53 օր գերության մեջ  անցկացրած Սարո Մարկոսյանը եւ Նարեկ Ներսիսյանը պնդում են՝ գերությունից հետո հոգեբանորեն պատրաստ չեն շարունակել պարտադիր զինվորական ծառայությունը: Սարոն եւ Նարեկը գերությունից վերադարձել են 2020 թվականի դեկտեմբերի 14 -ին՝ 44 այլ գերեվարված անձանց հետ:

Սարո Մարկոսյանն ասում է, որ երեք ամսվա զինծառայող է եղել, երբ գերության մեջ է հայտնվել: Հոկտեմբերի 23-ին հրազենային վիրավորում է ստացել, հինգ օր շարունակ անօգնական վիճակում է եղել, ապա գերեվարվել է թշնամու կողմից: Հանդրութի տարածքում է եղել, մինչեւ զինամթերքի ավարտվելը պատերազմել են թշնամու հետ:

18-ամյա Սարո Մարկոսյանն մինչ ծառայության վերադառնալը Մուրացանի զինվորական հոսպիտալում վերականգնողական բուժում է անցել, սակայն, նշում է, որ պատրաստ չէ շարունակել ծառայությունը:

«Չենք հարմարվում այս կյանքին, ուզում ենք մեր ընտանիքի հետ լինել: Ինձ  աֆիցերները, որ հրաման են տալիս չեմ կարողանում կատարել, կռվի ժամանակ աֆիցեները մեր մոտ չկանգնեցին, դրա համար ես չեմ կարողանում կատարել իրենց հրամանը: Կռիվ լինի գնալու ենք, բայց էս պայմաններում չեմ կարող»,- ասել է նա:

Սարո Մարկոսյանի մայրը՝ Հերմինե Մարկոսյանն էլ ընդգծում է, որ որդին բուժման կարիք ունի: Ըստ զինվորի մոր, երբ տղան նոր է վերադարձել նրան ուղարկել են Դիլիջան, որտեղ միայն հոգեբանական աջակցություն են ցուցաբերել:

«Սարոն մեջքի ու ոտքի մասից վիրավորվել է, ամբողջ մեջքը ցրիվ էր եկել, հինգ օր մնացել է այդ վիճակում՝ անօգնական: Հինգ օր հետո գերի էր ընկել, անգամ նռնակ չի եղել, որ մի բան անեին… Այնտեղ իրեն ծեծել են, երկու ողը կոտրել էին: Գլխի հետ խնդիրներ կան: Հիմա կաղում է, ի վիճակի չէ»,- նշեց զինվորի մայրը եւ պնդում, թե տղային բանակ են տարել միայն թվաքանակ լրացնելու համար:  

«Հիմա մի հատ սենյակ են տվել, զինվորական հագուստ չի հանգնում, ոչ մի բանի չի մասնակցում, ասել են՝ քո համար պարկի քնի-հելի: Գլխաքանակ է, տարել են ծառայության: Ինքը չի կարողանում հարմարվի: Ասում է՝ չեմ  կարողանում աֆիցերների ասածներն անեմ, որովհետեւ աֆիցերիների պատճառով եմ գերի ընկել, մեզ թողեցին անօգնական վիճակում փախան, մենք մնացինք այնտեղ մենակ»,- պատմեց Հերիմինե Մարգարյանը:

Կառավարության որոշմամաբ պատերազմում վիրավորված անձանց միանվագ 500 հազար դրամ է հատկացվում: Հերմինե Մարգարյանն ասում է, որ այս գումարն էլ մեծ դժվարությամբ են ստացել, ըստ նրա, գումարը փոխանցելու համար պահանջել են Բաքվից բժշկական փաստաթղթեր բերել:

«Ասում են՝ Բաքից թող Կարմիր խաչն էպիկրիզ բերի, որ 500 հազար դրամը տան իրեն: Մենք գնացինքն բողոքեցինք: Հենց այսօր (26.04.2021-ին)  հաստատվել է այդ 500 հազար դրամը, բայց խնդիր կա 300 հազարների հետ, որ վարչապետի ասելով պետք է տային, չեն տալիս»,- ասաց նա:

Գերությունից վերադարձած մեկ այլ զինվածառող՝ 19-ամյա Նարեկ Ներսիսյանը եւս նույն խնդրի առջեւ է կանգնած: Նրա հորեղբոր որդին՝ Ռուբիկ Մինասյանը փոխանցեց, որ գերությունից վերադառնալուց երկու ամիս անց Նարեկին կրկին տարել են պարտադիր զինվորական ծառայության:

«Նարեկը խնդիրներ ունի, ընդհանուր վիճակը լարված է: Ֆիզիկապես խնդիրներ չունի, սթերասային վիճակում է, չի կարողանում դուրս գալ: Իրավիճակը ճնշող է, չի կարողանում հարմարվել: Իր հետ հոգեբաններ են աշխատել, բայց աշխատելուց հետո մեզ ոչ մեկ որպես բժիշկ ոչ մի բան չի ասել»,- ասաց նա:

Ռուբիկ Մինասյանի փոխանցմամաբ՝ դիմել են Պաշտպանության նախարարություն, հանդիպում են ուզում նախարարի հետ, բայց մինչ այսօր նրանց դեռ չեն պատասխանել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառանլով այս խնդիրներին նշում է, որ պետությունը պարտավոր է մինչեւ բանակը զորակոչելը համոզվի, որ տվյալ անձը չունի որեւէ առողջական խնդիր:

«Մարդը, երբ գերության մեջ է հայտնվել ու երբ վերադառնում է, պետք է համալիր բուժզննություն անցկացնեն, հոգեբանական լուրջ  հետազոտությունների անցկացնեն: Պետք է ճշտեն նրա պարտադիր զինվորական ծառայության պիտանելիության հարցը: Չեն կարող գերությունից վերադառձողին մի անգամից ասեն՝ վեր կաց գնա ծառայության: Եթե այդ զինվորները վերականգնողական աշխատաքները չեն անցել, ապա դա հանցագործություն է: Պարզ է, որ գերությունը հանգստի վայր չի: Պետությունը պետք է համոզված լինի, որ նա պիտանի է ծառայության»,- ասաց իրավապաշտպանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ այս ահազանգերի առնչությամբ նշում է, որ պետք է գերատեսչությունները քայլեր ձեռնարկեն խնդիրն արագ կարգավորելու համար:

«Ես նման ահազանգ ստացել եմ, բնականաբար քննարկում եմ ունենալու պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի հետ, որովհետեւ այստեղ խնդիր կա: Օրենքի պահանջ կա այստեղ, բայց պետք է հասկանանք, որ գերությունը եւ գերությունից հետ վերադառնալը հոգեբանական լուրջ խնդիրներ են:  Նրանց նախ պետք է տեւական ժամանակ հանգիստ տալ: Նրանք պետք է մոռանան, թե ինչի միջով են անցել, հոգեբանական լուրջ աջակցություն է պետք»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest