Քննիչներն ամեն ինչ անում են շարքային Վոլոդյա Գալոյանի սպանությունը չբացահայտելու համար

224

2019թ․ հուլիսի 24-ին, ժամը 04։20-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հադրութի զորամասի դիրքերից մեկի մոտ, դիտակետից շուրջ 50 մետր դեպի հակառակորդը, չեզոք գոտում, հայտնաբերվել էր 19 տարեկան ժամկետաին զինծառայող, շարքային Վոլոդյա Գակոյանի դին: Երիտասարադը հրազենային վիրավորում էր ստացել ծնոտի ստորին շրջանում: Կողքին ընկած էր ինքնաձիգը:

Անմիջապես սկսվեց քննություն քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության դրդելը»: Հետագայում փորձաքննությամբ պարզվեց, որ փամփուշտի մուտքի շրջանում հրազենային երկու խողովակներ կան, այսինքն, Գալոյանը սպանվել է նվազագույնը երկու կրակոցի հետևանքով՝ փաստ, որն ինքնստինքյան հերքեց ինքնասպանության վարկածը: Տղայի մարմնի վրա 22 վնասվածքներ են հայտնաբերվեցին՝ խոսուն վկայություն, որ նրան մահից առաջ տղային խոշտանգել են: Սակայն փաստերն անտեսելով, քննիչները մինչ օրս շարունակում են զինվորի  մահը ներկայացնել որպես սուիցիդ:

Գործի հանգամանքներին անդրադարձել ենք բազմիցս: Ըստ նախաքննական վարկածի, Գալոյանը  բջջային հեռախոսը տարել է դիտակետ, ինչը արգելված է: Այդ պատճառով վիճել է դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ռոլանդ Ստեփանյանի հետ, որից հետո իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ: Բայց Ստեփանյանը մտել է գետնատնակ և խուսափել է կրակոցից: Գիտակցելով իր արարքի հետևանքները, Գալոյանը հեռացել է չեզոք գոտի և ինքնասպան է եղել:

Իրավապաշտպան, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, փորձաքննական եզրակացություններն ուսումնասիրելով, բացահայտել է պաշտոնական վարկածի կեղծ լինելը: Ըստ նրա, Վոլոդյայի մահը վրա է հասել ոչ թե չեզոք գոտում, այլ բոլորովին այլ  վայրում: 

Գալոյանի դիակը թիկնոց-վրանի մեջ փաթաթված է եղել, դիակից քիչ այն կողմը գցված է եղել նրա զրահաբաճկոնը: Դեպքի վայրից ոչ մի պարկուճ չի հայտնաբերվել, ինչը անհավանական է, եթե տղան այդտեղ ինքնասպան է եղած լիներ: Մինչ օրս քննիչները չեն պարզաբանել նաև, թե ով է Գալոյանի մարմինը դրել վրան-թիկնոցի մեջ, իսկ զենքը նրա կողքին և ինչու նրա մարմնի շուրջ չի եղել արյան լճակ, որը պարտադիր պետք է առաջանար, գլխի շրջանում մի քանի միջանցիկ հրազենային վնասվածքների դեպքում:

«Սա նշանակում է, որ Գալոյանը սպանվել է, և սպանվել է  այլ վայրում», — եզրակացրել է տղայի  մահվան հանգամանքները ուսումնասիրող քրեագետ, իրավապաշպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, Գալոյանին ծեծել են խոշտանգել են, սպանել են, այնուհետև դիակը թիկնոց- վրանի մեջ դրած տարել- գցել են չեզոք գոտում ու հայտարարել են, թե, իբր Գալոյանը ինքնասպան է եղել: Ապա սպանված երիտասարդին երկու հոդվածներով ներգրավել են որպես մեղադրյալ՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը և սպանության փորձ:

Վոլոդյայի հարազատներին ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը ասում է.

«Վոլոդյա Գալոյանի գլխին պատճառվել է հրազենային մի քանի ոչ ընդհուպ կրակոցներ, դա խոսում է այն մասին, որ Վոլոդյա Գալոյանը, անգամ մեծ ցանկություն ունենալու դեպքում պարզապես չէր կարող ինքն իրեն նման վնասվածքներ պատճառել, քանի որ նրա ձեռքը կարող էր հասնել զենքի փողաբերանին, մինչդեռ ձգանին՝ ոչ, բացի այդ, նա ունեցել է շուրջ 3-5 օրվա, ինչպես նաև մահվանից ժամեր առաջվա, նույնիսկ մինչև մեկ օրվա վաղեմության բազմաթիվ վնասվածքներ՝ քերծվածքներ, սալջարդ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ մահվանից րոպեներ առաջ խոսել է իր մորեղբոր տղայի հետ, ում հայտնել է, որ դիրքի ավագի հետ ունի խնդիր, օգնության անհրաժեշտության մասին է հայտնել, այս ամենը հաստատում է միմիայն սպանության վարկածը՝ բացառելով ինքնասպանության կեղծ վարկածը»:

Նա բազմաթիվ միջնորդություններ է կատարել նախաքննության մարմնին, պահանջելով հայտնաբերել պակասող 11 պարկուճները, փորձաքննության ուղարեկել  Վոլոդյա Գալոյանի  զինվորական կիտելը և գուլպաները, քննել նրա վերնազգեստը, հագուստների  դատահետքաբանական փորձաքննություն նշանակել, դրանց վրա մեխանիկական վնասվածքներ, այլ խոսուն հետքեր հայտնաբերելու նպատակով, Գալոյանի հարազատներին հարցաքննելու, և այլն:

Միջնորդությունները կամ չեն բավարարվել, կամ բավարարվել են մեծ ուշացումներով: Պատասխանները տուժող կողմին չեն տալիս: Օրինակ, հագուստների հետ կապված  դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն նշանակելու պահանջը մերժվել է, պատճառաբանությամբ, թե արդեն իսկ կատարվել է նման փորձաքննություն: «Սակայն տուժող կողմը մինչ օրս չի ստացել նշված փորձաքննության եզրակացությունը և ծանոթ չէ դրա բովանդակությանը», — ասում է Խանում Մկրտչյանը:

 Մի առանձին միջնորդություն էլ նա ներկայացրել է  նշված եզրակացությունը ստանալու համար: Անցել է մեկ ամիս, և մինչ օրս նա պատասխան չունի:

Վերջերս էլ փաստաբանը ստացել է դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր հետմահու փորձաքննության եզրակացություն, որում էական հակասություններ է նկատել:  Հոգեբույժը եզրակացրել է, որ Գալոյանը գիտակից վիճակում է եղել, ադեկվատ, իսկ հոգեբանը ֆիքսել է, որ ամբողջ քննության ընթացքում չկան տվյալներ, թե Գալոյանը երբևէ ինքնասպանության վերաբերյալ մտքեր է արտահայտել:

«Երկրորդ կետով էլ, — ասում է Խանում Մկրտչյանը, — փորձագետը նշում է, որ Գալոյանը ադեկվատ չէր դատում, ինչը հակասում է հոգեբուժի եզրակացությանը՝ որ նա ադեկվատ էր և կարող էր հաշվետու լինել իր գործողությունների համար»: Այս հակասությունը Խանում Մկրտչյանը հույս ունի պարզել հերթական անգամ միջնորդություն ուղարկելով քննչական մարմնին:

Սյուզան Սիմոնյան

Հ.Գ  Զինծառայող Վոլոդյա Գալոյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է պահպանելով ինքնասպանության վարկածը և լուծում չտալով վերը նշված այս և այլ հակասությունների: Առաջիկայում կներկայացնենք զինծառայողի սպանության հետ կապված բոլոր այն խախտումները, որոնք տեղ են գտել ՀՀ քնչական կոմիտեի վարած նախաքննության ընթացքում:

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը