41-ամյա պայմանագրային զինծառայող Արարատ Սաքանյանին ընտանիքն ու երկու անչափահաս երեխաներն արդեն վեց ամիս է սպասում են։ Նրանք հույսները չեն կորցնում, որ Արարատը ողջ է և մի օր անպայման վերադառնալու է։

Զինծառայողը ծնունդով Եղեգնաձորից է, ծառայությունն իրականացնում էր Վայքի զորամասի Խաչիկի գնդում՝ որպես երրորդ կարգի հետախույզ։ Պատերազմի սկզբում զինծառայողն ինքն է դիմել հրամանատարությանը, որ իրեն ևս Արցախ ուղարկեն, սակայն պատասխանում են, որ այս պահին նրա անհրաժեշտությունը չկա․

«Հոկտեմբերին 15-ին զանգեց ասեց, որ Ղարաբաղ են գնում։ Էնքան վատ եղա, գիտեի ուր ա գնում, հասկանում էի, որ իր ոտքով դժոխքն ա քայլում, բայց հետ պահել չէի կարող, էդ հարցում՝ ինքը ոչ ոքի չէր լսի։ Խաչիկի գնդից շատ մարդ ա հրաժարվել գնալուց, բայց ինքն առաջինն ա համաձայնվել։ Ամուսինս ծառայությանը որպես աշխատանք չէր նայում, ինքն անձնվիրաբար կապված ա իրա հողուջրի հետ»,- Forrights-ին պատմում է Արարատի կինը՝ Նաիրուհի Բայաթյանը։

Ամուսնու հետ կինը կարողանում է կապ պահել միայն երկու օր։ Արարատը մի քանի բառ է կարողանում փոխանակել, միայն ասում է, որ Տիգրանավանում է՝ Իշխանաձորի կողմերը։ Հաջորդ օրը զանգում տեղեկացնում է, որ իրեն և հինգ զինծառայողի տեղափոխում են մարտական առաջադրանք կատարելու Մինգեչաուրի ջրամբարի կողմերը։ Այս զանգը վերջինն է լինում զինծառայողի կողմից․

«Հետո իրա ընկերներից ենք իմացել, որ ճանապարհին իրենց մեքենան նշանառության տակ են վերցրել ու կրակահերթ արձակել։ Էդ վեցից ով որտեղ հասել փախել ա, երեքը՝ վիրավորում են ստացել, Արարատս՝ կորել․․․Ոչ ոք չի տեսել ամուսնուս, ոչ փախչելիս, ոչ վիրավոր, ոչ էլ՝ մահացած»։

Շուրջ վեց ամսվա որոնումները որևէ արդյունք չեն տվել։ Արարատին անգամ գերիների տեսանյութերում են փնտրել, աչքերը կապած մեկին են նմանեցրել, դիմել են Կարմիր Խաչին։ Մարդասիրական կազմակերպությունն իր հերթին դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով նույնականացնել անձին և տեղեկություն տրամադրել, սակայն այս մասով ևս դեռ որևէ նորություն չի ստացել ընտանիքը։

«Դիմել ենք Պաշտպանության նախարարություն, Կարմիր Խաչ, Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելով որևէ քայլ ձեռնարկել, մի տեղեկություն տալ Արարատի մասին։ Իրա անունը պաշտոնական ցուցակներում կա որպես անհետ կորած, ուրեմն պետությունը պետք ա լուրջ քայլեր ձեռարկի էդ մարդկանց համար։ Սկեսուրս ԴՆԹ անալիզ էլ ա հանձնել, անգամ էդ վատագույն տարբերակն ենք մտածել»,- հուզված նշում է զինծառայողի կինը։

Արարատն իր խնամքին երկու անչափահաս երեխա ունի՝ 10 տարեկան աղջիկը և երկու տարեկան որդին։ Տղան դեռ չի գիտակցում հոր բացակայությունը, այնինչ դուստրն անընդհատ հոր վերադարձին է սպասում․

«Ես պետությունից իմ ամուսնուն եմ ուզում, ոչ ֆինանս, ոչ աջակցություն պետք չի, մենակ ուզում եմ Արարատը հետ գա, առաջնայինն էն ա, որ գա ու իրա ընտանիքի հետ լինի»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest