«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 36 օր անժամկետ հացադուլ հայտարարած Վաղարշակ Խոստիկյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է։ Հիմնարկի աշխատակիցներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ինչից հետո Խոստիկյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Արդեն իսկ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին հակացուցված է եղել որևէ տեսակի հացադուլը, սակայն Վաղարշակը նման ծայրահեղ քայլի է դիմել իր ազատության համար պայքարում։ Դատարանն արդեն մեկուկես տարի է, ինչ տարբեր պատճառներով հետաձգում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործով դատական նիստերը․
«Անիմաստ ձգձգում են, ոչ պատճառ են ասում, ոչ նորմալ նիստեր անում։ Արդեն ունի Իջևանի քաղաքապետի ու հիմնարկի պետի տված դրական բնութագիրը, կարգապահական տույժեր չունի, չնայած սխալ բաներ են գրում ու չկատարած տույժեր վերագրում։ Պրոբացիան ասում է՝ աշխատեք, որ միավորներ հավաքեք, այնինչ չեն տրամադրում այդ հնարավորությունը, «Նուբարաշեն»-ը չունի աշխատանքի ռեսուրսներ: Պարտադրում են՝ 28 բալ ունենալ, բայց դրանք հավաքելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովում»,- Forrights-ի հետ զրույցում ահազանգում է Խոստիկյանի եղբոր կինը՝ Լիլիթը։
Դատապարտյալը վաղաժամկետի համար պահանջվող բալային համակարգով 28 անհրաժեշտից 25-ն է հավաքել, պատճառաբանում է՝ հիմնարկը չունի հնարավարություններ աշխատանքի կամ մարզասրահի համար միավորներ հավաքելու․
«Համ պահանջում են, համ՝ չեն ընձեռում անհրաժեշտ հնարավորությունները»,- վրդովվում է Լիլիթը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը պարբերաբար այցելել է դատապարտյալին, ինչպես նաև կապի մեջ գտնվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման ներկայացուցիչների հետ․
«Նկատի ունենալով Խոստիկյանի՝ հացադուլի մեջ գտնվելու տևողությունը և այն, որ նրա մոտ նկատվել է առողջական վիճակի վատթարացում, 2021 թվականի մարտի 25-ին համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարին: Գրությամբ բարձրացվել են դատապարտյալի ստացիոնար բժշկական հսկողության նպատակով ՔԿՀ-ի բուժական ուղղիչ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու, ինչպես նաև նրա հետ պարբերական սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր»,- Forrights-ին հասցեագրված պատասխանում նշվում է ՄԻՊ աշխատակազմից:
«Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով՝ առկա խնդիրը գլոբալ է, այնինչ լուծելու փոխարեն դրական-բացասական տարանջատում են անում, ինչն իրական կյանքի հետ որևէ աղերս չունի։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Պրոբացիոն ծառայությունը դատապարտյալից ավելին է պահանջում, ինչը չի ապահովում հիմնարկը․
«Դատապարտյալը վաղաժամկետի դիմելու համար անհրաժեշտ բնութագրի և բալերի համար մի շարք փորձությունների միջով պետք է անցնի, ինչը մի շարք հիմնարկների դեպքում անանցանելի խոչընդոտներ է առաջացնում։ Ուսում ստանալու կամ աշխատելու ցանկությունը շատ ժամանակ անհասանելի է դառնում դատապարտյալների համար, քանի որ, ասենք «Նուբարաշեն»-ը չունի այդ պայմանները, աշխատելու հաստիքները շատ դեպքերում բացակայում են։ Անտրամաբանական այս շղթայում տուժում են միայն դատապարտյալները»,- Forrights-ի հետ զրույցում նկատում է իրավապաշտպանը։
Խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկվել են։ Ամիսներ առաջ իրավապաշտպանները ծրագրի շրջանակներում հանդիպում են ունեցել Պրոբացիոն ծառայության, Գլխավոր դատախազության և մի շարք դատավորների հետ։ Կարապետյանցը նշում է, որ ի զարմանս իրեն, այս խնդիրները մատնանշում են նաև հենց իրենք․
«Ուրախությամբ կարող եմ նշել, որ օրենսդրության կամ իրավական ակտերի մեջ առկա սխալները նշում էին հենց իրենք՝ դատավորներն ու Պրոբացիոն աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել առկա խնդիրներն առանձնացնել և հնարավորիս սեղմ ժամկետներում որևէ լուծում տալ։ Դատապարտյալների իրավունքները չպետք է ոտնահարվեն այս կամ այն խնդրի պատճառով»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: