Այս տարվա հունվարին 20- ամյա ժամկետային զինծառայող Անանիա Արամյանը պետք է զորացրված ու վերադարձած լիներ տուն: Դրա փոխարեն գյուղում` տանից ոչ հեռու գտնվող գերեզմանատան զինվորական փոքրիկ պանթեոնում հայտնվել է նոր անուն:
Իր վաշտի 73 զինծառայողների հետ Անանիան 140 օր համարվում էր անհետ կորած: Եւ միայն ԴՆԹ հետազոտության միջոցով է, որ նրան հնարավոր է եղել գտնել դեռեւս դեկտեմբերին Հադրութում հայտնաբերված աճյունների մեջ:
Թե ինչ է տեղի ունեցել վաշտի տղաների հետ, ծնողներին պաշտոնապես չեն հայտնում: Իրականությունը պարզելու համար զինծառայողերի ընտանիքի անդամները իրենք են այցելել Արցախ, կապվել հրամանատարական կազմի ողջ մնացած անդամների հետ ու փորձել սեփական ուժերով վերականգնել ողբերգական իրադարձությունները:
Անանիայի հայրը` Սամվել Արամյանը պատմում է, որ իրենց հաջողվել է պարզել հետեւյալը.
« Հոկտեմբերի 11-ին նրանց ընդհանուր վաշտը Մարտունիից տեղափոխել են Հադրութ` որպես ամենամարտական ու կարգապահ վաշտ: Տեղափոխելուց ժամ, ժամ ու կես հետո խփել են նրանց ավտոն: Ով է ուղարկել, ոնց է ուղարկել… Պատճառը նրանք պետք է գտնեն, ես չպետք է գտնեմ… Գնացել են 9-րդ կոլցո, բայց մի քանի կմ ավել են գնացել, 4-5 կմ, մտել են թուրքերի մեջ: Սնարյադով խփել են էրեխեքի մեքենան ու կռիվը սկսել է: Կապ են տվել, ասել են, որ զինամթեր չունենք արդեն, ասել են` օգնություն, բայց օգնություն, ոնց հասկանում ենք, չի եղել: Ոչ էլ հետեւից գնացող է եղել: Ու նրանք, բոլորը մեկ ամիս, ամիս ու կես մնացել են այդտեղ, այդ տարածքում…էդպես: Դեկտեմբերի 4-5-ին են էդտեղի մտել ու մասունքները հավաքել»:
Զոհված զինծառայողի հայրն ասում է, որ չի ցանկանում մտածել, թե տղաներին նպատակային են ուղարկել մահվան. «Բայց չգիտեմ էլ ինչ ենթադրել: Եթե ինչ-որ մեկի անփությության հետեւանքով իմ երեխան է գնացել, զոհվել, հրամանատարը, ես չգիտեմ, ոնց է հիմա հանգիստ գիշերը քնում: Ինքը դրա համար պետք է պատասխան տա: Ես անգամ կասկածում եմ, որ մի օր կարող են ամբողջ եղածը ջարդեն մահացածներից մեկի վրա… բայց մեզնից ոչ ոք հանգիստ ձեռքերը ծալած չի նստելու»:
Պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը Անանիայի ավագ եղբայրը` Հայկը մեկնել էր Արցախ, որ մարտի դաշտում լինի կրտսեր եղբոր կողքին: Սակայն նրանք այդպես էլ չեն հանդիպել:
«Բոլորը խոսում էին մի դեպքի մասին, որ մի ամբողջ վաշտի զինվորների սպանել են: Հարցրի, ասեցի, պարզենք, տեսնենք որ վաշտն է, ասեցին` ոնց որ կամավորներ են: Մենք կապի խնդիր ունեինք, չէի կարողանում կապվել եղբորս հետ: Երբ արդեն իմացա, որ նա տան հետ մի քանի օր կապ չի ունեցել, հարցրի, հետաքրքրվեցի, այդ ժամանակ էլ պարզվեց, որ եղբորս վաշտն է»,- մեզ պատմեց Լեւոն Արամյանը:
Նա նշեց, որ անձամբ հանդիպել է եղբոր դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանի եւ գնդի Հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, փորձել է նրանցից պարզել տեղի ունեցածն ու վաշտի տղաների ճակատագիրը, սակայն ապարդյուն: «Ռուսների հետ անձամբ մենք ենք խոսացել, մի անգամ էլ Գոռին ենք տարել մեզ հետ, ասել ենք, թե ինչ, ոնց ուզում ես արա, աղաչի, խնդրի, գնացեք ման եկեք, գտեք էրեխեքին»,- պատմում էր Հայկը:
Զոհված զինծառայողի հարազատները նշում են, որ այս պահին ամենակարեւորը բոլոր զինվորների աճյունների հայտնաբերումն է:
«Ամեն օր Հերացիում ապրում ենք: Ամեն օր գնում գալիս ենք: Դեռ երեխաներից պակասում են, բոլորին չէ, որ գտել են: 73 հոգուց դեռ յոթ հոգու չեն գտել: Մենք ուզում ենք ամեն ինչ պարզվի: Գոնե իմանայինք, որ էրեխեքը մարտի ժամանակ զոհվել են, բայց տանես անիմաստ տեղը ինչի՞ համար մատաղ անես: Լույսի պես էրեխեք էին: Ընտրած, լավագույն պատրաստված զինվորներն էին ու բոլորը դա գիտեին: Հիմա մենք զբաղվում ենք երեխաներին գտնելու գործով: Իմ էրեխուն գտել են, մյուս ծնողինը` դեռ ոչ: Մենք ոչ մի ծնողի չենք ուզում մենակ թողել: Մի օր հոգեհանգստի ենք, մի օր թաղման ենք, մի օր դիահերձարանում ենք, բայց երբ այս ամենը ավարտվի մենք պատասխան ենք պահանջելու».-ասում է Սամվել Արամյանը:
Անանիա Արամյանը Արարատի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ, ցանկանում էր զբաղվել եռալեզու թարգմանությամբ, սակայն ուսումը սկսելուց չորս ամիս առաջ զորակոչվել էր բանակ:
«Տղաս մեծ երազանքներ ուներ, բանակից վերադառնալուն պես ուզում էր շարունակել ուսումը, լավ մասնագետ դառնար, բարձունքների էր ձգտում: Ասում էր` իմ ուզածին պետք է հասնեմ: Այն էլ չթողեցին տղուս: Եթե պատերազմը չլիներ, այսօր արդեն տղես զորացրված կլիներ, տանը կլիներ»,- ասում է Անանիայի մայրը` Հայկանուշ Սիմոնյան:
Անի Գևորգյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: