Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղից Պողոս Բաղդասարյանը 18 տարեկանը լրանալուն պես որոշել էր մեկնել բանակ ոչ թե երկու, այլ երեք տարով`ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով: Զորացրվելուց երեք ամիս առաջ նա զոհվեց Հադրութում` շրջափակման մեջ` զինակիցների ապահով հետնահանջըկազմակերպելու և վիրավոր ընկերներին օգնելու ժամանակ:
21-ամյա Պողոս Բաղդասարյանը հարազատներին չէր ասել, որ պատերազմի ժամանակ Ասկերանի իր զորամասից նախ տեղափոխվել էր Մարտունի, ապա Հադրութ ու մասնակցել ամենաթեժ մարտերին: Վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ ասել էր, թե ամեն ինչ լավ է, հանգիստ է, իրեն որեւէ վտանգ չի սպառնում, իսկ երբ մայրը հարցրել էր, թե այդ ինչ աղմուկ ու կրակոցներ են լսվում, ասել էր. «Մամ ջան, կրակոց չէ, փորս կգռգռա»:
«Ամեն օր էրեխու հետ խոսացել ենք: Վերջին զանգը հոկտեմբերի 15-ին էր: Զանգեց, երկու բառ խոսաց, լավ եմ, ամեն ինչ նորմալ ա, հետո կզանգեմ: Ու էլ զանգ չեղավ: 16, 17-ն անցան: 18 –ին արդեն մենք անհանգստացանք, զանգեցինք…հենց այդ ժամանակ ասեցին, որ Պողոսը զոհվել ա: Չէինք ուզում հավատալ, որ մեր երեխան չկա: Երկու ամիս շարունակ ման եկանք: Դեկտեմբերի 29-ին լուրն եկավ, 31-ին բերեցին: Անցած տարի Նոր տարուն ինքը տանն էր: Այս տարվա Նոր տարվա մեր նվերն էլ եղավ մեր էրեխեն»,-պատմում է մայրը` Քրիստինե Ասատրյանը:
Հորեղբայրը` Համազասպ Բաղդասարյանը նշում է, որ թեեւ իրենք չեն իմացել մանրամասներ, սակայն համոզված են եղել, որ զարմիկը գտնվում է պատերազմի ամենաթեժ կետերում. «Դա պարզ էր, քանի որ նա սիրում էր ռազմական գործը ու ինքն էր հարազատներին համոզել, որ անպայման երեք տարով պետք է գնա ծառայելու, ոչ թե երկու»: Պողոսի հետ տեղի ունեցածի մասին նրա հարազատներին պատմել են ողջ մնացած զինակիցները:
«Այդ տարածքում` Հադրութում մեր զինվորները եղել են երեսուն հինգ հոգով: Իրանց հրամանատարը վիրավորվել է, տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո Պողոսը իր ընկերների հետ` հինգ հոգով էդտեղ ղեկավարել են երեսուն հինգ հոգուն: Վերջ թշնամին շատ է եղել, տղերքը պաշտպանվել են: Պողոսը` հինգ հոգով թշնամուն պահել են, որ մյուսները կարողանան նահանջեն ու ողջ մնան: Պատերազմից հետ եկած տղերքը պատմում են, որ Պողոսն ու նրա հետ մնացածները իրենց աչքի առաջ են զոհվել»,- պատմում է զոհված զինվորի հորեղբայրը:
Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ փորձեր են արվել Պողոսին եւ նրա զինակիցների աճյունները հայտնաբերելու համար, սակայն ապարդյուն: Նրանք հայտնաբերվել են 2020 թ. դեկտեմբերի 27-ին միայն, երբ Կարմիր Խաչի աշխատակիցների հետ որոնողական աշխատանքներին է միացել Պողոսի մարտական ընկերներից մեկը:
Զոհված զինվորի հարազատներին փոխանցվել են նրա գրպաններում հայտնաբերված բոլոր իրերը` զինվորական գրքույկը, խաչը, նոթատետրը, լուսանկարներ, մանրադրամ եւ այլն: Խնամքով առանձնացնելով ու ուսումնասիրելով Պողոսի գրպանի պարունակությունը, հարազատները պարզել են, որ ողջ պատերազմի ընթացքում նրա մոտ եղել է 38 սրբապատկեր:
Անի Գևորգյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: