20-ամյա կրտսեր սերժանտ Մհեր Էլիզբարյանը մինչ բանակ մեկնելն ամուսնացել էր: Արդեն բանակում էր, երբ ծնվեց նրա որդին: Կնոջ հետ վերջին անգամ հեռախոսով խոսելիս ասել էր. «Իմ տեղը որդուս կհամբուրես»:

Մհերը ժամկետային զինվորական ծառայության էր զորակոչվել Արարատի մարզի Դալար գյուղից: «Ծառայում էր Դիլիջանում: Սերժանտի կուրսեր անցավ, ստացավ կրտսեր  սերժանտի կոչում: Հետո պատերազմը սկսեց, հոկտեմբերի 7-ին իրենց զորամասը տարան Արցախ` կռիվներին մասնակցելու: Պարբերաբար զանգում էր, ասում էր, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ է: Բայց մի օր զանգերը դադարեցին, էլ չեղան»,- պատմում է Մհերի հայրը` Աշոտ Էլիզբարյանը: Այն մասին, որ ինքն ու ծառայակիցները մեկնում են Արցախ, զինվորը ծնողներին չէր ասել, ասել էր միայն ավագ եղբորը` Նարեկին:

Մհերը զոհվել է Ջրականում` Ջաբրայիլում հոկտեմբերի13-ին:

Նարեկը պատմում է, թե ինչ է հայտնի եղբոր զոհվելու հանգամանքների մասին. «Մհերի ընկերը մեր կողքի գյուղից էր: Նա զոհվում է Մհերից մի քանի ժամ առաջ: Հենց Մհերը այդ լուրը ստանում է, ուզում է կապվի մեզ հետ, որ ասի, որ լավ է, հանկարծ չանհանգստանանք, մի քանի ժամ հետո Մհերի դեպքն է պատահում… Մարտերից մեկի ժամանակ իրենց զինտեխնիկան շարքից դուրս է գալիս, ոչնչացնում են: Պատրաստվում են, որ հետ գան զորամաս: Թաքստոցում նստած ժամանակ բեկոր է կպնում միայն Մհերին: Անկյան վրա է նստած լինում, բոլոր զինվորները նրա ետեւում են լինում: Բոլորը ողջ են մնում, բացի նրանից» :

Զինվորի հոր խոսքով, ինքը գոհ է որդու զորամասի հրամանատարությունից, ովքեր շատ ուշադիր են որդու հիշատակի եւ ընտանիքի նկատմամբ: «Ես մի օր հարցրի, ասացի` ինձ մի հարց է տանջում, Մհերը եթե ուզենար որպես երեխայի հայր կարո՞ղ էր Դիլիջանում մնար, չգնար Արցախ: Հրամանատարն ասեց` ներողություն եմ խնդրում, բայց դուք ձեր Մհերին երեւի լավ չեք ճանաչում: Նա ո՞նց կարող էր չգնալ: Մհերը միշտ առաջինն էր, ու մնացածը նրա հետեւից էին գնում: Նա չէր կարող չգնար, էդպիսի բան չէր լինի»:

Մայրը պատմում է, որ որդին միշտ շտապում էր ամեն ինչ հասցնել.«Դասվարն էլ միշտ ասում էր` Մհերը այս դասարանի պապան է, բոլորը երեխա են բացի Մհերից: Նա հասուն է մտածում, ուրիշ ձեւ է մտածում»:

Մհեր Էլիզբարյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով: Նրա զորամասից զոհվել է 21 զինվոր:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest