլ չկա, զոհվել է»,- նշում է մայրը եւ հավելում, որ որդու դին գտել եւ հուղարկավորել են նոյեմբերի 20-ին:
Սուրեն Բաբայանն ամուսնացած էր: Ունի մեկ որդի, տղան 9 տարեկան է: Կյաժը Արմավիրի մարզի Նոր Կեսարյա գյուղից է: Այս համայնքից պատերազմի ժամանակ ութ հերոս է զոհվել:
Գալինա Բաբայանն ասում է, որ ամեն օր Նոր Կեսարիայից գնում է Եռաբլուր՝ որդու շիրիմին: Նախկինում շաբաթը երեք անգամ էր գնում, իսկ մայիսի 13-ից հետո, երբ այրել են որդու գերեզմանն ամեն օր է գնում: «Վիշտս խորացրեցին՝ գերեզմանն այրելով, թշնամին նման բան չէր անի»,- ասում է տիկին Գալինան եւ պատմում, որ առավոտ շուտ, երբ սովորականի նման ժամը հինգին արթնացել է տեսել է, որ «ֆեյսբուքով» հաղորդագրություն է ստացել, որտեղ նշված է եղել Կյաժի շիրիմն այրված լինելու մասին:
Տիկին Գալինան ասում է, որ այրվել են դրված արհեստական ծաղիկները, վնասվել է տապանաքարն ու ՀՀ դրոշը: Նա պատկերացում չունի, թե ով կարող էր իր բնորոշմամաբ նման սրբապղծություն անել: Գալինա Բաբյանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպից հետո:
«Երբ լսեցի, որ մայիսի 9-ին պետք է բոլոր պաշտոնյաները Եռաբլուր գան, որոշեցի գնալ: Խնդրում էի, որ մեկին տեսնեմ ու հարցնեմ՝ ինչու՞ մեր էրեխեքին Աղդամից մտցրեցին Շուշի ու մի քանի ժամում սնայպերը խփեց նրանց, ահագին տղեք են զոհվել: Հանդիպեցի Ռոբերտ Քոչարյանին, հարցրեցի՝ ու՞ր եք գնում, ասեց՝ գնում եմ բարեկամիս վրա ծաղիկ դնելու, ասեցի՝ եթե միայն բարեկամիդ համար ես եկել, ուրեմն Եռաբլուր մի մտի: Ինքը ծիծաղով, ձեռքը գրպանը դրած ինձ արհամարեց ու գնաց: Ես հետեւից գնացի՝ ասեցի, որ քեզ հարց ունեմ տալու… Ես հարցրեցի՝ ինչու Աղդամից տղեքին տեղափոխեցիք Շուշի ու լուսաբացին բոլորը զոհվեցին…ինքը կարող էր մարդավարի կանգներ իմ հետ խոսեր, բայց չարեց»,- ներկայացրեց Գալինա Բաբայան:
Նա հույս ունի, որ որդու շիրիմն այրած անձը կզղջա եւ գոնե հաղորդագրությամբ իրենից ներողություն կխնդիր: Նշում է, որ մինչ այս պահը սոցալական ցանցերով միայն հայհոյանքներ ու սպառնալիքներ է ստանում:
Գալինա Բաբյանն առողջական խնիրներ ունի, ասաց մոտը նեւրոզ է ախտորոշվել, երրորդ խմբի հաշմանդամություն ունի: «Դեղեր պետք է խմեմ, որ ապրեմ, բայց ինչի՞ համար ապրեմ, երբ իմ Կյաժը չկա»:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: