44 օր պատերազմած զինվորին հինգ օր ոչ ոք չի օգնել. Նա զոհվել է Շուշիի մատույցներում

1769

Նոյեմբերի 7-ին Ռուսլան Արեստակեսյանը զանգ է ստանում քրոջ որդուց, երեք ամսվա ժամկետային զինծառայող` 18- ամյա Արամ Թորոսյանից: Արամն ասում է, որ Շուշիի մատույցներում է, երկու տեղից վիրավորում է ստացել, օգնություն է պետք, որ միայն ինքը չէ վիրավոր, ասում է  «շատ շատ ենք էստեղ, օգնեք »:

Զինվորի քեռին շտապում է Շուշի: Մի քանի ժամվա ընթացքում նա արդեն բերդաքաղաքի մատույցներում էր : Սակայն նա այլեւս ոչնչով չի կարողանում օգնել Արամին: Քաղաքը շրջափակված էր թշնամու կողմից: Օրեր անց Շուշիից դուրս են բերվում Արամի եւ նրա հետ մյուս զոհվածների դիերը:

Առաջին օրվանից, մինչեւ վերջին օրը պատերազմին մասնակցած Արամը շատերին հայտնի էր դարձել նոյեմբերի 3-ին, երբ Wargonzo նախագծի թելեգրամյան ալիքում լրագրող Սեմյոն Պեգովը հրապարակել էր Քարինտակում ընթացող մարտերը: Ժպտերես զինծառայողին ծանոթները անմիջապես ճանաչել էին եւ տեսանյութը ուղարկել նրա ծնողներին:

 «Մեզ Ռուսաստանից զանգեցին, ասացին, որ տեսանյութում Արամին են տեսել: Բացեցինք նայեցինք, զարմացանք: Զանգեցինք, ասեցինք` ինչի  ՞ չես ասում, ասեց`յա, արդեն տե  ՞ղ է հասել: Ոչինչ չէր ասում, միայն ասում էր` ցենտր ա, ամեն ինչ լավ ա լինելու».- պատմում է մայրը` Թագուհի Արեստակեսյանը:

Ավելի ուշ նրան հայտնի էր դարձել, որ Քարինտակում որդին կռվել էր քսան հոգանոց ջոկատով, անգամ առաջին գծից երկու վիրավորի էր փրկել.

«Այդ ժամանակ քսան օր գտնվել է շրջափակման մեջ ու մեզ ոչինչ չի ասել, բայց այդ ժամանակ մեզ զանգում էր»:

Այս մասին, որ որդին մասնակցում է պատերազմին, հայրը` Տարոն Թորոսյանը, իմացել էր պատահաբար, առաջնագծում գտնվող ծանոթներից մեկից, ով հեռախոսով ասել է, որ Արամը իր հետ է:

«Ես էդպես իմացա, որ էրեխեն պատերազմին է եղել` առաջին օրվանից, մինչեւ վերջին: Նրա հրամանատարը զոհվել էր պատերազմի չորրորդ օրը: Դրա համար նրանք առանց հրամանատար էին մնացել: Իսկ Շուշիի տակ նրանք միացել էին ոստիկանության սպեցնազին: Այսինքն Օմոնի հեռախոսով ինքը օգնություն էր ուզել, երբ որ վիրավոր է եղել, բայց ոչ ոք օգնության չի հասել>>:

Տարոն Թորոսյանը հիշում է որդու հետ վերջին հեռախոսային խոսակցությունը.«Լացակումաց էր, ձայնը դողում էր: Ասեցի` տղես, ինչ ա պատահել, ասեց` հեր, ոնց լինեմ, ընկերոջս խփել են, Էմիլին խփել են»:

Հայրը դողացող ձայնով նշում է` չէր կարող պատկերացնել, որ դա որդու հետ վերջին խոսակցությունն էր: Զինվորի մայրը անընդհատ նայում է որդու լուսանկարներին ու ասում. <<Նա միշտ ժպտում էր: Մինչեւ վերջին օրն էլ ժպիտը նրա երեսին է եղել, անգամ երբ մտել են դիահերձարան, ասում են` դեմքին ժպիտ էր»։

Անի Գևորգյան