Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել լրագրող Անի Գևորգյանի գործով, որով անցնում է Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը:

Հիշեցնենք՝ 2014 թվականի փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստների՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիան լուսաբանելիս, Անի Գևորգյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Ոստիկաններն, Անի Գևորգյանի փոխանցմամբ, իր և ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն են կիրառել, խոչընդոտել մասնագիտական գործունեությունը: Անի Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ բաժնի պետ Արտակ Պողոսյանը ապտակել է լրագրողին:

«Արտակ Պողոսյանը մտավ սենյակ, հարվածեց դեմքիս, խլեց հեռախոսս և դուրս եկավ: Ոստիկանության բաժնում շատ թեժ իրավիճակ էր․ ոստիկանները շատ լարված էին, բոլորի նկատմամբ բռնություններ էին գործադրում ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլ նաև ոստիկանական մեքենայում և բաժնում: Արտակ Պողոսյանը շրջում էր բոլոր սենյակներում: Նա մտնում է սենյակ այն պահին, երբ ես իրավապաշտպաններից ու լրագրողներից զանգեր եմ ստանում: Արտառոց էր, որ լրագրողը բերման է ենթարկվել:  Ես հեռախոսով էի խոսում, նա մոտեցավ ինձ, հարվածեց և հեռախոսը վերցրեց։ Հրահանգեց, որ առգրավվեն հեռախոսը»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Անի Գևորգյանը՝ հիշելով 7 տարի առաջ տեղի ունեցած սկանդալային դեպքը:

Լրագրողը ստրասբուրգյան դատարան դիմել էր 6 տարի առաջ՝ 2015 թվականին, երբ ներպետական բոլոր դատական ատյաններով անցնելով՝ որևէ արդյունքի չէր հասել:

Հատուկ քննչական ծառայությունում, թեպետ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով, դեպքից  1․5 տարի անց քրեական գործը կարճվել էր․ իրավապահները համարել էին, որ ոստիկանների կողմից խախտումներ չեն եղել:

Անի Գևորգյանը ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ կառավարությանը գործի վերաբերյալ հարցեր ուղղելն աննախադեպ է համարում, քանի որ, ըստ լրագրողի, մինչ այս չի եղել իրավիճակ, որ Հայաստանում բռնության ենթարկված լրագրողի գործը հասնի Եվրադատարան:

«Դրանք հանգուցալուծվում էին հիմնականում ներպետական դատական ատյաններում»,- ասաց լրագրողը:

ՄԻԵԴ-ում Անի Գևորգյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը, Forrights.am-ի հետ զրույցում մանրամասնելով Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի հարցադրումները, ասաց, որ դատարանը իրավունքի երկու խախտումների վերաբերյալ է հարցադրումներ ներկայացրել Հայաստանի կառավարությանը: Ըստ փաստաբանի՝ հարցադրումների մի մասը վերաբերում է Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, մյուսը՝ 10-րդ հոդվածին: 

Սերգեյ Գրիգորյանը տեղեկացրեց, որ 3-րդ հոդվածի մասով խոսքը վերաբերում է լրագրողի նկատմամբ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի միջամտությանը:

«ՄԻԵԴ-ը հարց է ներկայացրել՝ արդյոք լրագրողը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի, արդյոք ոստիկաններն ուժ են գործադրել և մարմնական վնասվածքներ պատճառել Անի Գևորգյանին, արդյոք ոստիկանների գործադրած ուժը եղել է համաչափ ու անհրաժեշտ:  Այս հարցերի շուրջ կառավարությունը պետք է իր բացատրությունները ներկայացնի»,- ասաց Սերգեյ Գրիգորյանը:

Փաստաբանն ասաց, որ 10-րդ հոդվածի շրջանակում ստրասբուրգյան դատարանը Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ որքան էլ տարօրինակ է, բայց լրագրողին բերման ենթարկելու և նրան հարվածելու աղմկահարույց դեպքից 4 տարի անց՝ թավշյա հեղափոխությունից հետո, Արտակ Պողոսյանն այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակվեց Երևանի ոստիկանապետ։ Բարձրացված աղմուկի ֆոնին, սակայն,  Պողոսյանը նույն Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեց՝ պաշտոնավորելով ընդամենը մեկ ամիս: Ոստիկանությունից սա ներկայացրին որպես հերթական կադրային փոփոխություն, սակայն ակնհայտ է, որ Արտակ Պողոսյանը հեռացվեց իրավապաշտպանների և լրագրողների դժգոհությունների արդյունքում:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest