Ապրիլի 14-ին 44-օրյա պատերազմի 18-ամյա մասնակից Նորիկ Վարդանյանի քառասունքն էր: Ընդամենը երկու ամսվա զինծխառայողի մասունքները հնարավոր էր եղել գտնել ու ԴՆԹ փորձաքննությամբ նույնականացնել պատերազմի ավարտից շուրջ հինգ ամիս անց միայն` մարտի 1-ին:

Նորիկը բանակ էր զորակոչվել Արարատի մարզի Շահումյան գյուղից: Այս գյուղը  պատերազմի հետեւանքով ծանր վիճակագրություն ունի` տվել է 9 զոհ, 13 վիրավոր, 2 անհետ կորած: Նորիկ Վարդանյանը ծառայում էր Մարտունի 3-ում, պատերազմի ընթացքում Հադրութ տեղափոխվելիս անհետացած ապա սպանված հայտնաբերված 73 զինվորներից մեկն է:

Արմինե Ամիրյան

Զինվորի մայրը` Արմինե Ամիրյանը պատմում է, որ պատերազմի ընթացքում որդին պարբերաբար զանգում էր հարազատներին « Հոկտեմբերի 10-ին զանգեց, ասեց` մամ, եթե չկարողանամ զանգեմ, չնեղվես: Հարցրի` Նոյրայրիկ ջան, ինչի ՞, ասեց, մամ գնում ենք գործ-մործ ենք անում, ինձ հարմար լինի` կզանգեմ: Այդ օրվանից հետո էրեխայի հետ կապը կտրվեց… Անընդհատ զանգում էի սպային, ասում էի, ո ՞ւր ա էրեխեն, ասում ա` բունկերում ա: Ասում եմ, հասկանալի ա, որ բունկերում անհասանելի են, բայց  այսքա ՞ ն ժամանակ: Այնքան զանգեցինք ախ տվեցին, մինչեւ ասեց` կորել են… Ասեցի, ի ՞ նչ է, ասեղ են, որ կորեն: Ինձ կոնկրետ բան ասա, ոնց թե կորել են: Ասեց` գնացել են, ու նրանց հետ կապը կորել է: Հետախուզությունը գնացել ա, ոչ մի հետք չկա » : Զինվորի հարազատները դիմել են բոլոր հնարավոր կառույցներին դեսպանատներին, ամեն տեղ ուղարկել են զինվորի լուսանկարները, որ որեւէ բան պարզվի, գուցե հայտնաբերվի գերիների մեջ:  «Մարտի 1-ին զանգեցին, ասեցին, որ ԴՆԹ-ով հաստատվել է…թակ տղաս էր…չկա…էլ երեխա չկա…դուռը բացող չկա, մնացինք մենակ »,- ասում է Նորիկի մայրը:

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է այս դեպքի հետ կապված հարուցված քրեական գործով:

Փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք էր առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։Նրա  նկատմամբ, որպես խափանման միջոց էր կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Քրեական գործի ընթացքը, սակայն, զոհվածների ծնողներին չի գոհացնում: Արմինե Ամիրյանը նշում է, որ իրենք մեկ շաբաթ են տալիս իշխանություններին մեղավորներին պատժելու համար: Հակառակ դեպքում, ծնողները արդեն կգնան ծայրահեղ քայլերի:

Նորիկի պապը` Արսեն Ամիրյանը չի կարողանում հաշտվել միակ թոռան դաժան ճակատագրի հետ:  « Ինչքան զոհված կա ու վիրավորներ կան, դրա հազարապատիկ ցավի պետք է տիրանան ղեկավարները: Ես Աստծուց միայն դա եմ ուզում: Որ էդ անմեղ տասնութ տարեկան էրեխեքին օգտագործել են որպես միս, թնդանոթի միս: Իրանց էրեխաները լինեին, էդպե ՞ ս կվարվեին: Իմ ջանին մրմուռ ա… Բոլոր ծնողները մրմուռի մեջ են: Դուռը ոչ ոք չի բացի, տեսնեն ինչով կարող են օգնել, հոգեբանով, մի հույս տան, մի բան ասեն… անմեղ երեխաներին էդպես արին, երկու ամսվա ծառայողներին տարան օգտագործեցին որպես միս իրենց շահերի համար: Իրանք Աստծո պատիժը ստանալու են: Նախարար կլինի, պատգամավոր կլինի, Փաշինյան կլինի, Աննա Հակոբյան կլինի: Ես թքել եմ նրանց վրա: Մենք ղեկավարություն չունենք  »,- ասում է նա:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest